Ինչպես 1916-ին գերմանական Ռայխստագում տապալվեց Ցեղասպանության մասին քննարկումը

Ինչպես 1916-ին գերմանական Ռայխստագում տապալվեց Ցեղասպանության մասին քննարկումը

ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է ցեղասպանության վերաբերյալ քննարկում կազմակերպելու առաջին փորձը, որն արվեց դեռևս Կայզերական Գերմանիայում՝ Ցեղասպանության օրերին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին Գերմանիայի դաշնային նախագահ Յոախիմ Գաուկը, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու խորհրդարանի բոլոր խմբակցություններն իրենց ելույթներում հայերի ոչնչացումը միակարծիք որակեցին ցեղասպանություն՝ միաժամանակ վկայակոչելով այդ պատմական իրադարձություններում Գերմանական ռայխի դերը: Փաստաթղթի մեկ միասնական նախագիծ այդ օրերին, այնուամենայնիվ, չընդունվեց՝ քվեարկությունը հետաձգվեց մինչև ամառ:

PanARMENIAN.Net - Հարցը քննարկելու և տեղի ունեցածը գերմանական խորհրդարանում որպես ցեղասպանություն որակելու փորձեր եղել են նաև նախկինում: ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է առաջին նման քննարկման փորձը, որն արվեց դեռևս Կայզերական Գերմանիայում՝ Ցեղասպանության օրերին:

Ռայխսթագի պատգամավոր, Գերմանիայի կոմունիստական կուսակցության ապագա համահիմնադիր Կարլ Լիբկնեխտը 1915-ի դեկտեմբերի 20-ին գրավոր հարցումով դիմել էր ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգին՝ տեղեկանալու, թե արդյոք Գերմանիայի կառավարությանը հայտնի են դաշնակից Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող զանգվածային ջարդերի փաստերը: 1916-ի հունվարի 11-ին Ռայխսթագի 13-րդ գումարման 26-րդ նիստում հնչեցրած պատասխանը և Ռայխի պատգամավորների բուռն հակազդեցությունը փաստում են, որ այն ժամանակ Գերմանիայի կառավարության և կառավարամետ պատգամավորների համար հումանիստ Լիբկնեխտի կողմից բարձրացվել էր գերմանական կառավարության քիմքին ոչ հաճո հարցապնդում:

Կարլ Լիբկնեխտի գրավոր հարցումն ու հարցման վերաբերյալ տեղի ունեցած կարճ քննարկման սղագրությունը

Համար 187, գրավոր հարցում համար 12

Պատգամավոր Կարլ Լիբկնեխտը դիմում է ռայխսկանցլերին:

Տեղյա՞կ է արդյոք ռայխսկանցլերը, որ ներկայումս ընթացող պատերազմում դաշնակից թուրքական կայսրությունում հայ բնակչությունը հարյուրհազարներով իրենց բնակատեղիներից վտարվում և ոչնչացվում է:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկել պարոն ռայխսկանցլերը, որ դաշնակից թուրքական իշխանության մեջ արթնանա ապաշխարելու անհրաժեշտությունը, որպեսզի Թուրքիայում հայ ժողովրդի մնացյալ հատվածի դրությունը մարդկային արժանապատվությանը վայել կարգավորվի, ու նման արհավիրքների կրկնությունը կանխվի:

Բեռլին, 20 դեկտեմբերի 1915թ.

Հատված Ռայխսթագի 13-րդ գումարման 26-րդ նիստի սղագրությունից. Բեռլին,1916-ի հունվարի 11

Նախագահ.Անցնում ենք օրակարգին: Օրակարգի առաջին մասը կազմում են գրավոր հարցումները: Առաջինը հարցումը համար 12-ն է (տպագիր՝ թիվ 187): Հարցումը ներկայացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին:

