«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ

«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ

ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում

Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում սկսել է նվազել, իսկ Արևմուտքը փորձում է օգտագործել այդ հնարավորությունը

PanARMENIAN.Net - Վերջին ամիսներին Հայաստան-Ադրբեջան բանակցություններն առաջ մղելու հարցում նախաձեռնությունը, կարծես, իրենց ձեռքն էին վերցրել ԱՄՆ-ն և ԵՄ-ն։ Մայիսին և հունիսին ԱՄՆ-ն կազմակերպեց ԱԳ նախարարների երկու հանդիպում՝ իրենց համապատասխան թիմերի հետ՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատելու համար, մինչդեռ Եվրոպական խորհրդի նախագահը մայիսին և հուլիսին նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին կարողացավ բերել մեկ սեղանի շուրջ։

Ռուսաստանի նախագահը 2023-ի մայիսի վերջին կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը: Սակայն, բացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հրապարակային բանավեճից, այդ հանդիպումը որևէ շոշափելի արդյունք չտվեց: Հաշվի առնելով, որ 2022 -ի փետրվարից Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում սևեռված է Ուկրաինայի վրա, Հայաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածության վերջին աճը միանգամայն բնական էր թվում. Ռուսաստանի ազդեցությունը սկսել է նվազել, իսկ Արևմուտքը փորձում է օգտագործել այդ հնարավորությունը:

Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից կազմակերպված հանդիպումներից հետո ավելացել են խոսակցություններն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև 2023-ի վերջ՝ Արևմուտքի կողմից աջակցվող ինտենսիվ երկխոսության արդյունքում։ Եթե այս սցենարն իրականություն դառնա, և եվրոպական երկրների մայրաքաղաքներից մեկում խաղաղության պայմանագիր կնքվի, դա կլինի Ռուսաստանի թուլացած դիրքերի և տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության ուժեղացման ևս մեկ նշան։

Վերջերս, սակայն, Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում՝ «խաղի» մեջ վերադառնալու համար։ 2023-ի հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած բանակցություններից մեկ ժամ առաջ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն տարածեց Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ։ Պնդելով, որ ԵՄ միջնորդությամբ 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հիմնովին փոխել է 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի ինքնիշխան որոշումը։ Հայտարարության մեջ, սակայն, ընդգծվում է, որ նման քայլից հետո պետք չէ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։ Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է ներառվի խաղաղության համաձայնագրում, և Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին կոչ է արել հանդիպել Մոսկվայում՝ քննարկելու ապագա համաձայնագրի մանրամասները, որին կարող է հաջորդել հայ-ռուս-ադրբեջանական գագաթնաժողովը՝ փաստաթղթի ստորագրման համար։ Նույն հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն կրկին պահանջել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Այս հայտարարությունից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ մեկնաբանությունով՝ պնդելով, որ հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրին և Ռուսաստանի նախագահի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ներառյալ Ղարաբաղը, ճանաչելու մասին հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև պնդել է, որ պետք է ապահովել Ադրբեջանի տարածքում մնացած հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերումը, ինչպես նշվում է 2020 թվականի Եռակողմ հայտարարության մեջ, որի կողմ է եղել Ռուսաստանի Դաշնությունը։ Սակայն հակառակ դրան, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, հայկական զինված ուժերին աջակցություն է ցուցաբերվում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հսկողության ներքո։

Ռուսաստան-Ադրբեջան դիվանագիտական բանավեճը շարունակվել է նաև հաջորդ օրերին։ Հուլիսի 17-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից նշված հայ բնակիչների «իրավունքների և անվտանգության» հարցը կլուծվի Ադրբեջանի ազգային օրենսդրության շրջանակներում։ Այդ նպատակով երկխոսություն է սկսվել հայ բնակիչների հետ։

Նույն օրը ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Ռուսաստանի ԱԳՆ-ի 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ Ռուդենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դա չի վերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու խնդիրը և օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը։

Ռուսական կողմը կրկին հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կյանքի համար նորմալ պայմանների ապահովման կարևորությունը։ Նույն հանդիպման ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շուտով Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու խաղաղության պայմանագրին առնչվող հարցերը, որին կհաջորդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում պայմանագիրը ստորագրելու համար։

Ռուսաստանի վերջին ակտիվությունը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ, հավանաբար, վկայում է այն մասին, որ ռուսական կողմը հասկանում է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է ստորագրվել ինչ-որ փաստաթուղթ: Եթե փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ նշում չլինի, դա Ադրբեջանին թույլ կտա պահանջել ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից 2025 թվականի նոյեմբերից հետո, ինչի մասին վերջերս ակնարկել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Այս սցենարի իրականացման դեպքում շատ հայեր կլքեն Լեռնային Ղարաբաղը, իսկ դրա պատասխանատվությունը կարող է բարդվել Ռուսաստանի վրա։ Եթե որևէ եվրոպական երկրի մայրաքաղաքում խաղաղության պայմանագիր կնքվի, դա կլինի ևս մեկ նշան, որ Ռուսաստանն այլևս թիվ մեկ խաղացողը չէ Հարավային Կովկասում։

Այսպիսով, Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր առաջատար դերը Հարավային Կովկասում՝ առաջարկելով Մոսկվան որպես Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրման վայր։ Միաժամանակ, պահանջելով ընդգրկել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին հոդվածը խաղաղության պայմանագրում, Ռուսաստանը ձգտում է հիմք ստեղծել 2025 թվականի նոյեմբերից հետո խաղաղապահների մանդատի երկարաձգման համար, քանի որ խաղաղապահներն են երաշխավորելու համաձայնագրի կատարումը։ Այսպիսով, հավանաբար հասկանալով, որ չի կարող կասեցնել Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, Ռուսաստանը որոշել է այդտեղ ստանձնել առաջնորդի դեր և ապահովել իր շահերը տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պահանջները՝ հաշտության համաձայնագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը, կարող է թույլ տալ Հայաստանին ավելի ճկուն դիրքորոշում ստանձնել առաջիկա բանակցությունների ընթացքում և ձգտել նվազագույն ընդունելի պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար։

Բենիամին Պողոսյան, «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
2018-ի անսպասելի լուրերը Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
---