Կանիբալիզմ, կտտանքներ ու բռնաբարություն

Կանիբալիզմ, կտտանքներ ու բռնաբարություն

Ինչի մասին են իրականում մեզ ծանոթ մանկական հեքիաթները

Հեքիաթները մանկության անբաժանելի մասն են կազմում. տատիկների կողմից պատմած, մանկական գրքերում կարդացած ու սիրված մուլտֆիլմերի վերածված բարի, իսկ երբեմն՝ ոչ այնքան, պատմություններն իրենց հետքն են թողնում երեխայի հոգեբանության ու երևակայության զարգացման վրա: Շատերը շարունակում են սիրել հեքիաթներ ողջ կյանքում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ իրականում թե՛ հեքիաթները գրի առնող գրողները, թե՛ դրանց հիման վրա մուլտֆիլմեր և մանկական կինոներ նկարահանող ընկերությունները խնայում են փոքրիկներին՝ հաճախ մեղմացնելով հեքիաթի սյուժեն և դարձնելով այն իսկապես մանկական:

PanARMENIAN.Net - ը գտել է շատերին մանկուց ծանոթ մի շարք հեքիաթների օրիգինալ տարբերակները, որոնք բավականին հեռու են այսօրվա բարի ու հայտնի պատմություններից, ինչպես նաև՝ բավականաչափ հեռու են հեքիաթ բառի դասական վերծանումից:

«Մոխրոտը», «Քնած գեղեցկուհին», «Սպիտակաձյունիկը» և այլ հայտնի հին եվրոպական ժողովրդական հեքիաթներ հասել են մեզ Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Կարլո Գոցցիի և այլոց կողմից գրի առնվելուց և խմբագրվելուց հետո, ինչպես նաև դիսնեյյան պարզեցված տարբերակներով: Սակայն դրանք բոլորը սկիզբ են առնում 1636թ.-ին Նեապոլում լույս տեսած՝ պոետ և գրող Ջամբատիստա Բազիլեի (1566–1632) գրչին պատկանող, բարոկկո ոճում գրված «Հեքիաթների հեքիաթի» հինգ հատորից: Այդ հայտնի հեքիաթասացի ազդեցության հետքերը երևում են նաև Պյոտր Երշովի «Սապատավոր ձիուկը», Ալեքսանդր Պուշկինի և այլոց հեքիաթներում:

Բազիլեն գրի է առել հեքիաթներն այնպես, ինչպես լսել է մարդկանցից՝ առանց փորձելու մեղմացնել որևէ բան, ուստի դրանք փոխանցում են XVI-XVII դարերի ոգին և նկարագրում այդ ժամանակաշրջանի եվրոպական բարքերը: «Հեքիաթների հեքիաթից» կարելի է առանձնացնել ասացվածքների և ասույթների մի մեծ ժողովածու, ժողովրդական և պալատական պարեր, խաղեր, բարբառ և դարաշրջանը առավել ցայտուն պատկերող այլ կարևոր տարրեր: Սակայն պետք է հաշվի առնել, որ դաժանության մասին այդ ժամանակների պատկերացումները խիստ տարբերվում էին արդի պատկերացումներից, բացի այդ՝ հեքիաթները գրվում էին հիմնականում մեծահասակների, ոչ թե մանուկների համար, ուստի զարմանալի չէ, որ հայտնի հեքիաթների որոշ մասի օրիգինալ տարբերակներից այսօր ավելի մեծ հավանականությամբ կստացվեին սարսափ ժանրի ֆիլմեր:

«Քնած գեղեցկուհին»

