39  13.07.15 - 12-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կարմիր գորգն ու բացումը
13  13.07.15 - Հանդիպում իտալացի դերասանուհի Օռնելա Մուտիի հետ. 12-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոն
12-րդ «Ոսկե ծիրանը». Օռնելա Մուտին ու Նաստասյա Կինսկին,  ծիրանի օրհնությունն ու Մալյանի աստղի բացումը

12-րդ «Ոսկե ծիրանը». Օռնելա Մուտին ու Նաստասյա Կինսկին, ծիրանի օրհնությունն ու Մալյանի աստղի բացումը

Փառատոնի առաջին օրը նաև Մուտիի հանդիպումն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ

Հուլիսի 12-ին Երևանում մեկնարկել է տարածաշրջանի հեղինակավոր փառատոներից մեկը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

PanARMENIAN.Net - Կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին բացման առթիվ ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը: Հենց այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգևում», - նշել է նախագահը:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ փառատոնը լինելու է կինոաշխարհի նոր բացահայտումների հարթակ, որը կամուրջներ է կապելու տարբեր մշակույթների միջև, խրախուսելու է քաղաքակրթությունների երկխոսությունը:

Իրադարձության մեկշաբաթյա ընթացքը սկսվել է մամուլի ասուլիսներով, որոնց ընթացքում ժամանակ իրենց ֆիլմերը ներկայացրել են Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե և Սոնա Քոչարյանները («Ինչպես անցնել Ջիլիզից Ջիլիզ»), Վահրամ Մխիթարյանը («Հովվի երգը»), Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը («Հատանցում»):

Ծիրանի օրհնությունը

Օրվա երկրորդ կեսին կայացել է «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող` ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կամակերպվել էր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում: Եկեղեցական կարգը գլխավորել է Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Օռնելա Մուտի

Փառատոնի առաջին օրը նաև իտալացի ճանաչված կինոդերասանուհի Օռնելա Մուտիի հանդիպումն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ:

Կինոփառատոնի պատվավոր հյուրը ներկայացրել է Հայաստանի այցելությունից ստացած առաջին տպավորությունները։ Նա նշել է, որ չնայած առաջին անգամ է Հայաստանում, լսել է երկրի մասին ռուս ընկերուհուց, որն ամուսնացել է հայի հետ։

Հարցին, թե ինչ է իր համար երջանկությունը, գեղեցկությունը և ոճը, Մուտին պատասխանել է.

«Երջանկությունը ներսում վերապրած պահերն են, ներդաշնակությունը։ Մարդը ծնվում է ուրախության համար»:

Դերասանուհին խոստովանել է՝ որպես հաճոյախոսություն է ընդունում հարցերն, թե ինչպես է պահպանել գեղեցկությունը, սակայն ինքը, ցանկացած կնոջ պես, մտահոգվում է, որ ծերանում է, գրում է Newsarmenia.am-ը:

Խոսելով ստեղծագործական ծրագրերի մասին` դերասանուհին պատմել է, որ աշխատում է մի քանի նախագծում, այդ թվում` Ռուսաստանում, ինչպես նաև բաց է հայ ռեժիսորների և դերասանների հետ գործակցության համար։ Փառատոնի շրջանակում կկայանա Օռնելա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:

1982-ին նկարահանված «Սվանի սիրո» հեղինակը գերմանացի ռեժիսոր Ֆոլքեր Շլյոնդորֆն է: Մուտին նաև նկարահանվել է նշանավոր իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերերի և Դինո Րիզիի ժապավեններում: Հայ հանդիսատեսին դերասանուհին առավել ծանոթ է «Կամակոր մարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն:

Հենրիկ Մալյանի աստղը

Որպես «Ոսկե ծիրան»-ից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի այլ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բացվել է նաև կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակը հավերժացնող աստղը: Այն հուշաստղերի շարքում վեցերորդն է:

Վարպետի աստղը բացել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու Հենրիկ Մալյանի դուստրը` Նարինե Մալյանը։

«Այսօր Մալյանի աստղի ծննդյան զարմանահրաշ օրն է։ Աստղը կդառնա ոչ միայն մեր ժողովրդի զարդը, այլև` վարպետի նկատմամբ մեր սիրո արտահայտումը, որի ֆիլմերը սիրված են բազմաթիվ սերունդների կողմից»,- ասել է Մանսուրյանը:

Բացման ֆիլմ

Աստղի բացման արարողությանը հաջորդել է 12-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան եղել է 2015-ին Կաննի կինոփառատոնում, մասամբ անդրադառնում է ցեղասպանության թեմային և պատմում վերապրածների սերնդի մասին:

«Երկար ժամանակ ցանկացել եմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Իրականում ցանկացել եմ նկարել այնպիսի ֆիլմ, որը հայկական իրականությունը ներկայացնող ռեզյումե կլիներ», - ասել է Գեդիգյանը:

Իր ֆիլմում ռեժիսորը միավորում է Մարսելի աշխատող դասի սոցիալ-ռեալիստական ժամանակագրությունը և իր հայրական արմատները՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության շարունակական ազդեցությունը տեղահանված սերունդների վրա: Ֆիլմը պատմում է Արամ անունով երիտասարդի մասին, որն 80–ականներին Մարսելում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան։ Պատահական անցորդ, երիտասարդ հեծանվորդ Ժիլ Տեսզիրը լուրջ վնասվածքներ է ստանում: Արամը Մարսելից փախչում է Բեյրութ, իսկ հեծանվորդը որոշում է գտնել նրան, ում մեղքով վնասվածքներ է ստացել։

