Նոր ՀՀՇ` հին դեմքերով կամ վերադարձ «հայրական տուն»

Նոր ՀՀՇ` հին դեմքերով կամ վերադարձ «հայրական տուն»

Մինչև աշուն հին նոր ՀՀՇ-ն դեռ շատ անելիքներ ունի, կգտնի՞ այն իր տեղը հայրենի քաղաքական արևի տակ, ցույց կտա ժամանակը

Հայոց Համազգային Շարժումը մի «տուն» է, որտեղից շատ մարդիկ են դուրս եկել: ՀՀՇ-ն լքվել է, «փակվել»: Հին ՀՀՇ-ականներ Արարատ Զուրաբյանը, Լևոն Իգիթյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Կարապետ Ռուբինայանն այս մտքից վիրավորված են. ինչ-որ մարդիկ որոշել են, որ պետք է լքել ՀՀՇ-ն, իսկ իրենք որոշել ենք վերադառնալ, իրենք առաջին օրվանից այդ «տան» անդամներն են եղել և իրավունքներ ունեն այդ «տան» նկատմամբ:

PanARMENIAN.Net - ՀՀՇ. Վերադարձ կուսակցության գաղափարախոսությանը

ՀՀՇ հիմնադրումից 25 տարի անց, երբ արդեն ՀՀՇ-ն որպես կուսակցություն գոյություն չունի և տարրալուծվել է վերջերս ստեղծված, և Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ Ազգային Կոնգրես կուսակցության մեջ, մի խումբ ՀՀՇ-ականներ որոշել են վերականգնել ու վերագրանցել այն: Մայիսի 14-ին ՀՀՇ-ի հին դեմքերը լրագրողներին հայտնեցին նոր ՀՀՇ-ի կազմավորման մասին: Արարատ Զուրաբյանը, Լևոն Իգիթյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Կարապետ Ռուբինայանն արդեն 200 համակիրների հետ սկսել են գործընթացը, քանի որ կարծում են` չպետք է թույլ տալ որ ՀՀՇ-ի գաղափարախոսությունը կորչի, և իրենց համարում են այդ գաղափարախոսության հետնորդն ու շարունակողը:

ՀՀՇ-ն արդեն 25 տարվա պատմություն ունի, ՀՀՇ-ի վերականգնման գործը սկսողները հույս ունեն, որ գոնե այդքան էլ կկարողանան աշխատել: ՀՀՇ-ն շարունակելու է պայքարել «Հայաստանում իշխող բռնապետական ռեժիմի դեմ և ձգտելու է երկիրը տանել դեպի սահմանադրական կարգ»:

ՀՀՇ 18-րդ համագումարին, երբ որոշվեց կուսակցությունը վերածել ՀԱԿ-ի, տեղի ունեցավ ֆորմալ անվանափոխություն, ասում է Արարատ Զուրաբյանը: «Տեղի ունեցավ նաև գաղափարախոսության փոփոխություն, ստացվեց, որ ՀՀՇ-ն շեղվում է իր գաղափարախոսությունից, կամ շեղվում է և իր մեջ ներառում է այնպիսի գաղափարախություն, որն իրենց համար ընդունելի չէ: «ՀՀՇ-ի իրավահաջորդը պետք է լինի կուսակցության գաղափարախոսության կրողը: Եթե ՀԱԿ մեր նախկին գործընկերները համարեն, որ իրենք են ՀՀՇ-ի իրավահաջորդը, կներեք բայց դա այդպես չէ»,- ասաց Արարատ Զուրաբյանը և ընդգծեց, որ այսօր ՀՀՇ-ի գաղափարախոսությունից նահանջ կա:

Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ վերագրանցված ՀՀՇ-ն կլինի Հայոց Համազգային Շարժման իրավահաջորդը ճիշտ այնպես, ինչպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Ալեքսանդր Արզումանյանը նաև անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ՀՀՇ-ն վերածվել էր «գեղի կլուբի» և հայտարարեց. «Մեծ փորձ չունեմ գեղի կլուբների հարցում, երբևե չեմ ղեկավարել դրանք, բայց մենք հպարտ ենք մեր անցյալով: Չի կարելի ասել` ես տեր եմ այս հատվածի համար, տեր չեմ այս հատվածին: Մենք ամբողջ ճանապարհի տերն ենք` թե հաջողությունների, թե ձախողումների»: Նա նշեց, որ այս կապակցությամբ որևէ մեկի հատուկ կարծիքը չեն լսել. «Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Բուշի, ոչ որևէ այլ նախկին նախագահի և հայտնի քաղական գործչի կարծիքը չենք հայցել»:

Իր հերթին Հովհաննես Իգիթյանը նշեց, որ պետք չէ նույնականացնել ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ այդ կուսակցության ձևավորումը եղել է ԽՍՀՄ փլուզման ժամանակներում ընթացող մի գործընթացի արգասիք: «ՀՀՇ- ն եղել է մի խումբ քաղաքական գործիչների միավորում, ոչ թե «գյուղական կլուբ»: Արարատ Զուրաբյանն էլ հիշեցրեց, որ ՀՀՇ առաջին նախագահը Վազգեն Մանուկյանն էր: Կարապետ Ռուբինյանը հայտարարեց, որ ՀՀՇ-ն ՀԱԿ-ի վերածողները Շարժման իրավահաջորդը չեն, ՀՀՇ-ի գերեզմանափորներն են:

Ամփոփելով կուսակցության վերաբացման նպատակները նախաձեռնողներն ընդգծեցին. «Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժման ակտիվ մասնակիցներ շարժման առաջին իսկ օրերից, լինելով ՀՀՇ կուսակցության հիմնադիր անդամներ, հավատարիմ մնալով ժողովրդավարության ու ազատականության արժեքներին, մեր անհամաձայնությունն ենք արտահայտել ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզից վտարելու, արհեստածին միավորով այն քողարկելու և ստվերելու փորձին, դա համարելով հրաժարում որդեգրած գաղափարախոսությունից ու սկզբունքներից և ոտնձգություն մերօրյա պատմության դեմ: Այս երևույթի, ինչպես նաև վերջին մի քանի տարիներին կուսակցության ներքին ժողովրդավարության խաթարման և անձնապաշտական մթնոլորտի արմատավորման պատճառով բազմաթիվ սկզբունքային կուսակցականներ դուրս են մղվել ՀՀՇ-ից: Մեր նպատակն է՝ վերագրանցելով կուսակցությունը և պահպանելով ՀՀՇ պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել Սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում, հասնել ժողովրդավարության և ազատական արժեքների հաստատմանը»:

ՀՀՇ. Վերագրանցման ճանապարհին

Կուսակցության վերագրանցման համար անհարաժեշտ փաստաթղթերը նախաձեռնողներն արդեն ներկայացրել են Արդարադատության նախարարություն: Քաղաքական ուժ ստեղծելու հմար պահանջվող մինիմալ 200 հոգին էլ միացել է դրան:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքով` գործընթացը երկար ժամանակ է պահանջում, սակայն հույս ունեն, որ մինչև աշուն կավարտեն աշխատանքները: «Մենք մի մեծ գործընթաց ենք սկսել, ծրագրել ենք կուսակցության հիմնադիր համգումարն անել սեպտեմբերի 14-ին, մինչ ադ կլինեն նախապատարստական աշխատանքներ, տարածքային կառույցների ձևավորում: Շատ մեծ աշխատանք կա անելու, լավ պատկերացնում ենք, ինչ մեծ գործ է: Շատերը քաղաքկան ուժ են ձևավորում մեկ-երկու ակցիայի համար, սակայն մենք պետք է լինենք հաստատուն և մնայուն»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

ՀՀՇ-ում լինելու է ներքին ժողովրդավարություն և մրցակցություն, բոլորը պիտի մրցակցեն նախագահ լինելու համար: ՀՀՇ-ի ղեկավարումը հնարավոր է լինի նաև ռոտացիոն տարբերակով կամ կոլեգիալ կառավարման ձևով:

