Փողը ձեռքի կեղտ չի

Փողը ձեռքի կեղտ չի

Ինչպիսին են լինելու հայկական նոր դրամները

ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ, Հայաստանում կներդրվեն նոր՝ հիբրիդային (կամ կոմպոզիտային) թղթադրամներ: Այս առթիվ PanARMENAIN.Net-ը զրուցել է ՀՀ կենտրոնական բանկի դրամագետ Գևորգ Մուղալյանի հետ, որը պատմել է նոր դրամների առավելությունների մասին, ինչպես նաև՝ թե ինչու են դրանք ավելի դիմացկուն մաշվածության նկատմամբ:

PanARMENIAN.Net - Ավանդաբար թղթադրամների արտադրության համար որպես հումք օգտագործվում է թուղթը: Այստեղից էլ առաջացել է «թղթադրամ» բառը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված I և II շարքի թղթադրամները պատրաստված են հենց թղթային հումքից: Այս կարգի թղթադրամները բավականին արագ են մաշվում, վնասվում, պատռվում՝ կորցնելով իրենց թարմությունը:

Վերջին երեք տասնամյակի ընթացքում հետազոտություններ են իրականացվել թղթադրամների արտադրության համար այնպիսի հումք ստեղծելու ուղղությամբ, որը կարող է նշանակալիորեն երկարացնել թղթադրամների կյանքը, այսինքն՝ երկարացնել դրանց շրջանառության մեջ լինելու տևողությունը: Հետազոտությունների արդյունքում ստեղծվել է 2 նոր տեսակի հումք՝ պոլիմերային և հիբրիդային, որոնց շնորհիվ թղթադրամներն ավելի ուշ են կեղտոտվում, չեն փափկում ու մաշվում, ավելի դիմացկուն են ծալվածքների ու պատռվածքների նկատմամբ:

Պոլիմերային (պլաստիկ) թղթադրամները

Պոլիմերային հումքով, կամ ժողովրդական լեզվով ասած «պլաստիկից» պատրաստված թղթադրամների արտադրության գինը 2 անգամ բարձր է թղթի հումքով պատրաստված թղթադրամների գնից, սակայն դրանց կյանքի տևողությունն ավելի է 2.5-4 անգամ։

Պոլիմերային թղթադրամների արտադրությունը սկսվել է Ավստրալիայում 1998-ին և ներկայումս մոտ 28 երկիր ամբողջությամբ կամ մասնակի թողարկում են այս հումքով թղթադրամներ (օրինակ՝ Կանադա, Ռումինիա, Նոր Զելանդիա, Անգլիա և այլն)։

Թղթայինից պոլիմերային դրամներին անցումը պահանջում է նաև բավականին մեծ ծախսեր՝ կապված պոլիմերային դրամները հաշվող, տեսակավորող և ոչնչացնող մեքենաների ձեռքբերման, ինչպես նաև՝ բանկոմատների վերազինման և վերածրագրավորման հետ:

Հիբրիդային կամ կոմպոզիտային դրամները

Սրա հիմքն իրենից ներկայացնում է թղթի և պոլիմերի համակցություն: Այն կառուցվածքով եռաշերտ է և լինում է երկու տեսակի: Առաջին տեսակը՝ երբ ներքին շերտը թուղթ է, իսկ արտաքին շերտերը՝ պոլիմեր, իսկ երկրորդ տեսակը՝ երբ ներքին շերտը պոլիմեր է, իսկ արտաքին շերտերը՝ թուղթ: Այս տիպի հումքը թույլ է տալիս դրամների արտադրության ժամանակ օգտագործել բամբակի ու պոլիմերի բոլոր դրական հատկանիշները:

Հիբրիդային հումքով թղթադրամները սկսել են արտադրվել և շրջանառվել համեմատաբար վերջերս՝ 2008 -ից, և ներկայումս արդեն 13 երկիր, որոնց թվում են նաև Շվեյցարիան և Շոտլանդիան, իրենց թղթադրամների շարքը՝ ամբողջությամբ կամ մասնակի, պատրաստում են այս տիպի հումքից:

Այսպիսին են բրիտանական ժամանակակից ֆունտերը՝ թափանցիկ հատվածով, չճղվող ու ջրադիմացկուն

ՀՀ նոր թղթադրամները

ՀՀ նոր շարքի թղթադրամների հումքը լինելու է հիբրիդային, որտեղ ներքին շերտը թուղթ է, իսկ արտաքին շերտերը՝ պոլիմեր: ՀՀ կենտրոնական բանկի այս որոշումը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Նախ, հիբրիդային հումքով պատրաստված թղթադրամների կյանքի տևողությունը 2 - 3.8 անգամ ավելի է, քան ներկայիս՝ թղթային հումքով պատրաստված թղթադրամներինը: Սակայն դրանց արտադրության ծախսերը ավել են մոտ 40%-ով. մաքուր պոլիմերի համեմատությամբ դրանք մեծ չեն:

Երկրորդը՝ հիբրիդի օգտագործումն ապահովում է մեր բնակչությանը ծանոթ պաշտպանական հատկանիշների՝ ջրանիշի, ներգծերի և գունավոր թելիկների կիրառումը, ինչը պոլիմերի դեպքում անհնար է։ Հիբրիդային թղթադրամները ձեռքով շոշափելիս նման են թղթային հումքով պատրաստված թղթադրամներին, և այս հանգամանքը շատ կարևոր է ապահովելու համար բնակչության վստահությունը նոր շարքի թղթադրամների հանդեպ: Այսինքն, նոր թղթադրամները՝ իրենց շոշափելիությամբ և պաշտպանական հատկանիշներով, բնակչության համար ընկալելի և ընդունելի կլինեն:

Բացի այդ, թղթադրամներ հաշվող և տեսակավորող մեքենաները, որոնք շահագործվում են ՀՀ կենտրոնական և առևտրային բանկերում, ինչպես նաև բանկոմատները կարող են ընդունել հիբրիդային հումքից պատրաստված թղթադրամները նույնպես, ինչպես և այսօր շրջանառվող թղթադրամները: Դա նշանակում է, որ այս առումով հավելյալ ներդրումներ չեն պահանջվելու, և թղթային և հիբրիդային հումքով թղթադրամների համատեղ շրջանառությունը չի ստեղծելու խնդիրներ ոչ բանկերի, ոչ էլ բնակչության համար:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---