Հայկական մշակույթն աշխարհի թանգարաններում.  Ամերիկայի հայկական թանգարան

Հայկական մշակույթն աշխարհի թանգարաններում. Ամերիկայի հայկական թանգարան

Ամերիկայի հայկական թանգարանում պահվում է մոտ 20.000 նմուշ

Հայկական մշակույթը հազարամյակների հարուստ պատմություն ունի: Տարբեր պատճառներով հայկական նյութական մշակույթի բազմաթիվ նմուշներ տարածվել են աշխարհով մեկ և այժմ պահպանվում ու ցուցադրվում են տարբեր երկրների թանգարաններում:

PanARMENIAN.Net - ALMA. Ամերիկայի հայկական թանգարանը (Armenian Museum of America, ALMA) ստեղծվել է վերջին 3.000 տարվա ընթացքում հայ ժողովրդի մշակույթը, պատմությունը, արվեստը հավաքագրելու, պահպանելու, ներկայացնելու համար:

Թանգարանը նախկինում կոչվել է Ամերիկայի հայկական գրադարան և թանգարան: Հիմնադրվել է դեռևս 1971-ին, երբ մի խումբ հայեր նախաձեռնեցին հայերեն գրքերի ու հայկական եկեղեցուն պատկանող տարբեր իրերի հավաքագրումը Մասաչուսեթս նահանգի Բելմունտ քաղաքում: 1985-ին, երբ արդեն հավաքվել էր հարուստ հավաքածու, այն ներկայացվեց հանրության դատին: Իր ներկայիս հասցե ALMA-ն տեղափոխվեց 1988-ին՝ զբաղեցնելով քաղաքի կենտրոնում գտնվող չորսհարկանի շինություն: 2013 –ին թանգարանը վերանվանվել է և կոչվում է Ամերիկայի հայկական թանգարան՝ ի նշան որպես խոշոր թանգարանի դրա կարգավիճակի ճանաչման։ Թանգարանի նպատակն է հավաքել և պահպանել հայկական մշակութային արժեքները, ապահովել դրանց փոխանցումը հաջորդ սերունդներին։

Թանգարանում պահվում է մոտ 20.000 նմուշ՝ այդ թվում հնադարյան և միջնադարյան հայկական մետաղադրամներ, ազգային տարազներ, գործվածքներ, հայկական գորգեր, ուրարտական արվեստի նմուշներ, եկեղեցական պարագաների հավաքածուներ, ձեռագրեր, նոտաներ, քարտեզներ, լուսանկարներ։

Ձեռագրերի հավաքածուի նմուշներ

Թանգարանի հավաքածուն մշտապես ընդլայնվում է։ Այն խոշոր հավաքածուներ է ձեռք բերել Բեդուկյանների ընտանիքից, մեծ թվով նշագրված հայկական գորգեր՝ Արթուր Գրեգորյանից, Ղարաբյան ընտանիքից՝ Կյութախիայի խեցեգործական ապրանքներ։ Թանգարանը նաև ձեռք է բերել լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հավաքածուն:

Թանգարանն ունի 13-19 դդ. 20 նկարազարդ ձեռագրի և ձեռագիր մատյանիփոքր հավաքածու: Այն ներառում է հիմնականում վանքերում ստեղծված կրոնական բնույթի աշխատություններ (ավետարաններ, շարակնոցներ, աղոթագրքեր), ինչպես նաև աստղագիտությանը, գուշակությանը, դիվաբանությանն ու այլ ոլերտներին առնչվող գրքեր:

Թանգարանում պահվում է մետաղադրամների հարուստ հավաքածու, որի նմուշները հիմնականում նվիրաբերված են Փոլ Բեդուկյանի կողմից: Այն իր մեջ ներառում է կլասիցիզմի, միջնադարյան և ժամանակակից ժամանակաշրջանների գրեթե 5.000 մետաղադրամ:

Հավաքածուն հարստացել է WALTER & Laurel Karabian Collection-ի և այլ կոլեկցիոներների և մասնագետների ներդրումի շնորհիվ:

Մետաղադրամների հավաքածուի նմուշներ

Մետաղադրամների նմուշները բաժանված են 7 խմբի. Արտաշեսյանների և Երվանդունիների շրջանի մետաղադրամներ, ինչպես նաև հունական, հռոմեական և պարսկական ծագման մետաղադրամներ, միջնադարյան մետաղադրամներ Կիլիկիայի հայկական թագավորությունից, Բյուզանդական և արաբական մետաղադրամներ, Ռուսական և Օսմանյան կայսրությունների, Առաջին հանրապետության, Խորհրդային հանրապետության և Երրորդ հանրապետության մետաղադրամներ, ժամանակակից արժույթներ՝ մետաղադրամների ու թղթադրամների տեսքով, Հայաստանում ու Սփյուռքում թողարկված հուշադրամներ ու մեդալներ:

Հայկական թանգարանի խեցեղենի նմուշներից առավել նշանակալի են Walter & Laurel Karabian Collection and Paul & Vicky Bedoukian հավաքածուների խեցեղեները:

Խեցեղենի հավաքածուի նմուշներ

Դրանցում ներառված են նեոլիթյան դարաշրջանի խեցեղեն ամանների բեկորներ, ինչպես նաև 15-ից 19-րդ դարերում հայ արհեստավորների կողմից ստեղծված խեցեղեն, 20-րդ դարի նմուշներ Երուսաղեմից, ժամանակակից կերամիկա Հայաստանից, հոբելյանական նմուշներ ԱՄՆ-ում, Թուրքիայում, Իրանում, Ճապոնիայում հայկական համայքներից:

Թանգարանում պահվում են փոստային նամականիշեր Խորհրդային Հայաստանից, Առաջին և Երկրորդ հանրապետություններից: Ինչպես նաև հատուկ նամականիշեր ՝ թողարկված Հայաստանում հատուկ առիթներով (Սուրբ Ծնունդ, Զատիկ և այլն):

Թանգարանի գորգերի հավաքածուն համարվում է առավել ընդգրկունը Հյուսիսային Ամերիկայում, այն ներառում է ավելի քան 300 գորգ և գործվածք: Նրանցից 114 գորգն Արթուր Գրեգորյանի հավաքածուից են:

Գորգերի հավաքածուից

Գրադարան. Թանգարանի Մեսրոպ Բոյաջյանի անվան հետազոտական գրադարանում առկա է մոտ 30.000 անուն գիրք հայերեն, անգլերեն և այլ լեզուներով, պարբերականներ, պաստառներ, ձայնասկավառակներ, փաստաթղթեր և քարտեզներ։ Գրադարանի հպարտությունը և առավել նշանակալից նմուշը 1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմածների ձայնագրության հավաքածուն է։

Թանգարանն ստեղծել է շարժական մի շարք ցուցահանդեսներ, որոնցից հիմնական երեքը կրում են «Ովքեր են հայերը», «Կամավոր» և «Հայոց շարունակվող ցեղասպանություն. մահ, հերքում և պղծում» անվանումները։

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---