Տեսանելիությունը՝ զրո մետր

Տեսանելիությունը՝ զրո մետր

Ֆիլմեր, որոնք կարելի է դիտել մեկ ամիս մառախուղի մեջ ապրելուց հետո

Շուրջ մեկ ամիս Արարատյան դաշտը և Երևանը «պատանդի» կարգավիճակում պահող սառը մառախուղն այնքան էլ լավ մոտիվ չէ տանից դուրս գալու համար։ Ձմեռն առայժմ չի շտապում զիջել իր դիրքերը, և եթե աշխատանքային առօրյան ձեզ չի ծանրաբեռնում, ճիշտ ժամանակն է այս տխուր իրավիճակում դրան համապատասխան ֆիլմ դիտել։

PanARMENIAN.Net - Մառախուղ կարելի է հանդիպել բազում ֆիլմերում․ հիմնականում այն հանդես է գալիս, որպես դեկորացիա, մթնոլորտ ստեղծելու միջոց։ Սակայն կան ֆիլմեր, որտեղ մառախուղը ոչ պակաս գլխավոր հերոս է, քան մյուս գործող անձինք։ PanARMENIAN.Net ը ներկայացնում է հինգ այդպիսի ֆիլմ, որոնք կարելի է դիտել մեկ ամիս մառախուղի մեջ ապրելուց հետո։

«Մառախուղ», (օրիգ․ անվանումը՝ The Fog), ԱՄՆ, 1980 թ․

Սարսափ ֆիլմերի հռչակավոր վարպետ Ջոն Կարպենտերի առաջին ռեժիսորական փորձերից մեկը դարձավ այս կամերային դետեկտիվային թրիլլերը։ Փոքրիկ ձկնորսական քաղաքում, որն անսպասելիորեն ծածկվում է խիտ մառախուղով, տարօրինակ երևույթներ են տեղի ունենում։ Իրականացվող հետաքննության շրջանակներում պարզվում է, որ այստեղ մոլեգնում են 100 տարի առաջ զոհված նավաստիների հոգիները՝ վրեժ լուծելով քաղաքի բնակչությունից անցյալի սխալների համար։ 2005թ-ին Ռուպերտ Ուայնրայթը նկարահանեց ֆիլմի ռեմեյքը, որը, բնականաբար, զգալիորեն զիջում էր օրիգինալին թե մթնոլորտի, և թե լարվածության առումով։

«Ծովային մշուշ», (օրիգ․ անվանումը՝ Naemoo), Հարավային Կորեա, 2014 թ․

Հարավկորեական կինոյի գոհարներից մեկը՝ ռեժիսոր Շիմ Սոն Բոի «Ծովային մշուշ» դրաման պատմում է ձկնորսական նավի ճակատագրի մասին, որի անձնակազմը գումար վաստակելու համար որոշում է զգաղվել անօրինական միգրանտների տեղափոխմամբ։ Ճանապարհին նավը հայտնվում է փոթորկի, ապա՝ խիտ մառախուղի մեջ, իսկ նրանց հետապնդում է հարավկորեական Ծովային ոստիկանությունը։ Այս քաոսային իրավիճակում անձնակազմի ամենաերիտասարդ ներկայացուցիչը ամեն գնով փորձում է պաշտպանել միգրատներից մեկին՝ երիտասարդ կնոջ, ում նա սիրահարված է։

«Սայլենթ Հիլ», (օրիգ․ անվանումը՝ Silent Hill), ԱՄՆ, 2006 թ․

Աշխարհահռչակ ճապոնական խաղային ֆրանշիզի էկրանավորումն ինքնին բավականին բարդ խնդիր էր՝ հաշվի առնելով խաղում ստեղծված անկրկնելի մթնոլորտն ու սասփենսը։ Ֆրանսիացի ռեժիսոր Քրիստոֆ Գանին դա գրեթե հաջողվեց․ 2006թ-ին էկրաններ բարձրացած «Սայլենթ Հիլը», որպես ժանրի առանձին ներկայացուցիչ, ներառում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է լավ սարսափ ֆիլմ ստանալու համար։ Սակայն, որպես հանրահայտ խաղի էկրանավորում, այն զգալիորեն զիջում է իր սկզբնաղբյուրին գրեթե բոլոր ճակատներում։

«Մառախուղ», (օրիգ․ անվանումը՝ Туман), Ռուսաստան, 2010 թ․

Ռեժիսոր Իվան Շուրխովեցկու ֆիլմը պատմում է ՌԴ բանակի երիտասարդ զինվորականների մասին, ովքեր պարապմունքի ժամանակ հետ են մնում մնացած զորքից ու հայտնվում մառախուղի մեջ։ Այն տեղափոխում է իրենց անցյալ՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիները։ Տղաներն, ովքեր պատերազմ տեսել էին միայն ֆիլմերում, հայտնվում են այդ ժամանակների դաժան իրադարձությունների կիզակետում։ Ամեն ինչ ծայրահեղացվում է․ խիզախությունը, վաղը, սերն ու ատելությունը, կյանքն ու մահը։

«Մշուշ», (օրիգ․ անվանումը՝ The Mist), ԱՄՆ, 2007 թ․

Ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտն իրավամբ համարվում է լեգենդար Սթիվեն Քինգի ստեղծագործությունների լավագույն էկրանավորողը․ նա դա ապացուցել է իր «Կանաչ մղոն» ու «Փախուստ Շոուշենկից» ֆիլմերով։ Սարսափների արքայի պատմվածքներից մեկը՝ «Մշուշը», Դարաբոնտի շնորհիվ դարձավ վերջին տասնամյակների ամենահիշվող ու մթնոլորտային ֆիլմերից մեկը։ Այն, ինչպես ֆիլմի ամբողջ ընթացքում առկա մառախուղը, դանդաղ շրջապատում ու կլանում է կինոդիտողին՝ վերջում ամբողջությամբ դատարկելով նրան։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---