// IP Marketing video - START// IP Marketing video - END
Նվազել են արդյոք Ալեքսանյանի հարկերը

Նվազել են արդյոք Ալեքսանյանի հարկերը

Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո

2018 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկատուները վճարել են պետբյուջե մոտ 926․5 մլրդ դրամ 2017-ի 807․4 մլրդ դիմաց։ Բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներն, ընդ որում, կազմել են 1.306 մլրդ դրամ նախորդ տարվա 1․158 մլրդ դիմաց։ Այսինքն, 1000 խոշոր ձեռնարկությունները ապահովել են հարկերի 70․9 տոկոսն 2018-ի 69․7 տոկոսի դիմաց։ Առավել հետաքրքրիր են մեծահարուստ գործարարների վճարած հարկերի ծավալի փոփոխությունները։

PanARMENIAN.Net - Մասնավորապես, քննարկվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից հարկերի նվազման փաստը․ 2017-ի մոտ 21․470 մլրդ դրամի դիմաց 2018-ին ընկերությունը մոտ 16․2 մլրդ դրամ է վճարել, անկումը՝ մոտ 24%։ Սակայն 1000 խոշոր հարկատուների ցանկում առկա են Ալեքսանյանին պատկանող նաև այլ ընկերություններ։

Նախ հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Ալեքսանյանների ընկերություններում գրանցված աշխատողների թիվը կտրուկ աճել էր, ինչի մասին գրել էինք 2018-ի ամռանը։ Սակայն Ալեքսանյանը սովորություն ունի հաճախ վերանվանել, տրոհել, փոփոխել ընկերությունների անունները՝ դրանցից խոշորագույնները ժամանակին կոչվել էին «Սալեքս Գրուպ», «Ալեքս Գրիգ», «Ա և Գ» և այլն։ Այժմ Սամվել Ալեքսանյանն, ըստ ամենայնի, կրկին վերակազմավորում է իր ընկերություններից ոմանք․ «Ալեքս Հոլդինգը», որի աշխատողների թիվն ապրիլին 4310-ի դիմաց հունիսին արդեն մոտ 5200 էր, դեկտեմբերին մնացել է 144 աշխատողով։ Փոխարենը, օրինակ, հայտնվել է «Սիթին»՝ 4428, ու «Ալեքս էնդ հոլդինգը» 160 աշխատողով։

Ալեքսանյանի կամ իր ընտանիքի հետ կապվող ընկերություններից են 2017-ի կամ 2018-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում առկա «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս Գրիգ», «Ալեքս տեքստիլ», «Ալկո իմպորտ-էքսպորտ», «Ալեքս էնդ հոլդինգ», «Վեգա», «Նատալի ֆարմ», «Սիթի», «Ալկո իմպորտ էքսպորտ», «Բաղրամյան» ընկերությունները։

2018-ին Այդ ընկերությունները վճարել են մոտ 33․8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր 2017-ի մոտ 30․2 մլրդի դիմաց։ Աճը կազմել է մոտ 3․66 մլրդ դրամ կամ մոտ 12%։ Սակայն առավել հետաքրքիր է նշված ընկերությունների կողմից ուղղակի հարկերի ու այլ հարկատեսակների վճարման փոփոխությունը․ եթե, օրինակ, ԱԱՀ-ն տնտեսվարողը փաստացի, շատ կոպիտ ասած, պարզապես ստանում է գնորդից ու պետությանն է փոխանցում, իսկ տարատեսակ տուրքերն ու այլ հարկատեսակները ներառում է վաճառվող ապրանքի կամ ծառայության գնի մեջ, ապա շահութահարկը վճարվում է արդեն ընկերության շահույթից, իսկ եկամտային հարկը թույլ է տալիս պատկերցում կազմել գրանցվող աշխատողների վերաբերյալ։

Այսպես, նշված ընկերությունները 2017 թվականին վճարել են համարյա 3 մլրդ դրամ ուղղակի հարկեր։ 2018-ին նրանց ուղղակի հարկերը կազմել են համարյա 7 մլրդ (6.935 մլրդ դրամ), ուղղակի հարկերն աճել են մոտ 2․3 անգամ։ Նշված ընկերություններից միայն «Ալեքս Հոլդինգի» շահութահարկը կազմել է ավելի մեծ գումար, քան նշված բոլոր ընկերությունների վճարած շահութահարկն ու եկամտային հարկը 2017-ին։

Հավանական է, որ թե ընդամենը հարկերի, թե ուղղակի հարկերի թիվն ավելի մեծ է, պարզապես դրանք չեն երևում նոր ընկերությունների՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում չհայտնվելու պատճառով։

Ի դեպ, Ալեքսանյանը, որը հայտնի էր, մասնավորապես, շաքարավազի դաշտում մենաշնորհային դիրքով, թուլացրել է է նշված շուկայում դիրքերը։ ՏՄՊՊՀ տվյալներով, եթե մինչև հեղափոխություն նրան էր բաժին հասնում շաքարավազի շուկայի 98 տոկոսը, հեղափոխությունից հետո՝ նոյեմբերի դրությամբ, ցուցանիշն իջավ մինչև 78 տոկոս։

Հայաստանում սպառվող շաքարավազի ծավալներն 2018-ին աճել են, իսկ գինը՝ հակառակը, ընկել։ ԱՎԾ տվյալներով, 2018ին երկրում սպառվել է 81.7 հազար տոննա շաքարավազ՝ կգ-ն 330 դրամ միջին գնով, իսկ 2017-ին՝ 72․5 հազար տոննա՝ կգ-ն 398 դրամով։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը
 Ուշադրության կենտրոնում
«Իմ քայլը»   նվազագույն աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնող նախագիծ են մշակել

«Իմ քայլը» նվազագույն աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնող նախագիծ են մշակել Առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ

 Բաժնի այլ նյութերը
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
Տնտեսությունը դուրս է գալիս հեղափոխական շոկից ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին
Ինչպես են «խոշորները» գրավում Երևանի առևտուրը Պաշտոնական թվերի և իրականության հակասությունը