// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ինչու են մարդիկ ընտրակաշառք վերցնում

Ինչու են մարդիկ ընտրակաշառք վերցնում

Մեկնաբանում են սոցիոլոգը, քաղաքագետն ու հոգեբանը

Ապրիլի 2-ին Հայաստանն ընտրեց 6-րդ գումարման խորհրդարանը: Սակայն ի՞նչն էր որոշիչ ընտրության պահին: Ընդդիմադիրների մեծամասնությունը պնդում է՝ որոշիչը ոչ թե ծրագրերն ու գաղափարներն են եղել, այլ՝ ընտրակաշառքը: Եվ հարց է ծագում՝ ինչո՞ւ են մարդիկ նորից ու նորից իրենց ապագան վստահում այն կուսակցությանը, որից տարիներ շարունակ դժգոհում են: Ինչո՞ւ չեն փորձում փոխել իշխանությունը: Կարճ ասած՝ ինչո՞ւ են վաճառում իրենց ձայնը:

PanARMENIAN.Net - ն այս կարճ հարցն է ուղղել սոցիոլոգի, քաղաքագետի ու հոգեբանի:

Ահարոն Ադիբեկյան, սոցիոլոգ

Որովհետև իրենք էլ վաճառելու ոչինչ չունեն, իսկ դրամային մուտքը ընտանիքին բավական օգտակար կլինի: Իրենց համար մեկ է՝ ով կլինի իշխանության գլխին: Սա նման է խորտակվողին ձեռք մեկնելուն: Իրենք ուղղակի մտածում են, որ այդ գումարով մեկ ամիս կամ մեկ շաբաթ իրենց ընտանիքին հացով կապահովեն: Այս հարցը նման է նրան, թե ինչու է կինը դուրս գալիս հրապարակ՝ մարմինը վաճառելու: Սա նույն կատեգորիայից է. վաճառում են այն, ինչ ունեն: Ռուսներն ասում են՝ ամեն ինչ վաճառվում է: Մարդիկ այնպիսի վիճակում են, որ ամեն ինչ հանում են վաճառքի: Ձայնը պարզապես այդ «ամեն ինչի» շարքից է: Գնացեք վերնիսաժ, տեսեք՝ ինչեր են վաճառում: Մարդիկ տարիներով պահած «սերվիզներն» ու գրքերն են վաճառում, որովհետև ուրիշ բան չունեն այլևս վաճառելու:

Սերգեյ Մինասյան, քաղաքագետ

Շատ պարզ են պատճառները: Դրանք 3-ն են: Նախ ու ամենակարևոր պատճառը՝ երկրում լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ կան: 2-րդը՝ հետխորհրդային ֆենոմեն է. Հայաստանը հետկոմունիստական կամ հետտոտալիստական պետություն է, որտեղ դեռևս լիովին կայացած չէ ընտրական, քաղաքական գործընթացների ինստիտուտը: Քաղաքական ծրագրերի, գաղափարների մուտքը հասարակության մեջ շատ բարդ է ընթանում, այսինքն՝ քաղաքական ծրագրերի, մտքերի, գաղափարների պայքար չկա: 3-րդ պատճառը, որն արդեն համաշխարհային ֆենոմեն և թրենդ է, այն է, որ ամբողջ աշխարհում կուսակցական գաղափարները զիջում են պոպուլիզմին ու նյութական էլեմենտին. օրինակ՝ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում: Մեզ մոտ էլ ավելի պարզ տարբերակն է՝ գաղափարները զիջում են ռեսուրսներին:

Կարինե Նալչաջյան, հոգեբան

Հարցը միակն է ու շատ կարճ, բայց շատ լուրջ հենք ունի: Տարիներ շարունակ որակազերծում տեղի ունեցավ՝ արժեքների, նորմերի, բարոյական չափանիշների: Մարդիկ նաև խեղճացան, մտածեցին, որ իրենցից ոչինչ կախված չէ: Փողը դարձավ բյուրոկրատիայի բավական ցցուն տարր. մարդիկ գնում են այն ուղղությամբ, որտեղից փողի հոտ է գալիս: Սա շատ տխուր է դիտարկելը: Բայց ես չէի ցանկանա մեր ժողովրդին վարկաբեկել, քանի որ այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ շատ ու շատ բարոյական արժեքներ մեր ժողովրդի մեջ պահպանվել են: Այս ամենը պարզապես իրադրական զարգացումների հետևանք է, սակայն մեր ժողովուրդն իր առողջ կորիզը պահպանում է: Այնուամենայնիվ, ձայների վաճառքը կապում եմ արժեքների անկման հետ: Ուղիղ կապը գուցե տեսանելի չէ, բայց այս ամենը հետևանք է նաև այն բանի, թե ինչ են մարդիկ նայում հեռուստատեսությամբ, ինչպիսի ստերոտիպներ են ձևավորվում, ում են մարդիկ տեսնում որպես առաջնորդ:

Մեր ժողովուրդը հիասթափությունների միջով անցած ժողովուրդ է: Մենք իրավունք չունենք վատաբանել, փնովել մեր ժողովրդին: Իրականում շատ հաճախ իրական արժեքներից զուրկ է ոչ թե հասարակ ժողովուրդը, այլ այն մարդիկ, որ առաջնագծում են ու լծակներ ունեն: Այդ հենց նրանք պետք է զբաղվեն մարդկանց ինքնագնահատականի ու արժեհամակագի բարձրացմամբ, բայց տարիներ շարունակ հակառակն են արել՝ հենց նույն ընտրակաշառքը բաժանելով: Դրա համար շատ կարևոր է, թե ում ձեռքին են ազդեցության լծակները, թե չէ մեր ժողովուրդն ինքնին շատ լավն է, պարզապես ծանր պայմաններում է ապրում ու շատ փորձություններ է անցել:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը

 Բաժնի այլ նյութերը
«Նիկոլի թվի» 10 օրը Ինչ է հասցրել անել նոր կառավարությունը
Նիկոլի ուսապարկը, Քիմն ու ՀՀԿ տատիկը «Թավշյա» հեղափոխության «բոցերը»