Ֆիլմի անգլալեզու վերնագիրը 1980-ականներին հայտնի ֆրանսիացի երգչուհի Ֆրանց Գալի երգերից է: Իսկ որպես հիմնական նյութ ծառայել է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի ինքնակենսագրական վեպը: Իսպանացի հեղինակը կիսով չափ անշարժունակ էր 1981-ին Մադրիդում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կազմակերպած ռումբի պայթյունից: Իր բուժման ընթացքում նա հետազոտում էր Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն ու տեղահանումը՝ մարդկության դեմ այն հանցագործությունը, որը Թուրքիան ցայսօր հերքում է: Իր հետազոտության արդյունքում՝ Գուրիարանը դարձել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող ակտիվ մտավորականներից մեկը:

Գեդիգյանը պատմել է, որ ֆիլմի սցենարի մի քանի տարբերակներ են եղել, ի վերջո կանգ է առել այս մեկի վրա:

«Հարկավոր էր պատմել Հայոց ցեղասպանության մասին, հայ մոր կերպարի մասին, որը ֆիլմի մեջ ընդունում է իր որդու զոհողությունը, իսկ հետո մի փոքր գլոբալացնելով ֆիլմը՝ հայի պատմությունը դարձնել պատմություն մի ամբողջ ազգի», - ռեժիսորի խոսքերը մեջբերում է Panorama.am-ը:

Գեդիգյանը գլխավորում է փառոտոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին:

Բացման արարողություն

Կինոփառատոնի պաշտոնական բացումը կայացել է երեկոյան, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երեկոն վարում էին ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանն ու աշխարհահռչակ օպերային երգիչ Ժերարդ Փափազյանը:

Արարողությունը սկսվել է վերջերս կյանքից հեռացած լեգենդար եգիպտացի դերասան Օմար Շարիֆի հիշատակը հարգելով, սակայն լռության րոպեի փոխարեն հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է դերասանին, որը «Մայրիկ» ֆիլմում մարմնավորել էր ցեղասպանությունից փրկված հայի կերպարը: Բացմանը ներկա էր նաև կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որին դահլիճը ևս հոտնկայս է ողջունել:

Այս տարի փառատոնի արտամրցութային ծրագրերից մեկը կոչվում է «Այլևս երբեք…» և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկաներին պատմել է Ավրորա Մարդիգարյանի զարմանալի ճակատագրի մասին, որը փրկվել է կոտորածից և 1919-ին նկարահանվել հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում՝ հիմնված նրա հիշողությունների վրա: Բեմում էր նաև Մարդիգարյանի ճամպրուկը, որով նա ճանապարհորդել է աշխարհում՝ ներկայացնելով իր ֆիլմը:

Դեմոյանի ելույթից հետո ցուցադրվել է «Հոգիների աճուրդ» ֆիլմից պահպանված մի հատված: Ցուցադրությունն ուղղեկցվել է «Հովեր» երգչախմբի ելույթով: Հավանաբար, դա երեկոյի ամենահուզիչ մասն էր:

Արարողության ընթացքում հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո բեմ են բարձրացել երեկոյի գլխավոր գեղեցկուհիներն ու համատեղությամբ փառատոնի պատվավոր հյուրերը՝ Նաստասյա Կինսկին և Օռնելա Մուտին, որոնց հանձնվել են Փարաջանովի անվան հատուկ մրցանակը:

«Այստեղ գտնվելը քաղցր հեքիաթ է», - ասել է Կինսկին:

Մուտին, իր հերթին, փառատոնն անվանել է զարմանալի՝ հույս հայտնելով ապագայում ևս մասնակցել դրան:

Նաստասյա Կինսկիին` դերասան Կլաուս Կինսկիի դստերը, համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը (1979): Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակիր «Փարիզ, Թեքսաս»-ը: «Ոսկե ծիրան»-ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Կինսկիի ֆիլմերին` «Թեսս» (Ռոման Պոլանսկի),«Փարիզ, Թեքսաս» (Վիմ Վենդերս), «Մարիայի սիրեցյալները» (Անդրեյ Կոնչալովսկի):

Ողջույնի խոսքով ելույթ են ունեցել նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ու արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեծ կինոյով, և ընդհանրապես՝ արվեստով, հայերս հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Այսօր անչափ կարևոր է ցուցադրել մեր կինոմշակույթը և վերջինիս միջոցով` մեր ձգտումները, աշխարընկալումն ու ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար «Ոսկե ծիրան»-ի առաքելությունը չի սահմանափակվում կինոմատոգրաֆիկ նշանակությամբ. կինոփառատոնը կարևոր քայլ է աշխարհի մշակութային քարտեզի վրա Հայաստանի ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ: Տասնամյա մեր ընկերությունն արդեն տասներորդ անգամն է աջակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին», - ասել է Յիրիկյանը:

Խաչատրյանն ու Յիրիկյանը հայտարարել են փառատոնը բացված՝ արդեն իսկ նախանշելով հաջորդի մասին:

Փառատոնն այս տարի ստացել է մոտ 1600 հայտ 105 երկրից, ինչը վկայում է աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014-ին ստացվել էր 1500 հայտ մոտ 95 երկրից): 12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում կիրականացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» և «Այլևս երբեք»: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

6  12.07.15 - Ծիրանօրհնեքի արարողություն 12-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման շրջանակում
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---