Դոկտոր Լիբկնեխտ, պատգամավոր. Տեղյակ է արդյոք ռայխսկանցլերը, որ ներկայումս ընթացող պատերազմում դաշնակից թուրքական կայսրությունում հայ բնակչությունը հարյուրհազարներով իրենց բնակատեղիներից վտարվում և ոչնչացվում է: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել պարոն ռայխսկանցլերը, որ դաշնակից թուրքական իշխանության մեջ արթնանա ապաշխարելու անհրաժեշտությունը, որպեսզի Թուրքիայում հայ ժողովրդի մնացյալ հատվածի դրությունը մարդկային արժանապատվությանը վայել կարգավորվի, ու նման արհավիրքների կրկնությունը կանխվի:

Նախագահ.Հարցմանը պատասխանելու համար խոսքը տրվում է կայզերական դեսպանորդ, արտաքին գերատեսչության քաղաքական բաժնի խմբի ղեկավար դոկտոր ֆոն Շտումին:

Դոկտոր ֆոն Շտում, կայզերական դեսպանորդ, արտաքին գերատեսչության քաղաքական բաժնի խմբի ղեկավար. Պարոն ռայխսկանցլերը տեղյակ է, որ Բարձր Դուռը, ելնելով հակառակորդի խռովարար խարդավանքներից, ստիպված է հայ բնակչությանը թուրքական տիրապետության որոշ տարածքներից տեղահանել և նրանց նոր բնակավայրեր ուղարկել: Ձեռնարկած վերոհիշյալ միջոցառումների պատճառով առաջացած որոշակի հետևանքներն այժմ գերմանական ու թուրքական կառավարությունների միջև մտքերի փոխանակման առիթ են դարձել: Մանրամասները տեղեկացման ենթակա չեն:

Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ.Ես խնդրում եմ իրավունք տալ լրացում կատարել հարցմանը: (Դահլիճում աշխուժություն է տիրում):

Նախագահ. Հարցումը լրացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին:

Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ.Հայտնի՞ է պարոն ռայխսկանցլերին, որ պրոֆեսոր Լեփսիուսը Թուրքիայի հայերի ուղղակի ոչնչացման մասին է խոս… (Նախագահի զանգը: Զեկուցողը փորձում է շարունակել խոսքը: Դահլիճից հնչում են «Լռությու՛ն, լռությու՛ն» բացականչություններ):

Նախագահ.Պարո՛ն պատգամավոր, սա նոր հարցում է, որը ես չեմ կարող թույլատրել:

Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ.Պարո՛ն նախագահ, անցե՛ք կանոնակարգին: Խնդրեմ, կանոնակարգը:

Եթե պարոն նախագահը հարցումը մինչև վերջ լսեր, ի վիճակի կլիներ որոշել (դահլիճում կրկին աշխուժություն է սկսվում), արդյոք խոսքը նոր հարցման մասին է, թե ոչ: Ի դեպ պետք է ընդգծել, որ պարոն նախագահն ինքնակամ չվճռեց (կրկին լսվում են բացականչություններ), որ նոր հարցում է առաջադրված, այլ դահլիճի արձագանքից ելնելով:

Նախագահ.Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ, ես արգելում եմ իմ կանոնակարգի նկատմամբ նման քննադատություն: (Բուռն ծափահարություններ): Անցնում ենք օրակարգի հաջորդ գրավոր հարցմանը…

ArmenianGenocide100.org
 Ամենաընթերցվողը բաժնում
Զուրաբիշվիլիի այցը բացահայտեց հարաբերությունների կնճիռները
Երևանն ու Բաքուն կոշտացնում են դիրքորոշումը ԼՂ հարցում
Որոնք են ՀՀ համար Իրանում վատագույն սցենարի ամենաակնհայտ ռիսկերը
Պանդեմիան հաղթահարելու չինական մեթոդը՝ հայ երիտասարդի աչքերով
 Ուշադրության կենտրոնում
Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ

Կալիֆոռնիայի ուսանողների լուռ բողոքի ցույցը՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով

 Բաժնի այլ նյութերը
Ինչպես ավարտվեց Բանգլադեշի հայ համայնքի պատմությունը Դաքայում հայկական եկեղեցի ու գերեզմանոց կա, բայց հայ չկա
«Այսքան թեժ դեռ չէր եղել» ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի առճակատումը նոր քարտուղարի հարցի շուրջ
«Ամերիկյան երազանքի» այլընտրանքը Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են