«Կարանտինային» գրքեր՝ ինքնամեկուսացածների համար

«Կարանտինային» գրքեր՝ ինքնամեկուսացածների համար

Ձանձրույթի դեմ պայքարի 7 վերնագիր

Կորոնավիրուսի բռնկումից հետո շատերը, հուսով ենք, մնացել են տանը, ու ոմանք այնքան ազատ ժամանակ ունեն, որ անվերջ զուգարանի թուղթ են գնում, ոմանք էլ սկսում են նորից ու ավելի մոտիկից ճանաչել ընտանիքի անդամներին։

PanARMENIAN.Net - Ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու համար PanARMENIAN.Net ն առանձնացրել է համաշխարհային գրականության ամենահայտնի օրինակներից մի քանիսը, որտեղ հերոսները բախվում են նմանատիպ խնդիրների, ինչ աշխարհը՝ այսօր։

Ներկայացվող գրքերից որոշները հատուկ ներառել ենք մեկուսացումն ավելի հարմարավետ, հետաքրքիր կամ «տաքուկ» դարձնելու համար։

Սթիվեն Քինգ, «Դիմակայություն» (The Stand)

Շատերի կարծիքով՝ «սարսափի արքայի» լավագույն վեպը, որը հաստատ չի բարձրացնի ձեր տրամադրությունն այս օրերին։ Ամերիկյան բիոլաբորատորիայում գրիպի մահաբեր վթարի ժամանակ սարսափած աշխատողը դուրս է պրծնում օբյեկտից ու փախչում՝ շրջանցելով կարանտինը, մահանում ու դառնում գրեթե ամբողջ երկրի մահվան պատճառ։ Ցիվիլիզացիայի փլատակների վրա կենդանի մնացած տարբեր կենսագրության ու բարոյականության մարդիկ՝ կիրթ ու անկիրթ, խաղաղ ու ագրեսիվ, մանյակներ ու հոգեպես անառողջ մարդիկ (ու ոչ միայն մարդիկ) փորձում են «նոր աշխարհ» կառուցել։ Կանխատեսելի խնդիրներով։ Վեպը գոյություն ունի երկու տարբերակով՝ առաջին հրատարակությունն ու երկրորդը՝ լրացվածը։ Առանց այդ էլ հաստ գիրքը մեծացել է մի քանի հարյուր էջով, բայց եթե կարդալու լինեք՝ մի ափսոսեք մի քանի լրացուցիչ օրն ու կարդացեք հենց երկրորդ տարբերակը։

Նիլ Գեյման և Թերրի Փրաթչեթ, «Բարի նախանշաններ» (Good Omens)

Ինչպես ասում է անգլիացի դրամատուրգ և վիպասան Քլայվ Բարկերը, «ապոկալիպսիսը դեռ երբեք այսքան զվարճալի չի եղել»։ Եվ իսկապես` Նիլ Գեյմանի և Թերրի Փրաթչեթի գործակցությունից մի մեծ ու հավասարը չունեցող գլուխգործոց է ծնվել։ 1655 թվականին գրված կանխատեսումների համաձայն՝ աշխարհի վերջը շատ մոտ է, իսկ ավելի կոնկրետ՝ եկող շաբաթ օրը։ «Չարի» ու «Բարու» բանակները պատրաստվում են, բայց աշխարհի ստեղծումից ի վեր մարդկանց մեջ ապրած հրեշտակն ու դևը փոքր-ինչ այլ պլաններ ունեն։ Կարդացեք, չեք փոշմանի։

Շառլոթ Բրոնտե, «Ջեյն Էյր» (Jane Eyre)

Հաճախ «աղջկական» ներկայացվող այս վեպն իրականում գեղեցիկ պատմություն է աղքատ, բայց անվախ Ջեյնի մասին, որը դաժան փորձություններ է հաղթահարում, մինչև դառնում է խորհրդավոր և գրավիչ միստր Ռոչեստրի դստեր դաստիարակչուհին: Գրքի սկզբում Բրոնտեի վեպի հերոսուհին տիֆի համաճարակի միջով է անցնում, ինչը, սակայն, չի ստվերում գրքում արտացոլված անծայր բարությունն ու ջերմությունը։

Կուրտ Վոնեգութ, «Կատվի ճոճք» (Cat's Cradle)

