«Խելացի գրասենյակ» փոքր ու միջին բիզնեսի համար. Գյումրիի ստարտափը մշակում է ավտոմատացման մատչելի համակարգեր

«Խելացի գրասենյակ» փոքր ու միջին բիզնեսի համար. Գյումրիի ստարտափը մշակում է ավտոմատացման մատչելի համակարգեր

Գոյություն ունեն բազմաթիվ նույնատիպ լուծումներ, որոնց արժեքը բարձր է, և չինական մատչելի պրոդուկտ, որի արտադրողը ոչ մի աջակցություն չի ապահովում

Ներկա պայմաններում բիզնեսի հաջողության աստիճանը կախված է աշխատանքային գործընթացի կառավարման ժամանակակից միջոցների ներդրումից: Սակայն, նորարար լուծումների մեծ մասը հիմնականում կիրառվում է խոշոր ձեռնարկություններում և չի ներդրվում փոքրերում բարձր արժեքի պատճառով: Օգտվելով մատչելի միկրոհամակարգիչներից և ազատ ծրագրային ապահովումից` Գյումրիում գործող Brick Evolution սկսնակ ընկերությունը մշակում է ծրագրային ապարատային մի համակարգ, որը թույլ կտա փոքր ու միջին ձեռնարկություններին օգտվել նույնատիպ նորարար լուծումներից: Օգտվելով թիմի մշակած հարթակներից` կարելի է ստեղծել ավտոմատացման ամենատարբեր համակարգեր:

PanARMENIAN.Net - Սկսնակ ընկերության հիմնադիր Արմեն Ղազարովը PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմել է, որ Brick Evolution-ը ստեղծվել է 2015-ի գարնանը համաֆինանսավորվող 85-տոկոսանոց դրամաշնորհի շրջանակներում, որը տրամադրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը տեխնոլոգիական լուծումների մրցույթի արդյունքում, որն անց է կացվում Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Տեղական և համաշխարհային շուկայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բիզնեսի համար նախատեսված նորարար լուծումները և ավտոմատացման համակարգերը մատչելի են հիմնականում խոշոր ձեռնարկություններին և մեծ ներդրումներ են պահանջում: Ստարտափի թիմը որոշ ձևափոխումների շնորհիվ կարողացել է մշակել մի պրոդուկտ, որը կարող է բավարարել շուկայի մեծ մասի պահանջներին: Ստեղծվել է Brick Evolution հարթակը, որի հիման վրա այս ընթացքում մշակվել է 3 տարբեր պրոդուկտ` ծրագրային ապարատային լուծումներ, որոնք նախատեսված են փոքր ու միջին բիզնեսի համար:

Առաջին հարթակը կոչվում է VoiceBrick, որը թվային ավտոմատ հեռախոսակայան է: Այսպիսի համակարգում օգտագործվում է ոչ թե կանալների կոմուտացիան, այլ փաթեթների, իսկ փոխադրիչը IP պրոտոկոլն է: Զանգերն իրականացվում են նախապես ձայնագրված ձայնային IVR հաղորդագրությունների համակարգի միջոցով, որը կատարում է զանգերի երթուղիչի դերը call-կենտրոնի ներսում: Ըստ էության, սա կոմպակտ սարք է, որը կառավարում է գրասենյակ մտնող և դուրս եկող զանգերը:

Երկրորդ` SensorBrick հարթակը բազմաֆունկցիոնալ ինդիկատոր է, որը հավաքում և վերլուծում է տեղեկությունները տարածքի խոնավության, ջերմաստիճանի և այլ ցուցիչների մասին: Օգտատերերը կարող են լինել արխիվները և ընկերոթյունները, որոնք սերվերային սենյակներ կամ սերվերային պահարաններ ունեն: Ջերմաստիճանի կամ օդի խոնավության կտրուկ տատանումները կարող են վնասակար լինել սերվերային տեխնիկայի համար: Գրաֆիկական ինտերֆեյս ունեցող սարքը ժամանակին ի հայտ է բերում այս փոփոխությունները և իրազեկում է աշխատակազմին sms-հաղորդագրության կամ այլ միջոցով: Ընդ որում, ջերմաստիճանի, ճնշման կամ այլ ցուցիչների նորման սահմանում է ինքը օգտատերը»,-պատմել է զրուցակիցը:

