Իրան–Ադրբեջան առճակատում՝ տարածքային պահանջներով և լրտեսական սկանդալով

Իրան–Ադրբեջան առճակատում՝ տարածքային պահանջներով և լրտեսական սկանդալով

Վերջին ամսվա զարգացումները

Լարվածությունն արդեն ոչ ոք չի թաքցնում։ Դրա մասին խոսում են երկու երկրի արտգործնախարարները։ Իրար հետ։ Կան տարածքային պահանջներ, կա լրտեսական սկանդալ։ Եվ պիկը, իհարկե, Իրանի մեջլիսի պատգամավորների սաստիչ հակաալիևյան հայտարարություններն են։

PanARMENIAN.Net - «Իրան–Ադրբեջան առճակատումը վտանգավոր թափ է հավաքում․ Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում» հոդվածից հետո առճակատումն ավելի վտանգավոր փուլում է, և հիմա ներկայացնում ենք շարունակությունը՝ իրադարձություններ, որոնք զարգացել են վերջին 1 ամսում։

Ամեն ինչ այնքան լարված է, որ նկատել են ԱԳ նախարարները։ Աբդոլահիան–Բայրամով հեռախոսազրույցի կարիք է եղել։ Առայժմ լարվածությունը վերագրելով հանրային քննարկումների մակարդակին՝ որոշել են ուղիղ կապի մեջ դնել երկու երկրի ԱԳՆ խոսնակներին ու գտնել լարվածությունը նվազեցնելու ուղիներ։

Հենց ԱԳՆ խոսնակներին գործի դնելը բոլորովին պատահական որոշում չէ։ Թեհրան–Բաքու Էսկալացիան առաջին հերթին մեդիահարթակում է։ Ադրբեջանական հեռուստաալիքները բացեիբաց տարածքային հավակնություններ են ցուցադրում Իրանին՝ իրար հերթ չտալով ողջունելով Իրանի տարածքի թյուրքախոսներին՝ օգտագործելով «այս կողմի և այն կողմի Ադրբեջան» ձևակերպումները։ Իրանական հեռուստաալիքները պատասխանեցին առաջին իսկ նման հայտարարությանը՝ ճիշտ նույն երեկոյան բարի գիշեր մաղթելով Իրանի պատմական և հարվերժական հողեր Բաքվի, Գյանջայի և Նախիջևանի բնակիչներին։

Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը գնաց ավելի հեռու։ Լուրերի մեկնաբանկը հայտարարեց՝ «Իրանն ուզում է իր բարեկամ Հայաստանի հյուպատոսությունը բացել Թավրիզում, որի ադրբեջանական լինելը հայտնի է: Հիմա իրերն իրենց անուններով կոչելու ճիշտ ժամանակն է: Թավրիզն Ադրբեջան է»: Ճիշտ Ալիևի նման, որը հայտարարում է, թե Ղարաբաղն Ադրբեջան է։

Սրանից բացի, Բաքվի առաջին շարքերից ուղղորդվող մեկ այլ հեռուստաալիք, Իրանի Իսլամական Հանրապետությունը որակելով մոլլաների ռեժիմ, արխիվից հանել է Արցախի պատերազմական կադրերը ու հարցնում՝ ինչ գործ ունեն Իրանի զինվորներն Արցախի՝ այժմ օկուպացված, Իրանի հետ սահմանակից տարածքում: Բայց ուշագրավն այն է, որ եթե Իրանի զինծառայողներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում լինեին, ադրբեջանցիներն առնվազն կկարողանային նրանց ցույց տալ ավելի մոտիկից:

Ինչպես միշտ, Իրան–Ադրբեջան հարաբերությունների բոլոր թեժ փուլերում, այս անգամ ևս Բաքուն ավելացրեց իր արդեն ավանդական բաղադրիչը: Բացահայտել են լրտեսական ցանց՝ բացահայտումը վերածելով իսկական շոուի: Գաղտնի ձայնագրություններ ու խոստովանական ցուցմունքներ. Ադրբեջանի 5 քաղաքացու ձերբակալել են և մեղադրում են Իրանի օգտին լրտեսություն անելու, պետական դավաճանության մեջ:

Ի՞նչ են փորձել իմանալ Իրանում Ադրբեջանի մասին: Նավթահորերին առնչվող արտասահմանյան ընկերությունների տվյալները, նավթագազատարների ուղիները, և ամենակարևորը՝ ռազմական բնույթի տեղեկություններ՝ հատկապես Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի նորակառույց ռազմական ենթակառուցվածքների, այնտեղ տեղակայված ադրբեջանի ռազմատեխնիկայի ու անօդաչուների մասին։

Հայտնում են նաև, թե լրտեսական ցանցը կառավարվում է Իրանից՝ դարձյալ ադրբեջանցիների կողմից՝ Իրանի հատուկ ծառայությունների ցուցումներով: Ստեղծել են փակ խմբեր և տարածում են Ադրբեջանի համար վտանգավոր, ծայրահեղական գաղափարներ:

Եվ առճակատման պիկը, իհարկե, Իրանի մեջլիսում էր, որտեղ հակաալիևյան իսկական աղմուկ է բարձրացել՝ բառի բուն իմաստով։ Սաստիչ տոնով և ամենախիստ ձևակերպումներով Իրանի պատգամավորները պատմության ծանրագույն դաս են տվել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի տարածքի մասին, որովհետև Ալիևը համարձակվել էր Շուշիից հայտարարություններ անել Իրանի մասին:

«Ադրբեջանի նախագահին Առաջարկում եմ կարդալ Գյուլիստանի պայմանագիրը, որ իմանա, թե ինչն ինչից է անջատվել։ Եթե Գյուլիստանի պայմանագիրը չկատարվեր, Ադրբեջանը կլիներ Իրանի մի մասը, և նա չէր կարող դառնալ այդ երկրի նախագահը» ,– ասել է պատգամավոր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին։

Ռուս-պարսկական պատերազմի արդյունքով 1813 թվականին Արցախի Գյուլիստան գյուղում ստորագրված պայմանագրով Ռուսական կայսրությանն անցել էր նաև Ադրբեջանի այժմյան տարածքը: Եվ Իրանի պատգամավորներին զայրացրել է հենց այն, որ հիմա Բաքվում իրար հերթ չտալով արշավ են սկսել Իրանի տարածքային ամբողջականության դեմ՝ բացեբիաց հայտարարելով, թե Ադրբեջանի հետ սահմանակից իրանական տարածքներն Ադրբեջանի մաս են:

«Պարոն Իլհամ Ալիև, ականջներդ բացիր և խոսքս լսիր: Իրականությունն այն է, որ Ադրբեջանն է Իրանից անջատվել, ոչ թե հակառակը: Դուք և Նախիջևանը պետք է միանաք Իրանին», – ասել է պատգամավոր Մոհամմադռեզա Միրթաջեդինին։

Բաքվի տարածքային պահանջներին գումարվել էր այն, որ Թյուրքական երկրների նախագահների սամիթին Ալիևը պատմել էր 40 միլիոն ճնշված ադրբեջանցիների մասին՝ նկատի ունենալով Իրանի տարածքի ադրբեջանցիներին: Թեհրանում այս հայտարարությունը լսել են, պատասխանել է մեջլիսի պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիղաշը․

«Այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը սադրիչ հայտարարություններ է արել։ Մենք ականատես ենք այդ երկրի ձևական խորհրդարանի, դրա պատգամավորների և որոշ զառանցող լրատվամիջոցների ամբարտավանությանն ու ոտնձգություններին՝ մեր երկրի տարածքային ամբողջականության և մեր ազգային ինքնության դեմ»։

Իրանի հյուսիսում տեղավորված Ադրբեջանի նախագահին նույն պատգամավորը զգուշացրել է դուրս գալ թյուր պատկերացումների և հում պատրանքների արանքից, երևակայության գիրկը չընկնել և չոգևորվել պատեհապաշտ դաշնակիցների աջակցությունից։ Ալիևը ոտքը դրել է սեփական գորգից այն կողմ և տրվել իր պատրանքներին՝ նաև խնդիրներ ստեղծելով հայ ժողովրդի դեմ, ասել է պատգամավորը և իրանական վտանգը թերագնահատողների համար բառացի հստակեցրել՝ Ադրբեջանն ու իր հովանավորն իրենց հետ գերեզման կտանեն Օսմայնան կայսրության երազանքը։

Անի Ավետյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև
---