«Գինի լից». Որքան խմիչք է արտադրվում Հայաստանում, ու սպառնում է արդյոք մեզ ալկոհոլիզմը

«Գինի լից». Որքան խմիչք է արտադրվում Հայաստանում, ու սպառնում է արդյոք մեզ ալկոհոլիզմը

Որքա՞ն ալկոհոլ են ներմուծում, արտահանում և արտադրում Հայաստանում, ու որքա՞ն են խմում հայերը

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների ամենահետաքրքիր նորություններից մեկը, թերևս, Հայաստանում վիսկիի արտադրության մասին տեղեկությունն էր: 4 ամսում արտադրվել է ավելի քան 187.000 լիտր վիսկի, որն արտահավում է Իրաքյան Քրդստան: PanARMENIAN.Net-ն ի մի բերեց, թե որքան ալկոհոլ են ներմուծում, արտահանում և արտադրում Հայաստանում, ու որքան են խմում հայերը:

PanARMENIAN.Net - 2014 թվականի ընթացքում Հայաստանն արտադրել է 123.338 մլրդ դրամի ($297 մլն) ալկոհոլ: Դա կազմում է արդյունաբերության ամբողջ ծավալի ավելի քան 10%-ը: Երկրում արտադրվել է 9.5 մլն լիտր օղի, 18.7 մլն լիտր կոնյակ, 6.1 մլն լիտր գինի, 23.7 մլն լիտր գարեջուր, 634 հազար լիտր շամպայն:

Նույն ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել ավելի քան 2.8 մլն լիտր գարեջուր՝ $2.7 մլն մաքսային արժեքով, մոտ 288 հազար լիտր տարբեր տեսակի գինի՝ մոտ $1.32 մլն մաքսային արժեքով, և ավելի քան 7.6 մլն լիտր այլ խմիչք՝ մեծ մասամբ, թունդ ալկոհոլ, $41,6 մլն մաքսային արժեքով: Ընդհանուր առմամբ, ներմուծվել է մոտ $45.7 մլն դոլարի ալկոհոլ: Միևնույն ժամանակ, Հայաստանից արտահանվել է մոտ $178 մլն դոլարի ալկոգոլ, որի առյուծի բաժինը՝ գրեթե 165 մլն, բաժին է ընկնում թունդ ալկոհոլին, մոտ 6.3 մլն՝ գինուն, մնացածը՝ ալկոհոլի այլ տեսակներին:

Շա՞տ են խմում հայերը, թե՝ քիչ: Հարցին մասնակի պատասխան է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ Global Status Report on Alcohol and Health զեկույցում: 2014 թվականին լույս տեսած փաստաթղում Հայաստանի մասիյն ամենաթարմ տվյալները 2010-ի են: Ըստ դրանց՝ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանից հետո եվրոպական տարածաշրջանի ամենաքիչ խմող երկիրն է: ՀՀ-ում մեկ շնչի հաշվարկով տարեկան սպառվում է 5.3 լիտր բացարձակ ալկոհոլ՝ (միջինը Եվրոպայում՝ 10.9 լիտր), իսկ միայն 15 տարեկանից բարձր ազգաբնակչությունը հաշվի առնելով՝ 8.3 լիտր:

Ըստ հետազոտության, Հայաստանում երբեմն հարբում է տղամարդկանց ավելի քան 37%-ն ու կանանց մոտ 2.3%-ը: Նշենք, սակայն, որ հեղինակները հարբեցողություն են համարում 30 օրվա ընթացքում 60 մլ մաքուր ալհոհոլ միաժամանակ օգտագործելը, ինչը մոտավորապես հավասար է 150 մլ օղու կամ 450 մլ (3 գավաթ) գինի օգտագործելուն: Միաժամանակ, տղամարդկանց 18 ու կանանց 56, կամ ընդհանուր բնակչության 36%-ն ալկոհոլ առհասարակ չի օգտագործում:

Մեջբերված թվերը բավականին լավ ցուցանիշներ են: Օրինակ, կրկին բարվոք իրավիճակում գտնվող հարևան Վրաստանում մեկ շնչին սպառվում է տարեկան 7.7 լիտր բացարձակ ալկոհոլ, իսկ միայն 15 տարեկանից բարձր ազգաբնակչությունը հաշվի առնելով՝ 21.2 լիտր՝ հայաստանյան ցուցանիշից 3 անգամ ավելի: Բնաչության 2.1%-ն ունի ալկոհոլային կախվածություն, 39%-ի մոտ ալկոհոլն առողջական խնդիրներ է առաջացրել:

Համեմատության համար՝ հարբեցողության «տխուր ռեկորդ» սահմանած Բելեռուսում սպառում են միջինը 17.5 լ բացարձակ ալկոհոլ, ռեգուլյար հարբում է տղամարդկանց ավելի քան 47, կանանց՝ ավելի քան 7%-ը, բնակչության 16%-ը տառապում է ալկոհոլից առաջացած հիվանդություններով, այդ թվում 11%-ն՝ ալկոհոլիզմով:

Սակայն զեկույցի որոշ կետեր մտահոգիչ են՝ Հայաստանը մոտենում է խմիչքից առաջացված հիվանդությունների ու ալկոհոլիզմի միջին եվրոպական ցուցանիշին: Այսպես, ալկոհոլի չարաշահումից առողջության խաթարումներ ունեն տղամարդկանց 8.6 և կանանց 1.9, կամ ընդհանուր բնակչության 5.3%-ը (միջինը Եվրոպայում՝ 7.3%): Այդ թվում՝ ալկոհոլային կախվածություն ունի տղամարդկանց 5.5%-ը, կանանց 1.4%-ը, ընդհանուր բնակչության՝ 3.4%-ը (միջինը Եվրոպայում՝ 4%): Զեկույցը նաև մանրամասնում է՝ այս կամ այն կերպով ալկոհոլի հետ է կապված Հայաստանում մահացության 2.5%-ը:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---