Այս հայտնի հեքիաթին անդրադարձել են թե՛ Գրիմ եղբայրները, թե՛ Պերոն, թե՛ Բազիլեն: Նեապոլիտանցի հեքիաթասացն առաջիններից էր, ով գրի է առել հեքիաթը: Նրա տարբերակում գեղեցկուհու անունը Տալիա է: Հեքիաթը սկսվում է ծանոթ ձևով՝ չար կախարդի անեծքից և արքայադստեր մատը ծակող թունավոր փշից, որը քնեցնում է վերջինիս: Այնուհետև սկսվում է ամենահետաքրքիրը՝ քնած աղջկան նստեցնում են գահին և տեղափոխում իր հոր՝ անտառում գտնվող լքված դղյակ, որը որոշ ժամանակ անց պատահաբար հայտնաբերում է այլ երկրից որսորդության նպատակով ժամանած մի թագավոր: Սակայն նա չի շտապում համբույրով արթնացնել գեղեցկուհուն, Բազիլեի ժամանակներում մարդիկ այդքան ռոմանտիկ չէին: Թագավորը բռնաբարում է քնած աղջկան ու հեռանում: Խորը քուն մտած արքայադուստրը չի զարթնում այդպիսի կոպիտ վերաբերմունքից, նույնիսկ հաջողացնում է քնած վիճակում հղիանալ ու երկվորյակներ լույս աշխարհ բերել, իսկ զարթնում է միայն այն բանից հետո, երբ քաղցած երեխան սխալմամբ ծծելով նրա մատը՝ հանում է փուշը: Հենց այդ ժամանակ էլ շատ հաջող վերադառնում է թագավորը, թերևս, կրկին օգտվելու «սիրո պտուղներից», բայց, տեսնելով Տալիային երեխաների հետ, սիրահարվում է ու որոշում ավելի հաճախ այցելել լքված դղյակ: Սակայն մեր թագավորը ամուսնացած է լինում, և նրա օրինական կինն սկսում է կասկածել նրան դավաճանության մեջ, բռնել է տալիս սիրուհուն երեխաների հետ, հրամայում՝ այրել նրան, իսկ երեխաներից՝ ամուսնու համար ուտեստ պատրաստել: Բայց քանի որ սա հեքիաթ է, ամեն ինչ բավականին բարի ավարտ է ունենում, եթե այդ բառի օգտագործումը տեղին է Բազիլեի հեքիաթների համար: Խոհարարը խղճում է երեխաներին և չի պատրաստում նրանցից կերակուր, իսկ թագավորը հրամայում է այրել սեփական կնոջը Տալիայի փոխարեն: Եվ նրանք ապրում են համերաշխ ու երջանիկ: Իսկ Բազիլեն ավարտում է հեքիաթը հետևյալ բարոյախոսությամբ. «Ոմանց բախտը միշտ բերում է, անգամ երբ նրանք քնած են»:

Շառլ Պերոյի տարբերակում ընթերցողը զերծ է մնում մի շարք ոչ այդքան հաճելի մանրամասներից: Հեքիաթասացը հեռացնում է բռնաբարության հատվածը, իսկ թագավորի կնոջը՝ փոխարինում մարդակեր մորով: Առավել տարածված բարի տարբերակը՝ դասական «հայեցի» համբույրով և դրանից զարթնելով, հանդիպում է Գրիմ եղբայրների մոտ:

«Մոխրոտը»

«Մոխրոտի» դասական տարբերակ է համարվում Պերոյի գրչին պատկանողը: Դա բոլորին հայտնի պատմությունն է համեստ և աշխատասեր աղջնակի մասին, որին տանջում է խորթ մայրը և նրա երկու դուստրը: Սակայն բարի փերիի օգնությամբ Մոխրոտիկը հայտնվում է պալատական պարահանդեսին, որտեղ հանդիպում է արքայազնին, նրանք սիրահարվում են, իսկ հանրահայտ բյուրեղապակյա կոշիկները օգնում են նրանց գտնել մեկմեկու:

Բազիլեի տարբերակում Մոխրոտիկը, որի անունը Ցեցոլլա էր, ունենում է նաև իրեն շատ սիրող դայակ, որը խնամում է աղջկան: Իսկ երբ Մոխրոտի հայրը ամուսնանում է չար կնոջ հետ, որը տանջում է աղջնակին, դայակը խորհուրդ է տալիս սպանել նրան: Փոխարենը Մոխրոտիկը խոստանում է համոզել հորն ամուսնանալ դայակի հետ: Աղջիկն իրագործում է մտածածը. մի օր նա սպանում է ատելի խորթ մորը՝ նրա գլխին փակելով ծանր սնդուկն ու կոտրելով պարանոցը: Դրանից հետո Մոխրոտիկի հայրը ամուսնանում է նրա դայակի հետ: Վերջինս մի քանի օր շատ բարի և հոգատար վերաբերմունք է ցուցաբերում Ցեցոլլայի նկատմամբ, սակայն աստիճանաբար զրկում է աղջկան ամեն ինչից, այդ թվում՝ հոր սիրուց, փոխարենը ճանապարհ հարթելով իր 6 դստեր համար, որոնց մինչ այդ թաքցնում էր: Մնացած իրադարձությունները զարգանում են ընթերցողին հայտնի տարբերակով՝ բարի փերի, Մոխրոտի կերպարանափոխություն, պալատական պարահանդես, կորցված կոշիկ և երջանիկ ավարտ:

Որոշակի դաժանություն կա նաև Գրիմ եղբայրների տարբերակում: Այստեղ, երբ արքայազնը փորձում է Մոխրոտիկի կոշիկի միջոցով գտնել նրան, աղջնակի խորթ քույրերից մեկը կտրում է ոտքի բութ մատը, որպեսզի կարողանա հագնել կոշիկը, իսկ մյուս քույրը՝ կրունկը, սակայն նրանց չի հաջողվում մոլորեցնել արքայազնին. ճանապարհին երկու աղավնի շշնջում են ճշմարտությունը երիտասարդի ականջին: Իսկ վերջում, երբ Մոխրոտիկն ու արքայազնը ամուսնանում են, աղավնիները կտցահարում են չար քույրերի աչքերը:

«Սպիտակաձյունիկը»

«Սպիտակաձյունիկի» մեզ հայտնի տարբերակում գեղեցիկ արքայադուստրը 7 տարեկանում մնում է առանց մոր, և նրա հայրը ամուսնանում է այլ կնոջ հետ, որը, սակայն, տեսնելով աղջնակի գեղեցկությունը, նախանձում է նրան և հրամայում սպանել: Իսկ որպես սպանության ապացույց չար խորթ մայրը պահանջում է բերել Սպիտակաձյունիկի թոքն ու լյարդը: Սակայն որսորդը, որը պետք է աներ դա, խղճում է փոքրիկ աղջնակին և բերում է թագուհուն եղջերուի թոքն ու սիրտը, որոնք էլ թագուհին բարեհաջող պատրաստում է և ուտում: Դրանից հետո արդեն տեղի են ունենում այն բոլոր իրադարձությունները, որոնք հայտնի են ընթերցողին թե՛ Գրիմ եղբայրների հեքիաթից, թե՛ Disney-ի հայտնի մուլտֆիլմից՝ յոթ թզուկները, թունավոր խնձորը, ապակե դագաղն ու արքայազնի հետ երջանիկ ավարտը:

Որքան էլ անսպասելի թվա, բայց Գրիմ եղբայրները որպես հեքիաթի հիմք վերցրել են Բազիլեի կողմից նկարագրված պատմությունը, որն աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ և սարսափ ժանրի ֆիլմերին հատուկ արյունալի էպիզոդներով: Ըստ Բազիլեի՝ աղջիկը մահանում է 7 տարեկան հասակում, նրա մարմինը դնում են 7 ապակե դագաղների մեջ, սակայն նա շարունակում է մեծանալ ու վերածվում է իսկական գեղեցկուհու: Դագաղի բանալին պահվում է աղջկա մորեղբոր մոտ, քանի որ ծնողները վշտից մահանում են: Մի օր մորեղբոր կինը հայտնաբերում է դագաղը և, տեսնելով գեղեցկուհուն, քաշում է նրա մազերից, թունավոր սանրը ընկնում է, ու գեղեցկուհին զարթնում է: Աղջկա գեղեցկությունը շարժում է կնոջ նախանձը, իսկ որոշ ժամանակ անց նա նույնիսկ սկսում է խանդել Սպիտակաձյունիկին՝ կասկածելով նրան իր ամուսնու հետ կապերի մեջ:

Չար կինը սկսում է վատ վերաբերվել Սպիտակաձյունիկին, նրա մազերը կտրում են, ծեծում ու դարձնում աղախին: Խեղճ Սպիտակաձյունիկը պարբերաբար ենթարկվում է ճնշումների, նվաստացումների և դաժան ծեծի, որի հետևանքով աղջկա բերանից արյուն է հոսում: Չդիմանալով կտտանքներին՝ աղջիկը որոշում է ինքնասպան լինել, բայց մինչ այդ՝ պատմում է իր դաժան կյանքի մասին տիկնիկին: Նրան պատահաբար լսում է մորեղբայրը և, իմանալով ողջ ճշմարտությունը, ամուսնալուծվում է, բուժում Սպիտակաձյունիկին և ամուսնացնում նրան հարուստ ու բարի մարդու հետ: Յոթ թզուկների մասին Բազիլեի տարբերակում խոսք չկա:

«Կարմիր գլխարկը»

«Կարմիր գլխարկի» ժողովրդական տարբերակում, որը հայտնի է եվրոպական երկրներում դեռևս XIV դարից, մայրն ուղարկում է դեռահաս դստերը տատիկի մոտ, սակայն աղջիկը ճանապարհին հանդիպում է գայլին կամ մարդագայլին (որոշ տարբերակներում):

Կարմիր գլխարկով կոկետուհին սիրով պատմում է, թե ուր է գնում, և գայլը՝ առաջ ընկնելով, հասնում է տատիկի մոտ, սպանում նրան, պատրաստում տատիկի մսից ուտեստ, իսկ արյունից՝ ըմպելիք, հագնում նրա շորերը և պառկում՝ սպասելով աղջկան: Երբ գալիս է Կարմիր գլխարկը, նորաթուխ «տատիկը» հյուրասիրում է նրան պատրաստված «ուտեստով», սակայն տատիկի կատուն փորձում է զգուշացնել աղջկան, որ չուտի: Գայլը սպանում է կատվին, այնուհետև՝ առաջարկում աղջկան հանել հագուստը, այրել այն և ամբողջովին մերկ պառկել իր հետ: Աղջիկը ենթարկվում է և, պառկելով գայլի կողքին, սկսում է հարցնել նրանից՝ ինչու է նրա մազածածկույթն այդքան խիտ, ուսերը՝ այդքան լայն, եղունգները՝ երկար, ատամները՝ մեծ: Այդ ժամանակ էլ գայլն ուտում է աղջկան:

Մեկ այլ տարբերակում աղջնակին հաջողվում է փախչել գայլից՝ ասելով, որ զուգարան է գնում: Հեքիաթի այս՝ ոչ մանկական տարբերակում, վառ արտահայտված է սեքսուալ ենթատեքստը, ինչպես նշում են մի շարք մասնագետներ: Այդ մասին են վկայում աղջկա կոկետությունն ու կարմիր գլխարկը, գայլի կողմից անկողին կիսելու առաջարկը և այլն:

Պերոյի խմբագրությամբ հեքիաթը համեմատաբար բարի է. բացակայում է մարդակերության տարրն ու կատվի սպանությունը, իսկ աղջնակի կարմիր գլխարկը զրկվում է կոկետության ատրիբուտներից: Սակայն ոչ այնքան բարի ավարտն ու սեռերի փոխհարաբերությունների թեման շարունակում են դարձնել հեքիաթը ոչ մանկական:

Դասական դարձած մանկական տարբերակի հեղինակները Գրիմ եղբայրներն են: Նրանց մոտ չկա և ոչ մի ակնարկ սեքսուալության վերաբերյալ, իսկ հեքիաթի վերջում աղջնակին ու տատիկին փրկում են մոտակայքով անցնող ծառահատները, որոնք կացինով պատռում են գայլի փորը և դուրս բերում տուժածներին: Այս տարբերակը ևս զուրկ չէ դաժանությունից, բայց փոխանցում է հեքիաթների գլխավոր միտքը՝ բարին միշտ հաղթում է:

Շատ ավելի հին ծագում, քան թվում է, ունեն նաև «Կոշկավոր կատուն», «Ջրահարսը», «Պինոկիոն» և մի շարք այլ հայտնի հեքիաթներ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---