Երրորդ պրոդուկտը` PowerBrick-ը, գրասենյակում էլեկտրաէներգիայի կառավարման համակարգ է, որի օգնությամբ հոսանքին միացած բոլոր սարքերը կմիանան և կանջատվեն այն հաջորդականությամբ և օրվա այն ժամերին, որոնք կսահմանի օգտատերը: Դա վերաբերվում է նաև գրասենյակի արտաքին լուսավորությանը, որը ավտոմատ կերպով կմիանա և կանջատվի սահմանված ժամին: Սարքը միանում է էլեկտրաէներգիայի գլխավոր աղբյուրին և թույլ է տալիս հստակ վերահսկել և տնտեսել այն գրաֆիկական ինտերֆեյսի միջոցով: Մարդկային գործոնն այս դեպքում նվազագույնի է հասցվում:

«Սարքի որոշ մասեր, ավելի կոնկրետ` մայր պլատան բերվում է արտասահմանից, քանի որ այսօրվա դրությամբ Հայաստանում չկա այն արտադրելու հնարավորություն: Չնայած դրան, ձեռք բերված պլատան ձևափոխվում է ըստ նոր գործառույթների: Ինչ վերաբերվում է ծրագրային բաղադրիչին, ապա այն ընկերությունը զրոյից է մշակել: Նույնը կարելի է ասել նաև սարքի արտաքին տեսքի մասին: Ընկերությունը գործում է Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, որի 11 անդամներից 8-ը գյումրեցի ուսանողներ են»,-ասել է Ղազարովը:

Ստարտափն արդեն գործարք է կնքել որոշ ընկերությունների հետ, առաքումները կսկսվեն հենց որ բոլոր երեք սարքերը պատրաստ լինեն: Ըստ Brick Evolution-ի հիմնադրի, ընկերությունը հիմնականում կողմնորշված է արտաքին շուկային` այդ նպատակով այն արդեն գրանցվել է եվրոպական առևտրային հարթակներում: «Հայաստանում առկա խնդիրը ընդհանուր է համաշխարհային շուկայի համար: Առաջարկվում են մեծ քանակությամբ նույնատիպ լուծումներ, որոնց արժեքը բարձր է, և չինական մատչելի արտադրանքը, որի արտադրողը ոչ մի հետադարձ կապ չի ապահովում օգտատերի համար:

Brick Evolution-ը կորդեգրի հաճախորդներին էլեկտրոնային փոստով կամ հեռախոսակապով աջակցելու տարբերակը: Մյուս առաձնահատկությունը, որը չունեն մրցակիցները, անհատական մոտեցումն է յուրաքանչյուր հաճախորդին: Ծրագրային ապահովման ճկունության շնորհիվ օգտատերը, ստանալով սարքի բազային հենքը, կարող է ըստ ցանկության նոր գործառույթներ ավելացնել տարբեր կողմնակի ցուցիչների տեսքով:

Ղազարովը պատմել է, որ ապագայում ստարտափը կսկսի ERP աշխատանքային գործընթացների կառավարման համակարգի և աշխատանքային գործընթացների օպտիմալացումը: Դա կլինի արտադրության և աշխատանքային ռեսուրսների, ֆինանսական մենեջմենթի և ակտիվների կառավարման գործողությունների ինտեգրման կազմակերպչական ռազմավարություն: Համակարգն ուղղված է ձեռնարկության ռեսուրսների անընդմեջ հավասարակշռմանը և օպտիմալացմանը` կիրառական ծրագրային ապահովման հատուկ ինտեգրված փաթեթի միջոցով, ապահովելով տվյալների և գործընթացների ընդհանուր մոդել գործունեության բոլոր ոլորտների համար: Համաշխարհային շուկայում հետաքրքրությունն այդ համակարգերի հանդեպ գնալով աճում է:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---