// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Նիկոլի թվի» 10 օրը

«Նիկոլի թվի» 10 օրը

Ինչ է հասցրել անել նոր կառավարությունը

Մայիսի 8-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման և ՀՀԿ-ի իշխանության դեմ պայքարող շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի 16-րդ վարչապետը: Արդեն նախկին ընդդիմադիր գործիչը 10 օր է, ինչ ղեկավարում է Հայաստանը: Ինչ որոշումներ են կայացրել և գործողություններ են նախաձեռնել նորընտիր վարչապետն ու իր կառավարությունն այս ընթացում՝ ամփոփում է PanARMENIAN.Net ը:

PanARMENIAN.Net - Բաղրամյան 26-ը՝ ներսից

Փաշինյանը Բաղրամյան 26-ում իր առաջին աշխատանքային օրը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հանրությանը ներկայացրեց արդեն նախկին նախագահականի սենյակները, վարչապետի աշխատասենյակը՝ այն, ինչ տարիներ շարունակ անհասանելի ու փակ էր և լրագրողների, և քաղաքացիների համար: Հետագա օրերին Փաշինյանը ուղիղ եթերով ցուցադրեց նաև կառավարության աշխատասենյակը, նախագահի ուղղաթիռը, ինքնաթիռի մի մասը, ինչպես նաև կառավարական առանձնատունը:

Մաքսազերծում «ռեկորդային արագությամբ»

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին հանձանրարականը վերաբերվում էր սահմանին ներկրվող ապրանքների մասքազերծման գործընթացի տևողության էական կրճատմանը, մաքսային ձևակերպումների պարզեցմանը:

«Ներկրում ենք՝ ինչ ուզում ենք, երբ ուզում ենք»

Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարական տվեց նաև ներկրվող ապրանքների վերաբերյալ։ Նա ասաց, որ «որևէ ապրանքատեսակի մուտք Հայաստան չի կարող սահմանափակվել»:

Փաշինյանի՝ ԼՂ խնդրի «նոր մոտեցումը»

ՀՀ նորընտիր վարչապետը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում առաջարկեց: Նրա խոսքով, ՀՀ-ն ղարաբաղյան հակամարտության կողմ է, և երկրի անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի։ Այս հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում հեռակա բանավեճերի տեղիք տվեց, որին ներքաշվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Չուգասզյանն ազատ արձակվեց

Մայիսի 11-ին ազատ արձակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը: Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց երաշխավորությամբ: Դրանից 1 օր առաջ ազատ էր արձակվել նաև Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ իրադարձությունների ժամանակ ձերբակալված Անդրիաս Ղուկասյանը։

Գործի՝ ոտքով և ուսապարկով

Փաշինյանը գործադիրի մայիսի 10-ի՝ իր գլխավորությամբ գումարվող առաջին նիստին գնաց ոտքով: Երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո էլ նա չի հրաժարվել իր ուսապարկից, որը, սակայն, այժմ թիկնապահն է կրում։

Հանդիպում Պուտինի հետ

Վարչապետն իր առաջին աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Սոչի քաղաք՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագրագույն տնտեսական խորհրդի նիստին: Այստեղ նրան առանձնակի ջերմությամբ դիմավորեց հայ համայնքը: Մայիսի 14-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կողմերը ընդգծեցին հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնեցին, որ դրանք «նույնքան դրական կլինեն, որքան մինչև օրս էին»: Փաշինյանն ակնարկեց նաև ռուսական նոր զինատեսակների վերաբերյալ հայակական կողմի հետաքրքրության մասին։

Ամենաերիտասարդ գործադիրը, հայ առաջին աթեիստ նախարարն ու Օսիպյանը

Իր պաշտոնավարման առաջին շաբաթում Նիկոլ Փաշինյանը հիմնովին փոխեց կառավարության կազմը: Նրա որոշ նշանակումներ՝ մասնավորապես առողջապահության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակումը, հանրային դժգոհություն առաջացրեց. պատճառը սոցիալական ցանցերում Թորոսյանի որոշ գրառումներն ու մեկնաբանություններ էին պատվաստումների մասին։ Նա, ի դեպ, աթեիստ է։