Վոնեգութի թերևս ամենահետաքրքիր գործերից մեկը՝ «Կատվի ճոճքը», յուրօրինակ ապոկալիպտիկ վեպ է երկրագնդի մոտալուտ վախճանի մասին։ Գրքի «գլխավոր հերոսը» սառույց-ինը (ice-nine) կոչվող նյութն է, որի նույնիսկ ամենափոքր մասնիկը կարող է բյուրեղացնել աշխարհի բոլոր ծովերը, գետերը և ստորերկրյա ջրերը։ Ինչն էլ հենց լինում է։ Կամ գոնե մոտավորապես։ Գիրքն իրականում և լուրջ է, և սատիրիկ, տեղ-տեղ՝ հումորային, տեղ-տեղ խորհրդավոր։

Դուգլաս Ադամս, «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» (The Hitchhiker's Guide to the Galaxy)

Համաձայն ենք՝ վերնագրի ամենահաջող լոկալիզացիան չէ, բայց հավատացեք՝ գիրքն իսկապես հիանալի է, առավել ևս եթե կարդաք բնօրինակը։ Վեպի հենց սկզբում Երկիր մոլորակն ամբողջությամբ քանդվում, ոչնչացվում է՝ միջգալակտիկական մայրուղու կառուցման համար։ Երկրաբնակ Արթուր Դենտին վերջին վայրկյանին հաջողվում է «թռնել» փոշիացող Երկրից իր ընկեր Ֆորդ Պրեֆեկտի շնորհիվ, որն ուրիշ մոլորակից էր ու վերջին 15 տարում աշխատում էր «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույցի» նոր հրատարակության վրա։ Երկուսով նրանք հայտնվում են տիեզերքի ամենաանհավանական կետերում, հանդիպում անհասկանալի ու հասկանալի էակների և իրենց նման այլ ճանապարհորդների։ Գրքի առաջին մասից հետո գրվել և լույս է տեսել ևս չորս գիրք՝ մեկը մյուսից ֆանտաստիկ (բառի բոլոր իմաստներով)։

Ջովաննի Բոկաչչո, «Դեկամերոն» (Decameron)

«Դեկամերոնը», թերևս, աշխարհի ամենահայտնի ու ընթերցված գործերից է, որը համաճարակի ու մեկուսացման պայմաններում ապրող մարդկանց մասին և նրանց կողմից հորինված պատմվածքների ժողովածու է։ Բոկաչչոյի գրքում տասը երիտասարդ՝ յոթ աղջիկ և երեք տղամարդ, 14-րդ դարի ժանտախտի համաճարակի ժամանակ մեկուսանում են ֆլորենտական մի վիլլայում, որտեղ ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար ամեն մեկը 10 պատմվածք է պատմում։ Արդյունքում հավաքվում է ընդհանուր առմամբ 100 պատմություն՝ աշխույժ, տարօրինակ, հումորային, ռոմանտիկ ու հաճախ էրոտիկ։

Ալբեր Կամյու, «Ժանտախտը» ( La Peste)

Կամյուի «Ժանտախտը» ներառվել է վերջին օրերին ներկայացվող գրեթե բոլոր ցանկերում, ու ոչ առանց պատճառի։ Վեպն այն մասին է, թե ինչպես է բուբոնիկ ժանտախտի բռնկումն իրար խառնում հյուսիսաֆրիկյան ծովափնյա քաղաքի բնակչությանը։ Մեզանից շատերն այս գիրքը կարդացել են շատ ավելի երիտասարդ տարիքում, քան արժեր, բայց վերընթերցելը և, առհասարակ, կարդալն առավել քան արդիական է, եթե հաշվի առնենք, որ այն լավագույնս դրսևորում է մարդու խոցելիությունը, բայց և դիմացկունությունը, միասնական լինելու կարևորությունը, և որ ժանտախտից, իսկ մեր պարագայում՝ «կորոնավիրուսից հետո կյանք կա»։

Որպես բոնուս՝ չմոռանաք Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին»:

Սրբուհի Մարտիրոսյան, Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
DZEN-ին ներկա լինելու 9 պատճառ
Հնեցված վիսկիի համով Գայ Ռիչիի ֆիլմը
7 սերիալ՝ կարանտինը հետաքրքիր դարձնելու համար
 Ուշադրության կենտրոնում
Կաննի փառատոնը հետաձգվում է

Կաննի փառատոնը հետաձգվում է Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը

 Բաժնի այլ նյութերը
Շպռոտից՝ Ռեինկարնացիա 2019-ի հայկական երգերը, որոնց համար չենք ամաչում
Ընդլայնելով սահմանները Երևանում կկայանա Իվան Դորնի համերգը՝ նոր ձևաչափով
Անցյալի Հայաստանին ապագա է պետք ԽՍՀՄ ինտերակտիվ թանգարանը հրդեհից հետո տանիք է փնտրում