ՏՏ-ն ընդդեմ սուպերմարկետների. Ով է ավելի շռայլ հարկեր մուծում

ՏՏ-ն ընդդեմ սուպերմարկետների. Ով է ավելի շռայլ հարկեր մուծում

ՀՀ ֆինանսների նախարարությունն ամեն տարի հրապարակում է 1000 խոշոր հարկատուների ցանկը` դասավորելով դրանց հերթականությունն ըստ մուծած հարկերի ծավալի:

Ցանկը, սակայն, մի առանձնահատկություն ունի. ընկերությունների մուծումների զգալի մաս են անուղղակի հարկերը` ԱԱՀ-ն ու ակցիզը, մաքսատուրքը, տարատեսակ այլ տուրքեր: Դրանք, վերջին հաշվով, իրականում վճարում է գնորդը, քանի որ դրանք ներառվում են ապրանքի վերջնական գնի մեջ:

PanARMENIAN.Net - Բուն ընկերությունն իր և իր աշխատողների գրպանից վճարում է ուղղակի հարկերը` շահութահարկն ու աշխատողների եկամտահարկը: Երբ հարկատուների «ռեյթինգը» վերահաշվարկում է ըստ վճարած ուղղակի հարկերի ծավալների, պարզվում է, որ որոշ խոշոր հարկատուներ այդքան էլ «խոշոր» չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Մասնավորապես, 2015 թվականի արդյունքներով ցանկի 4-րդ հորիզոնականում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որին են պատկանում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն ու որը մի շարք ապրանքատեսակների գծով գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունի: Ընկերությունն ընդամենը վճարել է 18,255 մլրդ դրամ հարկեր: Դրանցից առյուծի բաժինը, սակայն, կազմել են ԱԱՀ-ն, ակցիզային հարկը, մաքսատուրքը և այլ տուրքեր, որոնք ընկերությունը, փաստացի, ներառում է վաճառվող ապրանքի վերջնական գնի մեջ, վերցնում գնորդից ու փոխանցում պետությանը: Ուղղակի հարկերը (եկամտահարկ, շահութահարկ), կազմել են 1,281 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով ընկերությունը գտնվում է ընդամենը 34-րդ տեղում` պաշտոնական 4-րդի փոխարեն:

Նմանատիպ պատկեր է նաև այլ ցանցի`«Սաս գրուպի» դեպքում: Ընկերությունը մոտ 862 մլն դրամ հարկերով 136-րդ հորիզոնականում է ֆինանսների նախարարության ցանկում, սակայն ընդամենը 202-րդը` ուղղակի հարկերի ծավալով (195 մլն դրամ): «Կրպակն», ընդհակառակը, 333-րդ հորիզոնականից բարձրանում է 227-րդ հորիզոնական (ընդամենը հարկեր` 347,5 մլն դրամ, որից ուղղակի հարկեր`175,2 մլն դրամ): «Մաջիդ ալ Ֆութաիմ Հայփերմարկեթս»-ը, նույն ինքը` «Կարֆուր» սուպերմարկետը, 125-րդ հորիզոնականից բարձրանում է 78-րդ հորիզոնական (մոտ 949 մլն դրամ ընդամենը հարկեր, որոնցից ուղղակի հարկեր`մոտ 552 մլն):

Գումարային վերոնշյալ սուպերմարկետները վճարել են մոտ 2,204 մլրդ դրամ ուղիղ հարկեր:

Հազար խոշոր հարկատուների ցանկում առկա են մի քանի տասնյակ ՏՏ ոլորտի ընկերություններ, ներառյալ տեղական կազմակերպություններ ու արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր` «Synopsys»-ը, «Mentor Graphics»-ը, Oracle-ը, One Market Data,-ն, National Instruments-ը, VMWARE-ը, Picsart-ը, CQG-ն, Instigate-ն ու բազմաթիվ այլ ընկերություններ: Վճարած ուղղակի հարկերի մեծությամբ ամենախոշոր ՏՏ ընկերությունը «Synopsys»-ն է, որը վճարել է 1,537 մլրդ դրամ ուղղակի հարկեր` ավելի շատ, քան «Սաս գրուպն» ու «Ալեքս Գրիգն» իրար միասին: Միայն PAN-ի հաշված առաջին 21 ընկերությունները գումարային վճարել են 5,139 մլրդ դրամ ուղղակի հարկեր` գերազանցելով Հայաստանի խոշորագույն սուպերմարկետների ընդհանուր ցուցանիշը մոտ 3 մլրդ դրամով կամ գրեթե 2,5 անգամ: Հետևությունները թողնում ենք ընթերցողին և հայկական տնտեսության զարգացման համար պատասխանատու անձանց:

Կարդացեք նաև. Զինվել համբերությամբ, մերժել կարծրատիպերը. Ինչ մարտահրավերներ են ծառացած հայկական ստարտափերի առջև

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---