Փաշինյանն ու Երևանի նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք շարժման ողջ ընթացքում փշալարերի հակառակ կողմերում էին, այժմ նույն թիմում են: Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում Փաշինյանի՝ հանրության կողմից ոչ միանշանակ ընդունված որոշումներից էր:

Նորընտիր վարչապետի կառավարության կազմում է ՀՀ երբևէ ամենաերիտասարդ նախարարը՝ Մխիթար Հայրապետյանը. նա զբաղեցնում է Սփյուռքի նախարարի պաշտոնը: Հայրապետյանն առաջարկում է խորհրդարանում սփյուռքի գործիչներից կազմված երկրորդ պալատ ստեղծել: Նա նաև Գյումրիից Երևան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախձեռնած քայլարշավի գաղափարի հեղինակն է:

Վարչապետը մտադիր է փոխել նաև ՀՀ բոլոր մարզպետներին:

Դարոն Աճեմօղլուն հրավիրվեց ՀՀ

Փաշինյանը ՀՀ հրավիրեց հայազգի աշխահահռչակ տնտեսագետ,Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողվում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Դարոն (Տարոն) Աճեմօղլուին: Նա էլ պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու գործում:

Հետաձգված քննություններ, ՀԵՀ, «ռազմահայրենասիրական հայեցակարգ»

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հետ կանչեց նախորդ կառավարության մշակած Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը: Նրա որոշմամբ, հետաձգվեցին նաև ավարտական և միասնական քննությունները՝ պատճառաբանությամբ, որ շարժմանը մասանակցած աշակերտներն ու ուսանողները դրանց պատրաստվելու համար լրացուցիչ ժամանակի կարիք ունեն:

Նախարարը հրաանգեց դադարեցնել դրամահավաքները դպրոցներում, սակայն ոչ բոլորը հետևեցին այդ հրահանգին. Հարությույանն ահազանգի հիման վրա անսպասելիորեն հայտնվեց Երևանի դպրոցներից մեկում և դրամահավաքի դեպք բացահայտեց: Միջադեպից հետո էլ հայտարարեց, որ հրահանգին չենթարկվողներին համարժեք արձագանք կտրվի:

Հարությունյանը նաև հայտարարեց, որ բուհերն այսուհետ պարտադրված չեն լինի գումար վճարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:

Դեղատոմսեր, կասկածելի հատկացումներ

ՀՀ առողջապահության նախարարն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ նախարարությունում քննարկվում է դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցների կարգի ներդնումը մեկ տարով հետաձգելու հարցը:

Նա նաև ուշագրավ տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն առողջապահության նախարարությունը տարեկան խոշոր գումարներ է հատկացրել մասնավոր մի շարք ընկերությունների՝ չարդարցված կամ կասկածելի նպատակներով: Օրինակ՝ տուբերկուլոզով և այլ հիվանդություններով տառապող երեխաներին սանատոր-կուրորտային ծառայություններ մատուցող ընկերությանն ավելի քան 270 մլն դրամ է հատկացվել:

150.000 դրամ նպաստ՝ 3-րդ երեխային

ՀՀ նորանշանակ սոցապ նախարար Մանե Թանդիլյանն առաջարկեց 2018թ. հուլիսի 1-ից 2-րդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանելով 150.000 դրամ:

Նախկինում կուտակային կենսաթոշակային պարդատիր համակարգի դեմ պայքարող Թանդիլյանը հայտարարեց, որ համակարգը «Հայաստանին պետք է, ինչն ամենևին չի նշանակում, որ նա կողմ է պարտադիր բաղադրիչին»:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Հնարավո՞ր է դա արդյոք առանց կոալիցիոն գործընկերների
 Ուշադրության կենտրոնում
ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. Ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը

ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. Ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին

 Բաժնի այլ նյութերը
Փաշինյան - Սարգսյան - Տեր-Պետրոսյան Հայաստանը՝ ԼՂ հիմնախնդրի կողմ լինելու մասին