Պատերազմի և մարդկանց մասին

Պատերազմի և մարդկանց մասին

Արցախյան ազատամարտը՝ հայտնի ու անհայտ ֆիլմերում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի քանակը վերջին տարիներին նկատելիորեն աճել է։ Ներկայումս նկարահանման, կամ հետարտադրական պրոցեսներում են գտնվում մի շարք հավակնոտ նախագծեր, որոնք խոստանում են հայկական կինոն առավել նկատելի դարձնել միջազգային հարթակներում։ Սակայն արդեն այսօր Արցախյան ազատամարտի մասին ֆիլմերի շարքում կան ստեղծագործություններ, որոնք նկատելի հետք են թողել ժամանակակից հայկական կինեմատոգրաֆի վրա։

PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրման հերթական տարեդարձին PanARMENIAN.Net ը ներկայացնում է Արցախյան ազատամարտի մասին մեզ հայտնի և անհայտ մի քանի ֆիլմեր։

«Թևանիկ», 2014թ․

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի դրաման պատմում է երեք պատանիների մասին, ովքեր բացարձակ պատկերացում չունեն պատերազմի մասին։ Ֆիլմը ներկայացնում է Արցախյան ազատամարտի սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգը դեռ նոր էր կախվել մարդկանց գլխին ու նրանք դեռ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Առնոլդ Աղաբաբովի սցենարի հիման վրա նկարահանված ֆիլմի երաժշտության հեղինակն է լիտվացի հայտնի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը:

«Եթե բոլորը», 2011թ․

Նատալյա Բելյաուսկենեի մելոդրաման, չնայած բուն պատերազմի մասին չէ, սակայն սյուժետի հետ ուղղակիորեն կապված ազատամարտի շունչը զգացվում է յուրաքանչյուր կադրում։ Ֆիլմի հերոսուհու հայրը ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովն է, որը զոհվել է պատերազմում՝ պաշտպանելով իր կնոջ հայրենիքը՝ Արցախը։ Քսան տարի անց Ալեքսանդրի դուստրը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ տնկելու, գտնում է նրա ծառայակից ընկերներին, ովքեր փորձում են իրականացնել աղջկա ցանկությունը։ Սակայն պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ։

«Չեզոք գոտի», 2013թ․

Հոգեբանական թրիլլերը պատմում է 1994թ․հայ ռազմագերիների ազատագրման հատուկ օպերացիայի մասին։ Ռեժիսոր Արտակ Ջիլֆիմյանի ֆիլմը հայրենասիրության և դավաճանության մասին է․ վերջինը ֆիլմի ընթացքում կբացահայտվի միայն տարիներ հետո։

«Զեմլյակ», 2010թ․

Պատերազմի մասին պատմող ֆիլմերը հաճախ նաև խաղաղության կոչ են պարունակում։ Էդգար Բաղդասարյանի ու Կարեն Հովհաննիսյանի կարճամետրաժ դրամայի իրադարձությունները ծավալվում են 1992թ-ին, երբ հայ հետախույզների ոչ մեծ խումբն անցնելիս է լինում ձյունով պատված լեռներով։ Նրանցից մեկն այլևս ի վիճակի չէ շարունակել ճանապարհը, այդ իսկ պատճառով հրամանատարը հրամայում է մնալ տեղում ու սպասել օգնության։ Այդ ժամանակ էլ կերպարներից մեկի առաջ է կանգնում բարդագույն հոգեբանական ընտրություն կատարելու հրամայականը։

«Ընդհատված մանկություն», 2014թ․

Մարաղա, 1992թ-ի ապրիլ։ Ահագնացող պատերազմն արմատապես փոխեց մարդկանց կյանքը, ու դա հատկապես նկատելի է երեխաների համար։ Ջիվան Ավետիսյանի դրաման կենտրոնանում է մարդասիրության ու համամարդկային արժեքների վրա՝ դիտարկելով դրանք պատերազմական արհավիրքի պրիզմայով։

«Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության ժամանակ», 2007թ․

Արցախյան ազատամարտի մասնակից, ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի վավերագրական ֆիլմը հանդիսատեսին է ներկայացնում բացառիկ կադրեր՝ նկարահանված մարտական գործողությունների ժամանակ։ Ֆիլմի հեղինակը գնում է պատերազմի մասնակիցների հետքերով նաև տարիներ անց՝ նկարագրելով նրանց կյանքը խաղաղ տարիներին, առօրյա կյանքի դեմ նրանց մաքառումները, որպես խրամատներում մղած պայքարի շարունակություն։

«Միացում», 2013թ․

Լաչինի ազատագրման 20-րդ տարելիցի կապակցությամբ ռեժիսոր ու սցենարիստ Սամվել Թադևոսյանը ներկայացրել էր Արցախյան պատերազմի մասին հիմնավոր մի աշխատանք, որը ներառում է ռազմական գործողությունների ընթացքում 10 օպերատորների կողմից նկարահանված կադրերի հմուտ մոնտաժված հավաքածու։ Ֆիլմը պատմում է հայ ժողովրդի անցած ուղու, Արցախյան շարժման, հերոսների անկոտրում կամքի ու կրած զրկանքների մասին։

«Սահման», 2009թ․

Հարություն Խաչատրյանի այս վավերագրական ֆիլմը ներկայացվել է աշխարհի 33 երկրներում՝ արժանանալով մի շարք հեղինակավոր միջազգային մրցանակների։ Ֆիլմը պատմում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու մերձակայքում գտնվող մի գյուղի մասին, որտեղ աշխատում են տարբեր վայրերից եկած փախստականներ։ Գյուղացիները մի կիսավայրենացած ու կիսակենդանի գոմեշ են գտնում ճահճուտներում։ Գոմեշին բերում են ագարակ, որտեղ հսկող շները, դեսուդենից հավաքված կենդանիները, պատերազմից հոգնած ֆերմերներն ու փախստականները նրան սկսում են վերաբերվել որպես օտարականի և թշնամու։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---