// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ուշացած փառքը

Ուշացած փառքը

Ով է Մոնատիկը և ինչու նրա համերգը Երևանում չի կայանա

Սեպտեմբերի 30-ին Երևանի Հրազդան մարզադաշտին հարակից ավտոկայանատեղիում պետք է անցկացվեր առաջին UpEvn Open Air 2017 երիտասարդական փառատոնը, որի շրջանակում ելույթ էին ունենալու դիջեյներ, երգիչներ և երաժիշտներ Հայաստանից, Եվրոպայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Նրանց թվում պետք է լինեին նաև ռուսաստանցի ռեփեր, Presnya Family երաժշտական լեյբլի հիմնադիր Kravz-ը և ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր Monatik-ը: Վերջին պահին սակայն, սեպտեմբերի 28-ի երեկոյան կազմակերպիչները հայտնեցին, որ համերգը չի կայանալու:

PanARMENIAN.Net - Կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, վաճառվեց ոչ ավելի քան 200 տոմս, և «նման մեծ միջոցառումը չի կարող իրականանալ առանց պետական և հովանավորչական աջակցության ու տոմսերի վաճառքի ցածր ակտիվության դեպքում»:

Այնուամենայնիվ, PanARMENIAN.Net ը հետաքրքիր փաստեր էր հավաքել ուկրաինացի կատարողի մասին՝ բացատրելով, թե ինչով էր գրավիչ լինելու 31-ամյա կատարող Դմիտրի Մոնատիկի համերգը (այո, այո, Մոնատիկը տարօրինակ բառ չէ, որը նա որպես կեղծանուն է վերցրել, դա նրա ազգանունն է), որին երբեմն Իվան Դորնի հետ են համեմատում, քանի որ երկուսն էլ Ուկրաինայից են և կատարում են ռիթմիկ երգեր: Սակայն, եթե Դորնը վաղ է սկսել ու շատ բուռն, Մոնատիկի մոտ ամեն ինչ շատ ավելի դանդաղ է ընթացել և ոչ այնքան հարթ:

Մինչև հայտնի հիթերի կատարող դառնալը Մոնատիկն ինչ ասես չի փորձել: 2003-ին նա ընդունվել է Անձնակազմի կառավարման միջտարածաշրջանային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետ, սակայն չի ավարտել: Ընթացքում նա հասկացել է, որ արդարադատությունն իր բնագավառը չէ: 2008-ին երգիչը մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա - 2» ուկրաինական հեռուստանախագծի քասթինգին, սակայն չի ընտրվել: 2010-ին նա մասնակցել է «Պարում են բոլորը» ուկրաինական նախագծի 3-րդ եթերաշրջանի քասթինգին, ընտրվել է, մասնակցել, սակայն լավագույն 20-յակի մեջ չի ընդգրկվել: Նույն տարում Մոնատիկը մասնակցել է «X-ֆակտորի» առաջին եթերաշրջանին և այստեղ է, որ լիովին դրսևորել է իրեն: 2011-ին Նիկոլայ Բայչենկոյի և D’Arts բալետի հետ համատեղ Մոնատիկն արդեն թողարկում է բջջային հեռախոսով նկարահանված դեբյուտային «ՏայՈւլետայու» հոլովակը, որը լավ արձագանքներ ստացավ:

2015-ին M1 ուկրաինական երաժշտական ալիքը Մոնատիկին «Տարվա հայտնագործություն» համարեց: 2016-ին երգիչը դարձավ ուկրաինական «Ձայնը. Երեխաներ» նախագծի ուղղորդողներից մեկը: Նույն տարում նա արժանացավ Տարվա լավագույն երգիչ կոչմանը M1-ի Music Awards-ում: Ի դեպ, նույն անվանակարգում ներկայացված էր նաև Իվան Դորնը, սակայն հաղթեց Մոնատիկը: Իր կարճատև կարիերայի ընթացքում Մոնատիկը հասցրեց 2 ալբոմ ձայնագրել՝ «Այսօրվա սաունդտրեկը» 2013-ին և «Հնչում է» ալբոմը 2016-ին: Նույն տարում տեղի ունեցավ նրա «Հանգստյան օր», «Պտտում է», «Հավերժություն» և «Քուն» հոլովակների պրեմիերան, որոնցից վերջինը նկարահանվել է ռեփեր L’One-ի մասնակցությամբ:

Այժմ նա ոչ միայն երգում ու պարում է, այլ նաև երգեր է գրում ինչպես իր, այնպես էլ հայտնի ռուսաստանցի երգիչներ Դիմա Բիլանի, Սվետլանա Լոբոդայի, Աննա Սեդոկովայի, Սերյոգայի և այլոց համար:

Լսելով Մոնատիկի երգերը՝ ինչպես իր, այնպես էլ այլ արտիստների համար գրված, կարելի է հասկանալ, որ նա առանձնապես չի կարևորում երգերի տեքստերը, ինչ-որ խորը իմաստ չի հաղորդում դրանց, բայց դժվար է թերագնահատել նրա երգերի ռիթմն ու բիթի որակը՝ նրա երգերը շատ բարդ է նստած լսել, քեզանից անկախ պարել ես ուզում, դե կամ, առնվազն ուսերդ ռիթմի տակ շարժել: Իսկ դա միանգամայն բավարար է երիտասարդական հիթեր կատարողի համար:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Օսկարակիր դերասան, ով հույս ունի դեռ շատ անգամ Հայաստան այցելել
9 պատճառ Absolut Moon Stage-ը բաց չթողնելու համար
Դերասանները վերջապես «մարդավարի» կաշխատեն
 Ուշադրության կենտրոնում
Հայտնի երգչուհի Ջոս Սթոունը տպավորված է հայկական գինու համով

Հայտնի երգչուհի Ջոս Սթոունը տպավորված է հայկական գինու համով Եգչուհին ՀՀ-ում եղել «Երևան Ջազ Ֆեստ» միջազգային փառատոնին շրջանակում

 Բաժնի այլ նյութերը
Պուլիցերյան լուսանկարներ Բոստոնի ահաբեկչությունից տուժածի պատմությունը
Պուլիցերյան լուսանկարներ Ահաբեկչություն Քենիայի առևտրի կենտրոնում
14-ամյա «Ոսկե ծիրանը» Ինչպես մեկնարկեց գլխավոր հայկական կինոփառատոնը