// IP Marketing video - START// IP Marketing video - END
Հայաստանյան սթարթափները. Որքան մասշտաբային ես մտածում, այնքան մեծ է շուկան

Հայաստանյան սթարթափները. Որքան մասշտաբային ես մտածում, այնքան մեծ է շուկան

Նոր բիզնեսի խնդիրը ոչ այնքան գումարի առկայությունն է, որքան սկսելու ձգտումն ու հաճախորդի հետ շփվելու ցանկությունը

Ցանկացած սկսնակ ընկերություն կամ այլ կերպ ասած սթարթափ առաջին հերթին երկրում բարենպաստ գործարար միջավայրի կարիք ունի: Կենդանի բնության նմանությամբ մասնագետներն այն անվանում են ձեռներեցական էկոհամակարգ` ցանկացած էկոհամակարգ բաղկացած է բոլոր անհրաժեշտ բաղադրիչներից, սակայն բաղադրիչներից մեկում խնդիրներ առաջանալու դեպքում կարող է փլուզվել ամբողջ շղթան: Ճիշտ նույն կերպ բիզնես սկսելու ու վարելու էկոհամակարգը բաղկացած է բոլոր անհրաժեշտ բաղադրիչներից: Հիմնականներն են օրենսդրական բազան և կոռուպցիայի մակարդակը, սակայն երբեմն հաշվի են առնվում այնպիսի չափանիշներ, որոնց մասին սկսնակ գործարարը նույնիսկ չի էլ մտածում: Օրինակ, ցանկացած բիզնես էլեկտրաէներգիայի ծախս է պահանջում, ուստի յուրաքանչյուր սկսնակ ձեռնարկություն պետք է հաշվի առնի թե որքան ժամանակ է պահանջում էլեկտրականության անցկացումը, ինչ բյուրոկրատական մեխանիզմներ կան, ինչ փաստաթղթեր են հարկավոր և այլն: Օբյեկտիվորեն, ելնելով հիմնական չափանիշներից, Հայաստանը բավականին լավ դիրքեր ունի, եթե խոսելու լինենք բիզնեսի գրանցման մասին, ինչն այսօր կարելի է անել ընդամենը 1-2 օրում` նախկինում դա բավականին բարդ էր ու կապված թղթատարության, քաշքշուկի ու բյուրոկրատիայի հետ: Չկան խնդիրներ նաև էլեկտրաէներգիայի անցկացման հարցում: Սթարթափների համար չափազանց կարևոր է ինտերնետ-միացման արագությունն ու ծածկույթը` այս առումով էլ մեր երկրում ամեն ինչ բարեահաջող է: Սակայն կան բաղադրիչներ, ոչ պակաս կարևոր, որոնց դեպքում, ցավոք, արդեն խնդիրներ են առաջանում:

PanARMENIAN.Net - Իմանալու համար, թե հատկապես ինչի պակաս ունեն այսօր սթարթափները Հայաստանում, PanARMENIAN.Net ը զրուցել է փորձագետ, Startup Armenia կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Հայկ Ասրիյանցի հետ:

«Նախ նշենք, որ գաղափարների առումով Հայաստանը խնդիր չունի: Գործարարական ջիղը հայերի մոտ պատմականորեն զարգացած է. սա գաղտնիք չէ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Սակայն խնդիր կա նման գործունեության մեկնարկի դեպքում. գաղափարները թևածում են օդում, սակայն հեղինակները չգիտեն, թե ինչից սկսեն: Այդ տեսակետից խնդիրների արմատը պետք է որոնել կրթական համակարգում, որը թեև տալիս է հարաբերականորեն ամբողջական գիտելիքներ, ինչը գլխավոր պայմանն է սեփական բիզնես սկսելու ցանկության առաջացման համար, սակայն չի հուշում, թե հատկապես ինչից է պետք սկսել: Ավելի կոնկրետ, խնդիրն այն է, որ մեր դպրոցներում երեխաներին չեն սովորեցնում ձեռներեցություն»,-ասել է մեր զրուցակիցը:

Ժամանակակից սթարթափների մեծ մասը տեխնոլոգիական են, իսկ որպեսզի դրանք գործեն, հարկավոր են ծրագրավորողներ, խոշոր ընկերություններին, որոնք զբաղվում են տեղեկատվական տեխնոլոգիաներով, հենց այս պահի դրությամբ պետք են բարձր որակավորում ունեցող ծրագրավորողներ, մշտապես թափուր տեղեր կան: Կա այդ մասնագիտության տեր մարդկանց մշտական պահանջարկ: Այսինքն մեր կրթական համակարգը չի ապահովում մասնագետների այն ծավալն ու որակը, որոնք այսօր անհրաժեշտ են այդ ընկերություններին:

«Արևմուտքում, նույն ԱՄՆ-ում, նոր միտում կա` դպրոցներում երեխաներին ծրագրավորում են դասավանդում: Անհրաժեշտ են իրական քայլեր, որպեսզի Հայաստանի կրթական համակարգում երկու պարտադիր առարկա ավելանա. ձեռներեցություն և ծրագրավորում: Առաջինի ուսուցումը կարելի է սկսել արդեն 5-6 դասարաններում, թեև Եվրոպայում նման ուսուցման փորձ կա նույնիսկ մանկապարտեզներում: Ինչ վերաբերվում է ծրագրավորմանը, ապա շատերը կարծում են, որ դա շատ բարդ է, սակայն այժմ կարելի է սովորել այդ մասնագիտությունը բավականին պարզ մեթոդաբանության օգնությամբ, քանի որ մշակվել են ծրագրավորման հիբրիդային լեզուներ, որոնք թույլ են տալիս ծրագիր ստեղծել շարահյուսության օգնությամբ»:

Ըստ մասնագետի, այսօր սթարթափները զգում են նաև դպրոցներում տնտեսական կրթության պակասը` դա և հաշվապահությունն է, և ֆինանսները, և շուկայի, և նրա աշխատելու մեխանիզմների լավ ըմբռնումը: Տնտեսագիտությունն ուղղակի դուրս է մնացել դպրոցական ուսումնական ծրագրերից:

Հաջորդ անհրաժեշտ բաղադրիչը ներդրումներն են: Հայաստանում գործում է առաջին վենչուրային «Գրանատուս Վենչուր» հիմնադրամը, որի ներդրումային նվազագույն շեմը 50 հազար դոլարն է: Սակայն ժամանակակից հայկական սթարթափերին շատ ավելի քիչ գումար է հարկավոր, չէ որ վենչուրային հիմնադրամը ֆինանսավորում է ավելի զարգացած ընկերություններ: Հայաստանում այսօր քիչ են այսպես կոչված «էմբրիոնալ հիմնադրամները» (անգլ. Early Stage Funds` «Վաղ շրջանի հիմնադրամներ»), որոնք սկսնակ ընկերություններին դրամական միջոցներ են տրամադրում 5-15 հազար դոլարի սահմաններում, որոնք առավել քան անհրաժեշտ են զարգացման, նոր սարքավորումների ձեռք բերման, նոր աշխատակիցների վարձակալության և այլ խնդիրների լուծման համար: Օբյեկտիվորեն սկսնակ ընկերությունն այնքան զարգացած չէ, խոշոր ներդրումներ անելու համար:

Մյուս կողմից կա այսպես կոչված «բիզնեսի հրեշտակների» համակարգի ստեղծման անհրաժեշտություն: «Բիզնեսի հրեշտակները» (Angel Investor) մասնավոր ներդրողներ են, որոնք միջոցներ են ներդնում սկսնակ ընկերություններում ստեղծման փուլում` ներդրումների վերադարձման և կապիտալում մասնաբաժնի դիմաց: «Անշուշտ, պատահում է, որ ունեվոր մարդը, որին հետաքրքրել է կոնկրետ առաջարկը, ներդրումներ է անում, սակայն մեզ մոտ չկա այն ցանցը, որտեղ առանձին «բիզնես հրեշտակները» փոքր միջոցներ կտրամադրեն, իսկ արդյունքում կկուտակվի ընկերության համար անհրաժեշտ գումարը: Արևմուտքում դա թեև նոր, սակայն արդեն տարածում ստացած միջոց է. հիմնականում այդպիսի գործընկերը, ուղղակի հավատալով գործընկերոջն ու գաղափարին, անհատույց գումար է տրամադրում, շահույթ չհետապնդելով»,-նշում է Ասրիյանցը:

Պակասում են նաև սթարթափ-ակսելերատորները` սկզբնական փուլում բիզնեսին աջակցող մոդելները, որոնք ենթադրում են նախագծի ինտենսիվ զարգացում ամենասեղմ ժամկետում: Շուկա արագ դուրս գալու համար ապահովվում են ներդրումները, ենթակառուցվածքները, փորձագիտական և տեղեկատվական աջակցությունը: Այսօր Հայաստանում գործում է Microsoft ընկերության նորարարական կենտրոնի բիզնես-ակսելերատորը, որը նորացվել է 2015-ի հունվարին: Այնտեղ աշխատում են հիանալի թիմեր գերազանց գաղափարներով, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ կենտրոնի ռեսուրսները սահմանափակ են, և ծրագրում այժմ գործարկված է ընդամենը 7 թիմ: Փորձագետը վստահ է` անհրաժեշտ է մեծ բիզնես-ակսելերատորներ ստեղծել, որոնք կես տարվա ընթացքում կկարողանան սպասարկել ոչ թե 7, այլ 70 թիմ: Հայաստանի սթարթափները դրա կարիքը շատ ունեն: Նա ասել է, որ մի քանի շաբաթ առաջ մասնավոր ներդրումների շնորհիվ Երևանում աշխատանքն է սկսել Startitup Center նոր բիզնես-ակսելերատորը, սակայն դա բավարար չէ:

«Սթարթափների զարգացման կարևոր բաղադրիչն է այսպես կոչված սոցիալական ձեռնարկատիրությունը` գործարարությունը, որն ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը կամ մեղմացմանը: Գերազանց օրինակ կարող է ծառայել Kolba Labs սթարթափ ինկուբատորը, որը տրամադրում է բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու փորձագիտական աջակցությունը սկսնակ ընկերություններին` և արդեն կան հաջողակ թիմեր: Բացի այդ կա նաև The Impact Lab-ը, սոցիալական ինկուբատորի է վերածվում Ереван 2.0 ծրագիրը և այլն: Այսինքն սոցիալական ոլորտում ռեսուրսների և գաղափարների պակաս չկա, սակայն նախագծերն ունեն մոնետիզացիայի խնդիր առավել շահութաբեր դառնալու համար` բուն խնդիրը այնպիսի մոդելների որոնումն է, որոնք սոցիալական խնդիրների լուծումից բացի, նաև եկամուտ տան: Սակայն անեկամտաբերությունը բխում է հենց սոցիալական ձեռնարկատիրության տրամաբանությունից և ներքին շուկայի ծավալներից` հիմնականում այդպիսի նախագծերը չեն կարող ինքնաֆինանսավորվող լինել, զարգացում ապահովելու համար»:

Ասրիյանցը նաև այնպիսի բաղադրիչ է նշում, ինչպիսին քրաուդֆանդինգն է` դա մարդկանց (դոնորներ) կոլեկտիվ համագործակցությունն է, որոնք կամավոր միավորում են իրենց փողերը կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, ինտերնետի միջոցով` սատարելու համար այլ մարդկանց կամ կազմակերպությունների (շահառուների) ջանքերին սատարելու համար: Միջոցների հավաքագրումը կարող է տարբեր նպատակներ ունենալ, այդ թվում նաև սթարթափների և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորում, ազատ ծրագրային ապահովման ստեղծում, շահույթի ստացում համատեղ ներդրումներից և այլն: Այսօր գոյություն ունեն բավականին հաջողված հայկական նախագծեր ինչպես օտարերկրյա հարթակներում, ինչպես օրինակ Kickstarter և Indiegogo-ում, այնպես էլ հայկական` վերջինների դեպքում ստեղծվում են հայկական նախգծերի ցուցակներ, որոնք հետո ֆինանսավորում են ստանում:

Բավականին կարևոր բաղադրիչ է այսպես կոչված co-working-ը (թարգմանաբար` համատեղ աշխատողներ). Աշխատանքի մոդել է, որտեղ մասնակիցները, մնալով անկախ ու ազատ, օգտագործում են ընդհանուր տարածքն իրենց գործունեության համար: Մասնավորապես, co-working-ը բավականին տարածված է ֆրիլանսերների, հեռահար սկզբունքով աշխատողների` թարգմանիչների, ծրագրավորողների, դիզայներների ու սկսնակ ձեռնարկատերերի համար: Co-working-ը միջանկյալ դիրք է զբաղեցնում տնայնագործության և առանձին գրասենյակի օգտագործման միջև: Երևանում բացվել է The Loftկենտրոնը, որն ինչ-որ առումով co-working է, ինչպես նաև UtopianLab, որն արդեն լիարժեք co-working կենտրոն է: Կարելի է նշել նաև SaryanTumanyan բիզնես-ինկուբատորը co-working ձևաչափով: «Դրանք բավականին փոքր են, սակայն Հայաստանում կան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ծրագրավորողներ, դիզայներներ, ճարտարապետներ, լուսանկարիչներ, որոնք սեփական գրասենյակը չունեն: Նրանց ստեղծարար տարածք է պետք գաղափարներ փոխանակելու, համագործակցելու համար, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել: Co-working-ը կարելի է համատեղել բիզնես-ակսելերատորների կամ բիզնես-ինկուբատորի հետ, որտեղ իրենց սեփական թիմերից բացի, կաշխատեն նաև այլոք»,-հավելել է փորձագետը:

Ինչ վերաբերում է ներքին շուկաների ծավալներին, սթարթափների համար դա կարևոր չէ, եթե նրանք մասշտաբային են մտածում` ոչ միայն Հայաստանի շրջանակում: Հատկապես նորարարական սթարթափերի համար շուկան հսկայական է, փակ սահմանները չեն խանգարում լիարժեք զարգացմանը. հարկավոր է միայն ինտերնետ, սերվերներ ու ծրագրավորողներ: Սակայն մեծ մասն աշխատում է B2C (Business-to-consumer` բիզնես սպառողի համար) մարքեթինգային սխեմայով` այս եզրույթով են նշում կոմերցիոն փոխգործակցությունը կազմակերպության (Business) և մասնավորի, այսպես կոչված «վերջնական» սպառողի (Consumer) հետ: Սակայն, սա զարգացման լավագույն տարբերակը չէ: Սթարթափները պետք է աշխատեն B2B սխեմայով (Business to business` բիզնես բիզնեսի համար), թեև դա բարդ է և այստեղ ավելի սուր է մրցակցությունը: Տեղեկատվական և տնտեսական փոխգործակցության այս տեսակն իրականացվում է իրավաբանական անձանց միջև, որոնք աշխատում են ոչ թե վերջնական շարքային սպառողի համար, այլ նույնպիսի ընկերությունների, այսինքն մեկ այլ բիզնեսի համար: Նման սխեմայով կարելի է ստեղծել նոր ուղղություն, պրոդուկտ և շուկա, որոնք անհրաժեշտ են կորպորատիվ հաճախորդին, սակայն որոնց մասին դեռ ոչ ոք չէր մտածել կամ չէր կարողացել իրականացնել:

«Հայաստանում կան նման սթարթափների լավ օրինակներ` նույն Teamble-ը, որն արդեն հաճախորդներ և ամերիկացի ներդրողներ ունի, նրանք արդեն շահույթ են ստանում: Ընդամենը 3 տարի առաջ դա դեռ գաղափար էր, իսկ այսօր դա լիարժեք սթարթափ է, որովհետև ռիսկի գնաց և աշխատեց B2B սխեմայով և հաջողության հասավ»: Թվարկվեցին բազում խնդիրներ, սակայն գլխավորն, ըստ Ասրիյանցի, այն է, որ սթարթափներն ամենավաղ շրջանում արդեն սկսում են մտածել միայն ներքին շուկայի մասին, մոռանալով, որ ամբողջ աշխարհն է շուկա` միլիարդավոր հաճախորդներով: Բայց պետք է ավելի լայնախոհ լինել:

«Մենք, մեր հերթին, օգնում ենք թիմ ստեղծել, բիզնես-մոդել կառուցել, հասկանալ, թե որն է քո շուկան և քո սպառողը, հաշվարկել ծախսերը: Սակայն մի բան է կարևոր` սկսելու համար ընդմաենը պետք է սկսել: Սա է մեր փիլիսոփայությունը, քանի որ սթարթափները բովանդակության հետ խնդիրներ չունեն: Նոր բիզնեսի խնդիրը ոչ այնքան գումարի առկայությունն է, որքան սկսելու ձգտումն ու հաճախորդի հետ շփվելու ցանկությունը: Այնպես որ Հայաստանում բիզնես սկելու տեսակետից կան հիանալի հնարավորություններ: Միայն ցանկություն է հարկավոր»:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո
Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը
 Բաժնի այլ նյութերը
ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում
100 օրվա տնտեսություն Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են