Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին

Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին

2018-ի «մեղադրյալները»

Հայաստանում ապրիլյան իրադարձություններից հետո իրավապահ համակարգը գնաց բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, նրանց հարազատների և փոխկապակցված անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ տարիներ շարունակ շրջանառվող տեղեկությունների հետքերով: Սրան զուգահեռ՝ վերաբացվեցին նախկինում անհասկանալի պայմաններում կարճված, աղմկահարույց իրադարձությունների հետ կապվող քրեական գործեր, և մեղադրյալի աթոռին հայտնվեցին անկախ Հայաստանում բարձր պետական պաշտոններ զբաղեցրած տասնյակ մարդիկ՝ քաղաքապետից մինչև նախագահ, ոստիկանապետից մինչև միջազգային կառույցի գլխավոր քարտուղար: PanARMENIAN.Net - ը մեկտեղել է ապրիլյան իրադարձություններից հետո քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների գործերը:

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, կալանավորված է:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզվում է:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյան՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալ:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, կալանքը փոխվել է 5 մլն դրամ գրավի դիմաց:

Գործարար Սամվել Մայրապետյան` կաշառք ստանալուն օժանդակելու գործով մեղադրյալ, կալանքը փոխվել է 30 մլն դրամ գրավի դիմաց:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյան՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով մեղադրյալ, հետախուզվում է:

Գեներալ Մանվել Գրիգորյան՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով մեղադրյալ, կալանքը փոխվել է 25 մլն դրամ գրավի դիմաց:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի ավագ որդի Հայկ Սարգսյան՝ սպանության փորձի գործով մեղադրյալ, կալանքը փոխվել է 50 մլն դրամ գրավի դիմաց:

Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդի Նարեկ Սարգսյան՝ անձի առևանգման, ծեծի, ապօրինի զենք և թմրադեղեր պահելու գործերով մեղադրյալ, Ինտերպոլի կողմից հայտնաբերվել է Պրահայում:

Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյան՝ ապօրինի հարստացման գործով մեղադրյալ, հետախուզվում է:

Լևոն Սարգսյանի դուստր Անի Սարգսյան՝ ապօրինի հարստացման գործով մեղադրյալ, խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալ:

Լևոն Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյան՝ ապօրինի հարստացման գործով մեղադրյալ, խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալ:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյան՝ ապօրինի հարստացման գործով մեղադրյալ, կալանավորված է:

Սերժ Սարգսյանի կնքահայր Բարսեղ Բեգլարյան՝ բռնության գործադրմամբ, սպառնալիքով ինքնիրավչության գործով մեղադրյալ, խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալ:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյան՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու գործով մեղադրյալ, ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց:

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով մեղադրյալ, խափանման միջոց չկա:

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյան՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալ, կալանավորված է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան՝ մեղադրյալ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու գործով, խափանման միջոց չկա:

ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյան՝ փողերի լվացման գործով մեղադրյալ, խափանման միջոց չկա:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ընթերցեք նաև՝ «Կալանքը փոխելը պատժից ազատել չէ. Ինչ է նշանակում «խափանման միջոց»:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
2018-ի անսպասելի լուրերը Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
---