Վերագրանցված ՀՀՇ-ի ֆինանսավորումը լինելու է բաց և թափանցիկ` անդամավճարի համակարգով: «Հայաստանի քաղաքական համակարգում կուսակցությունների մի մասին իշխանությունն է ֆինանսավորում, մի մասին` մեկ այլ կառույց, մենք գտել ենք ճանապարհը: Մեր ծախսերը պետք է հավասարազոր բաժանվեն մեր անդամների միջև»,- ներկայացրեց Արարատ Զուրաբյանը:

ՀՀՇ-ն բոլոր ազատական գաղափարախոսություն կրող կուսակցությունների հետ կունենա ջերմ հարաբերություններ, խնդիրների շուրջ պատրաստ են համագործակցել բոլորի հետ, պատրաստ են լսել տեսակետներ, քննարկել, բայց դա չպետք է հակասի իրենց գաղափարախոսությանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, ապա իրենք խնդիրների շուրջ քննարկումներ կանեն բոլորի հետ, այդ թվում՝ ՀԱԿ-ի: «Մարդիկ իրենք են ցանկացել անվանափոխել ՀՀՇ-ն, ես բարի երթ եմ մաղթում, մենք կփորձենք ապացուցել, որ մեր գաղափարախությունը ավելի ճիշտ է՝ հակասության մեջ չմտնելով, մենք հակասություն չունենք ընդդիմադիր դաշտի որևէ ուժի հետ: Մենք հանուն Հայաստանի ենք գործելու»,- ընդգծեց Արարատ Զուրաբյանը:

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ կուսակցությանը, եթե կիսում է դրա գաղափարներն ու տեսակետները:

Հին նոր ՀՀՇ-ն` Հայաստանի ընդդիմադիր դաշտում. վերլուծում է քաղաքագետը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ սա կլինի Հնչակյան կուսակցության վերակազմավորման նման մի բան: «Երբ նոր հնչակյաններ ի հայտ եկան, նրանք նույնացվեցին նախկին հնչակյաների հետ: Հիմա նույն կերպ ՀՀՇ-ի դեպքում` և նոր ՀՀՇ-ն, և ՀԱԿ-ը կնույնացվեն այն հին ՀՀՇ-ին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը և ավելացրեց,- «Եթե քննարկենք այն, որ նոր ՀՀՇ-ում են Կարապետ Ռուբինյանն ու Ալիկ Արզումանյանը, կասեմ, որ դա կլինի մասնատված, հին ՀՀՇ-ի ռադիկալ թևը, իսկ նոր ՀԱԿ-ը` Լևոն Զուրաբյանով ու Արամ Մանուկյանով` լիբերալ թևը: Բայց ասեմ, որ երկուսն էլ հաջություն չեն ունենա ու երկուսն էլ մարգինալներ կդառնան»:

Ըստ քաղաքագետի` այժմ մեկ տարբերություն կա` ՀՀՇ-ն` Կարապետ Ռուբինյանի թևը, կլինի արմատական: «Իսկ Ալիկ Արզումանյանը համոզված, որ միառժամանակ հետո կանցնի ուրիշ տեղ: Նա միշտ էլ աջ ու ձախ է գնում: Նա այն մարդկանցից է, որոնց Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իր թևի տակ պահեց ու հմայք տվեց, հետո այդ մարդիկ քաղաքականապես ու ֆիզիկապես մաշվեցին, իսկ հիմա վերակենդանանում ու փորձում են վերափոխումներ անել»,- եզրափակեց նա:

Մինչև աշուն հին նոր ՀՀՇ-ն դեռ շատ անելիքներ ունի, կգտնի՞ այն իր տեղը հայրենի քաղաքական արևի տակ, ցույց կտա ժամանակը: Ժողովուրդն էլ իր հերթին կտա իր գնահատականներն ու համապատասխան արձագանքները:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---