// IP Marketing video - START// IP Marketing video - END
100 օրվա տնտեսություն

100 օրվա տնտեսություն

Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը

Օգոստոսի 17-ին լրացավ Հայաստանի նոր կառավարության գործունեության առաջին 100 օրը: Գործադիրի տնտեսական քաղաքականության շոշափելի արդյունքերի մասին խոսելու համար դեռևս վաղ է։ Ակնհայտ է, սակայն, որ տնտեսական «վերակառուցման» համար կառավարությունը ջանքեր է գործադրում ազատ մրցակցության ապահովման, կոռուպցիայի ու հովանավորչության բացառման համար՝ դեռ հին իշխանությունների մշակած օրենքների ու գործիքակազմի դաշտում, ինչպես նաև աշխատում է օրենսդրւթյան փոփոխության վրա։ PanARMENIAN.Net ն առանձնացրել է Թավշյա հեղափոխությունից հետո տնտեսական կյանքի ուշագրավ փոփոխությունները:

PanARMENIAN.Net - 41,7 մլրդ դրամի վնասի հայտնաբերում

3 ամսում ՊԵԿ-ի հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 41,7 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։ Դրանից բյուջե է վերականգնվել մոտ 18 մլրդ դրամը։

Կուտակային համակարգ. 2,5%-ը՝ քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։ Նոր կառավարությունը որոշեց, որ կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշխատավարձից կուտակվող 10%-ից կվճարի 2,5%-ը՝ նախկին 5%-ի փոխարեն, իսկ պետությունը կվճարի 7,5%-ը՝ նախկին 5%-ի փոխարեն: Որոշման հետևանքով բյուջեի ծախսերը կավելանա լրցուցիչ 12-15 մլրդ դրամով։ Մյուս կողմից՝ որոշումը դրական կանդրադառնա մոտ 207.000 աշխատող քաղաքացու վրա՝ նրանց եկամուտները կավելանան միջինը 5000 դրամով։

Որոշումը քննադատվել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից․ վերջինս, մասնավորապես, նշում էր, որ ընդունված որոշմամբ «այսօրվա թոշակառուները, ում թոշակը չի բարձրացվում, վճարում են վաղվա թոշակառուների հարկերը, փոխանակ տեղի ունենա հակառակը»։

Ցածր տոկոսներով բնակարան՝ երիտասարդներին և զինծառայողներին

Կառավարությունը երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը գործող 9,5%-ից իջեցրեց 7,5%-ի: Կնվազեն նաև կանխավճարները՝ գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում կսահմանվի 10%:

Սուբվենցիաներ՝ համայնքներին

Գործող կառավարությունը հայտարարեց մինչև 15 մլրդ դրամ համայնքներին որպես սուբվենցիա տրամադրելու պատրաստակամության մասին: Փաշինյանը կոչ արեց ներկայացնել համայնքային զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք կվերաբերվեն ենթակառուցվածքների, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային և ճանապարհներին:

Նոր հարկային օրենսգրքի մշակման սկիզբ

Կառավարությունը հայտարարեց 2018-ի հունվարից ուժի մեջ մտած հարկային օրենսգիրքը փոխելու նախաձեռնության մասին, այդ թվում՝ վարչարարության պարզեցման նպատակով։ Մանրամասներ այն մասին, թե ինչպիսին է այն լինելու, չկան։ Սակայն կառավարության տարբեր աշխատակիցներ, մասնավորապես, Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, հայտարարել է, որ նոր օրենսգիրքը ենթադրում է եկամտային հարկի նվազեցում ու հարկատեսակների քանակի նվազեցում։

Էլէներգիան ու զազն էժանացան անապահովների համար

«Գազպրոմ Արմենիա» և «ՀԷՑ» ՓԲ ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում՝ ընկերությունների կողմից որոշվեց սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների մասնակի փոխհատուցման մասին։ Գազն անապահովների համար էժանացել է 20 դրամով, հոսանքը՝ 10 դրամով։

Չեղարկվեց ԲԷՑ փոխանցումը «Տաշիրին»

ՀՀ կառավարությունը չեղարկեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ որոշումը և ԲԷՑ-ը մնաց պետական կառավարման ոլորտում: Որոշումը քննադատվել էր «Տաշիրի» կողմից. ընկերությունը, մասնավարոպես, նշում էր, որ Հայաստան-Վրաստան նոր օդային գիծը պատրաստ էր կառուցել $200 մլն փոխարեն $70 մլն-ով, ինչը $130 մլն-ով կնվազեցներ պետական պարտքը։

Վարորդների չմուծված տուգանքների ներում

Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում իրականացվեց. վարչական ակտերով նախատեսված 13,3 մլրդ դրամի տուգանք ներվեց մոտ 150.000 վարորդի:

Խոշոր հարկատուները կտրուկ մեծացրել են վճարվող հարկերը

2018-ի՝ հետհեղափոխական 2-րդ եռամսյակում՝ 1-ինի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճրարումներն աճեցին 50%-ով՝ 178,6 մլրդ դրամից հասնելով 268 մլրդ դրամի։ Իսկ համադրելի՝ 2017-ի 2-րդ եռամսյակի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճեց 64,5 մլրդ դրամով կամ 31,6%-ով: Նախորդ կառավարության օրոք խոշոր հարկատուների հարկերը ևս աճում էին, սակայն անհամեմատ ավելի դանդաղ․ 2017-ի 2-րդ եռամսյակում «1000 խոշորները» ավելացրել էին 2016-ի 2-րդ եռամսյակի համեմատ հարկերը 7%-ով: Թավշյա հեղափոխությունից հետո խոշոր տնտեսվարողներից գանձվող հարկերի աճի տեմպն արագացավ 4,5 անգամ։

Իսկ մնացածներն, ընդհակառակը՝ «արձակուրդում են»

Կառավարությունը նվազեցրեց փոքր ու միջին բիզնեսի ստուգումների թիվը, ինչը նաև բերեց նրանց վճարումների նվազեցմանը։ Այսպես, հետհեղափոխական եռամսյակում դրանք կազմել են 63,1 մլրդ դրամ, ինչը 30-32%-ով պակաս է 2018-ի նախահեղափոխական 1-ին եռամսյակի ու համադրելի՝ 2017-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշներից։

Սուպերմարկետներին ԱԱՀ դաշտ բերելը՝ խնդիր միս արտադրողների համար

Սուպերմարկետներում մսի ու մրգեղենի վաճառքի ժամանակ ԱԱՀ-ից խուսափելու սխեման բացահայտելու ու այն արգելելու հետևանքով խնդիրներ առաջացրեց միս արտադրողների համար․ վերջիններս անգամ բողոքի ցույցեր անցկացրեցին կառավարության մոտ, հայտնելով, որ սուպերմերկետները չեն ուզում գնել տեղական արտադրողի միսը։ Տեղական միսը 20%-ով թանկացնելու, փոքր խանութներից թանկ գնով վաճառելու ու ոչ մրցունակ դառնալու փոխարեն սուպերմարկետները նախընտրում են գնել բելառուսական ու ռուսական միս, որի արժեքը՝ ներառյալ ԱԱՀ-ն, մոտ է տեղականի գնին փոքր խանութներում։

Գյուղացիների վարկերի տււյժերը ներվեցին

Կառավարության առաջարկով Հայաստանի բանկերը ներեցին Ֆիզիկական անձանց՝ մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի, այդ թվում գյուղատնտեսական, գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում

Օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների մոտ 10.000 բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատողների աշխատավարձը բարձրացավ 15%-ով: Մեկնարկեց և շարունակվում է «Նաիրիտ» գործարանի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակցի՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը։

Ռեստորանների հարկման նոր կարգ՝ դժգոհ տնտեսվարող

Հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունը տեղափոխվեց շրջանառության հարկի համակարգ: Այսուհետև ոլորտի տնտեսվարողների հարկը կհաշվարկվի իրացման շրջանառության 8%-ից նախկին10%-ի փոխարեն՝ նվազեցվելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 5%-ը՝ նախկին 6%-ի փոխարեն:Կառավարությունն այս խնդիրը ժառանգել է հին Հարկային օրենսգքրից ու փորձել մեղմել այն, սակայն տնտեսվարողները շարունակում են բ դժգոհել Փաշինյանի կառավարության առաջարկած տարբերակից ևս։

Տոնավաճառների վարձակալման գնի նվազում

Մի շարք տոնավաճառների՝ «Փեթակ» ՍՊԸ, «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ (Սուրմալու), «ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (Rich Plaza), «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ (Մալաթիա), «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ, առևտրի իրականացման վայրերում գործող վաճառատեղերի վճարների գումարները իջեցվեցին մոտ 20%-ով։

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Պաշտոնական թվերի և իրականության հակասությունը
ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին
Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
 Ուշադրության կենտրոնում
Polymetal-ը վաճառել է Կապանի ոսկու հանքը $55 միլիոնով

Polymetal-ը վաճառել է Կապանի ոսկու հանքը $55 միլիոնով Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով

 Բաժնի այլ նյութերը
«Երազ իմ երկիր Հոնդուրաս» Որ երկրներին են հավասար ՀՀ մարզերի ՀՆԱ ցուցանիշները
Գները հիմա և 10 տարի առաջ Որքան է թանկացել կյանքը ՀՀ-ում
Ճամպրուկային տրամադրություն Ով ինչքան է ծախսում բյուջեից գործուղումների վրա