Ապրիլյան կինոպրեմիերաների հնգյակը

Ապրիլյան կինոպրեմիերաների հնգյակը

«Ջունգլիների գրքից» մինչև «էլվիսն ու Նիքսոնը»

Չնայած կինոքննադատների սառը ընդունելությանը, Զաք Սնայդերի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույսին» բլոկբաստերն ընդամենը 4 օրում գրեթե կես միլիարդ դոլար է վաստակել համաշխարհային մակարդակով: Հսկան շարունակում է իր հաղթական երթը մարտի վերջից` սպառնալիք ներկայացնելով նույնիսկ ապրիլի կինոպրեմիերաների համար: Ուոլթ Դիսնեյի ստուդիան հսկայական հույսեր է կապում «Ջունգլիների գրքի» նոր կինոադապտացիայի հետ, իսկ Universal-ը հուսով է, որ կկարողանա վաստակել «Սպիտակաձյունիկն ու որսորդը» պրիկվելի վրա: Սակայն «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը կարող է բավականին վնասել այդ պոտենցիալ հիթերի հասույթին:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով կինոցանկին` PanARMENIAN.Net –ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք ապրիլին կցուցադրվեն Երևանի կինոթատրոններում:

«Ջունգլիների գիրքը» (օրիգինալ անվանումը` The Jungle Book)

Արկածներ, դրամա, ֆենտեզի, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Ջոն Ֆավրո

Դերերում` Նիլ Սեթի, Բիլլ Մյուրեյ, Բեն Քինգսլի, Քրիսթոֆեր Ուոքեն, Իդրիս Էլբա, Սքարլեթ Յոհանսոն

Պրեմիերան Երևանում ապրիլի 7-ին

Ուրախ հաստլիկ Ջոն Ֆավրոն մանկական ստեղծագործությունը լարված և հետաքրքրական գործողության վերածելու զարմանալի ունակություն ունի: Պատմությունն այնպես ներկայացնելու ունակությունը, որպեսզի այն հետաքրքիր լինի ցանկացած տարիքի լսարանի համար, անհերքելի առավելություն է այնպիսի բարդ գործում, ինչպիսին դասական դիսնեյական մուլտիֆիլմի կինոադապտացիան է: Որբուկ Մաուգլիի մասին Քիպլինգի անմահ վեպը, որին ջունգլիներում մեծացնում են գայլերը, արջն ու սև հովազը, արդեն նոր հազարամյակի իրողության մեջ վերածնվելու բոլոր շանսերն ունի: Համակարգչային տեխնոլոգիաների բուռն զարգացումը թույլ է տվել անիմացիոն գազաններին գրեթե իրականից չտարբերվող դարձնել, իսկ դեբյուտանտ Նիլ Սեթին Մաուգլիի դերում զարմանալիորեն նման է իր մուլտիպլիկացիոն անալոգին:

«Արծիվ» Էդդին» (օրիգինալ անվանումը` Eddie the Eagle)

Սպորտային դրամա, կենսագրություն, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, 2016 թ.

Ռեժիսոր` Դեսթեր Ֆլեթչեր

Դերերում` Հյու Ջեքման, Թերոն Էջերթոն, Ջո Հարթլի

Պրեմիերան Երևանում ապրիլի 7-ին

Երիտասարդ բրիտանացի դերասան Թերոն Էջերթոնը հիանալի իրեն դրսևորեց աղմկահարույց «Kingsman. Գաղտնի ծառայություն» լրտեսական կատակերգությունից հետո: Այդպիսով, դերասանը ցույց տվեց, որ չնայած արտաքինին, նա միտված է բարդ դերերի և մտադիր չէ մասնակցել միայն «երիտասարդական նախագծերին»: «Արծիվ» Էդդին» ֆիլմում Էջերթոնը մարմնավորել է էկրանին լեգենդար բրիտանացի դահուկորդ Մայքլ Էդվարդսին, որը Մեծ Բրիտանիայի առաջին ներկայացուցիչն էր ձմեռային Օլիմպիական խաղերում տրամպլինից թռիչքի մարզաձևում: Չնայած մշտական անհաջողություններին` Էդվարդսի անունը հայտնի դարձավ կյանքի հանդեպ դրական վերաբերմունքի և ամեն անգամ, ձախողումներից անկախ, ոտքի կանգնելու ու առաջ գնալու շնորհիվ:

«Սպիտակաձյունիկն ու որսորդը 2» (օրիգինալ անվանումը` The Huntsman: Winter's War)

Ֆենտեզի, արկածներ, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Սեդրիկ Նիկոլյա-Տրոյան

Դերերում` Քրիս Հեմսվորթ, Շարլիզ Թերոն, էմիլի Բլանտ, Ջեսիկա Չեսթեյն, Նիկ Ֆրոսթ

Պրեմիերան Երևանում ապրիլի 14-ին

Ռուպերտ Սանդերսի «Սպիտակաձյունիկն ու որսորդը» (2012 թ.) ֆիլմի ոչ միանշանակ արձագանքները չազդեցին Universal ստուդիայի մտադրությունների վրա: Կինոհսկայի ղեկավարությունը որոշել է ոչ թե սիքվել նկարահանել, այլ ներկայացնել օրիգինալ ֆիլմի նախապատմությունը` հրաժարվելով Սպիտակաձյունիկի կերպարից և կենտրոնանալով որսորդ Էրիկեի (Քրիս Հեմսվորթ) կերպարի վրա: «Սպիտակաձյունիկն ու որսորդը 2» ֆիլմի գործողությունները ծավալվում են շատ ավելի վաղ այն իրադարձություններից, երբ Սպիտակաձյունիկը (Քրիստեն Ստյուարտ) հաղթում է չար թագուհի Ռիվեննային (Շարլիզ Թերոն): Պրիկվելի գլխավոր հերոսուհին` սառցե թագուհի Ֆրեյան (Էմիլի Բլանտ), Ռիվեննայի քույրը, դժբախտ սիրուց կոտրված սրտով փախչում է առանձին հյուսիսային ամրոց քրոջ դավաճանությունից հետո:

«Բարձրահարկը» (օրիգինալ անվանումը` High-Rise)

Դրամա, ֆանտաստիկա, Մեծ Բրիտանիա, 2016 թ.

Ռեժիսոր` Բեն Ուիթլի

Դերերում` Թոմ Հիդլսթոն, Ջերեմի Այրոնս, Սիեննա Միլլեր, Լյուկ Էվանս

Պրեմիերան Երևանում ապրիլի 14-ին

Բրիտանացի գրող Ջեյմս Գրեմ Բալլարդի «Բարձրահարկը» վեպը, չնայած մեծ տարածմանը, երկար ժամանակ համարվում էր ոչ պիտանի էկրանավորման համար բարդ ու խճճված գրական կառուցվածքի պատճառով: Առնվազն, այդպես էին կարծում Հոլիվուդում: Իսկ բրիտանացիներն ի դեմս Բեն Ուիթլիի ի վերջո, խիզախեցին, և ըստ քննադատների, էքսպերիմենտը հաջողվել է: Ուտոպիական հասարակությունը, որն ապրում է խենթ ճարտարապետ Էնթոնի Ռոյալի մեկուսի երկնաքերում ժամանակակից մարդկության կոմպակտ արտացոլումն է` դասակարգային անարդարությամբ, որը հաճախ վերաճում է բացահայտ թշնամանքի:

«Էլվիսն ու Նիքսոնը» (օրիգինալ անվանումը` Elvis & Nixon)

Պատմական կատակերգություն, ԱՄՆ, 2016 թ.

Ռեժիսոր` Լիզա Ջոնսոն

Դերերում`Քևին Սփեյսի, Մայքլ Շեննոն, Ալեքս Պետիֆեր, Ջոննի Նոքսվիլ

Պրեմիերան Երևանում ապրիլի 21-ին

Ռոքն ռոլի արքայի և ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հանդիպման հայտնի պատմության հերթական էկրանավորումն է, որի ընթացքում Փրեսլին խնդրել է նրան թմրանյութերի վերահսկման գաղտնի գործակալ նշանակել: Ամերիկյան պատմության այս դրվագն ինքնին ծիծաղելի է, քանի որ նույնիսկ Նիքսոնի համաձայնությունից հետո այդպես էլ չհաջողվեց ստիպել Փրեսլիին գոնե Սպիտակ տան պահանջները պահպանել: Երկու հակադրությունների` քաղաքականության և արվեստի, ներկայացուցիչների բախումը և երկու մեծ դերասան` Սփեյսիի և Շենոնի, խաղը ֆիլմը պարտադիր են դարձնում դիտման համար:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---