Ամբոխները խելագարված

Ամբոխները խելագարված

«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի մեծագույն դժբախտությունը

Հավերժական պայքարը կոմիքսներ արտադրող երկու հսկաների՝ Marvel-ի և DC Comics-ի միջև առավել թեժացավ մեծ էկրաններին։ Այն ժամանակ, երբ Marvel Pictures-ի մարքեթինգի բաժինը հետևում է հանճարեղ բիզնեսմեն ու ընկերության ղեկավար Փոլ Ֆեյգի՝ ժամացույցի մեխանիզմի ճշտությամբ կարգավորված ու մշակված ահռելի նախագծին, DC-ի կինոբաժինը շարունակում է մնալ չկողմնորոշված վիճակում․ որևիցե հստակ պլանի բացակայության պատճառով վերջինի կինոաշխարհն իրենից ներկայացնում է այստեղ ու այնտեղ քաոսային կերպով նետված, հաճախ միմյանց հետ կապ չունեցող ֆիլմեր, որոնք դժվար է նկարագրել, որպես մեկ կինեմատոգրաֆիական տիեզերքի բաղադրիչներ։ Վերջին տարիներին, կարծես, իրավիճակը սկսում է շտկվել։ Հրաշալի վիզիոներ Զաք Սնայդերի ղեկավարությամբ եւ Քրիսթոֆեր Նոլանի օրհնությամբ DC-կինեմատոգրաֆիական տիեզերքն աստիճանաբար միս ու արյուն է ստանում։ Սակայն, ցավոք, դրա հիմքը հանդիսացող ֆիլմերը որակական առումով խիստ ոչ միանշանակ են։

PanARMENIAN.Net - DC ընկերության կոմիքսային աշխարհի ամենահետաքրքիր կերպարների մասին ֆիլմի էկրանավորումը լավ գաղափար էր, որն օրինաչափորեն փլուզվեց․ PanARMENIAN.Net ն իր տպավորություններն է ներկայացնում «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմից:

Սուպերմենը «մահացել» է՝ թողնելով աշխարհն առանց պաշտպանության։ Կառավարության ներկայացուցիչ Ամանդա Ուոլլերն առաջարկում է օգտագործել ամենակատաղի հանցագործներից բաղկացած ջոկատն այն տեղերում, որտեղ սովորական մարդիկ անկարող են գործել։ Սակայն, ինչպես միշտ, ամեն ինչ միանգամից դուրս է գալիս վերահսկողությունից։

Դեռ մինչև ֆիլմի համաշխարհային պրեմիերան հեղինակավոր կինոքննադատները մեկ մարդու նման «Ինքնասպանների ջոկատի» համար կանխատեսում էին ամենացածր գնահատականները։ Վատագույն սպասելիքների համար հիմք էր հանդիսանում այն հանգամանքը, որ մեծ էկրաններ բարձրանալուց ամիսներ առաջ ստուդիան որոշում կայացրեց զանգվածային վերանկարահանումների մասին։ Մինչ այժմ հայտնի չէ, թե որն էր նման ծայրահեղ որոշման պատճառը։ Ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ նպատակ կա ֆիլմն առավել «ուրախ» դարձնելու, սակայն, բնականաբար, այս պարագայում «շունն ավելի խորն է թաղված» - Դևիդ Էյերի ստեղծած կինոն նախադիտումների ժամանակ առաջացրել էր պրոդյուսերների դժգոհությունն, ովքեր անմիջապես հանձնարարել էին ուղղել բոլոր սխալները։

Էյերն, իհարկե, մեղավոր չէ։ Նա, որպես պարտաճանաչ արհեստավոր, կատարել է իր աշխատանքը՝ առանց ավելորդ ոգեշնչման ու սեփական տեսլականը ներառելու ցանկության՝ ուղղակի հետևելով բոսսերի ցանկություններին։ Վերջիններս, դատելով վերջնական արդյունքից, այնքան էլ չեն հասկացել, թե ինչ են ուզում։ Marvel-յան «Դեդփուլ»-ի ահռելի հաջողությունը նրանց հանգիստ չէր տալիս։ Դա է պատճառը «ավելի ուրախ» կինո ստեղծելու ցանկության։ Միաժամանակ, նրանք սարսափում էին նույն «Դեդփուլի» «մեծահասակ» ռեյթինգից՝ «Ինքնասպանների ջոկատի» համար ընտրելով շատ ավելի փափուկ PG-13-ը։ Արդյունքը՝ անհասկանալի ու բավականին անհամ կինոուտեստ, որը ձգտում է փոքր ինչ կծու լինել՝ առանց պղպեղի օգտագործման։

Մյուս կողմից, Դևիդ Էյերը հոլիվուդյան ամենաանկայուն ռեժիսորներից է։ Զարհուրելի վատ «Սաբոտաժից» հետո նա ստեղծեց կինոդիտողի կողմից բավականին ջերմ ընդունված «Զայրույթը»։ «Ինքնասպանների ջոկատը» ոչ միանշանակ Էյերի ստեղծագործական անեծքն է․ նա բացարձակ չգիտի, թե ինչպես վարվել DC կոմիքսային աշխարհի ամենակոլորիտային կերպարների հետ, ինչպես նրանց ներկայացնել մեծ էկրանին, կառուցել նրանց փոխհարաբերությունները՝ օգտագործելով եղած դերասանական կազմի հնարավորությունները։ Նա անգամ բավականաչափ խիզախություն չունի ավելացնելու համար աբսուրդի հասնող այն խելահեղությունից գոնե մեկ պտղունց, որով առատ են օրիգինալ կոմիքսները։ Քվեստային սյուժեն հիշեցնում է պարզագույն համակարգչային խաղ, երբ A կետից պետք է հասնել B կետ, իսկ բոլոր «դաշտերն» անցնելուց հետո հաղթել գլխավոր չարագործին։ Իրական հակահերոսների նկատմամբ նման վերաբերմունքը չէր կարող արժանանալ կինոդիտողի հավանությանը, մանավանդ, երբ կերպարները գրեթե բացահայտված չեն։

Այս աղետալի իրավիճակը որոշ առումով փրկում է գեղեցկուհի Մարգո Ռոբին, ում մարմնավորած Հարլի Քուինն իր ուսերին է կրում ամեն վայրկյան փլուզվելու պատրաստ պատմությունը։ Օսկարակիր Ջարեդ Լետոյի Ջոքերը հիմնականում հայտնվում է կամ ֆլեշբեքերում, կամ էլ ողջ քրոնոմետրաժով սփռված փոքրիկ էպիզոդներում։ Ընդհանուր պատմությունը կիսում են Քուինն ու Դեդշոթը՝ Ուիլ Սմիթի կատարմամբ․ մյուս կերպարներն այս խայտաբղետ ու անօգնական էկրանավորման մեջ երկրորդական ու երրորդական ստատիկ խաղալիքներ են, ովքեր հայտնվում են՝ անմիջապես ուշադրության կենտրոնից անհետանալու համար։ Կարող է տարօրինակ հնչել, սակայն բացարձակ ոչ տպավորիչ այս կրկեսային ներկայացման երրորդ ակտի ժամանակ, չնայած հատուկ էֆֆեկտների ու էքշենի առկայությանը, կինոդտիողի մոտ միայն մեկ ցանկություն է առաջանում․ թող սա արագ ավարտվի։ Իսկ դա, հավատացեք, կինոյի համար ամենավատ գնահատականն է։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---