Օրանժ Արմենիայի բաժանորդային բազան գործունեության առաջին տարում գերազանցել է 300 հազարը

Հեռահաղորդակցությունների և ՏՏ ոլորտում նոյեմբերի 1-7-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում

Հայաստանի Հանրապետությունում 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կապի ծառայություններից ստացված հասույթը (ընթացիկ գներով) կազմել է 124,9 մլրդ դրամ, որը 2009թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 2.2 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ֆիքսված հեռախոսակապից ստացված հասույթը կազմել է 23,5 մլն դրամ, բջջային կապից` 77,3 մլն դրամ, Ինտերնետ-ծառայություններից` 17,9 մլն դրամ: Դրա հետ մեկտեղ, 2010 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանում 1271 համակարգիչ է արտադրվել, ինչը 24,2 տոկոսով ավելի է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշից:

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Hi Line 2048» անսահմանափակ սակագնային պլանի բաժանորդների համար ելքային կապուղու թողունակության կրկնապատկման մասին: «Hi Line Բազային 2048» և «Hi Line Նախընտրելի 2048» սակագնային պլաններում ելքային կապուղու թողունակության ավտոմատ բարձրացումը 512 Կբիտ/վ-ից մինչև 1024 Կբիտ/վ իրականացվում է առանց որևէ լրացուցիչ վճարի, փուլային սկզբունքով:

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում ԼՂՀ հանրային ծառայությունները-տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը քննարկեց «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը հանրապետությունում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագներն իջեցնելու մասին և ընդունեց որոշում, ըստ որի՝ հաստատուն հեռախոսային գծերով (Dial up) ինտերնետ կապի սակագինը նվազել է 34 տոկոսով: Ցերեկային սակագինը մեկ ժամի համար կլինի 39 դրամ, գիշերայինը` 20 դրամ` գործող 60/30դրամի փոխարեն:

Օրանժ Արմենիա ընկերության ներդրումները, սկսած 2008-ի նոյեմբերից մինչև 2010-ի նոյեմբեր ամիսը, կազմել են 150 մլն եվրո: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքերով, ընկերությունը նախատեսում է փակել օպերացիոն ծախսերը վաճառքից ստացված շահույթի հաշվին` սկսած 2011-ից: Հոկտեմբեր ամսին ընկերության շրջանառությունը կազմել է 1 մլրդ դրամ, ընդ որում, Օրանժ Արմենիայի մեկ բաժանորդից ստացված շահույթը կազմում է 1500-2000 դրամ, և 7000-9000 դրամ` ինտերնետ-կապի բաժանորդի դեպքում: Օրանժ Արմենիայի բաժանորդային բազան վերջին տվյալներով կազմում է բջջային կապի 300 հազար օգտագործող և ինտերնետ-կապի` 45 հազար:

Օրանժ Արմենիայի կողմից iPhone սմարթֆոնների վաճառքը 2010-ի ապրիլ-նոյեմբերին կազմել է 400 հատ: Վաճառքի մեկ երրորդը բաժին է ընկնում iPhone 3G մոդելին, իսկ iPhone 4-ի բաժինը կազմում է վաճառված սմարթֆոնների ընդհանուր քանակի երկու երրորդը: Ինչպես նշել է Դյութուան, iPhone 4-ի նկատմամբ հետաքրքրությունը գերազանցել է ընկերության սպասումները և շուտով Օրանժ Արմենիայի խանութներում կվաճառվեն այս մոդելի նոր սմարթֆոններ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ը նոյեմբերի 3-ին որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Վարույթը հարուցվել է հաշվի առնելով մամուլում (www.hetq.am կայք և «Հետք» շաբաթաթերթ) հրապարակված և Հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքները: ՀՀ ՏՄՊՊՀ-ն որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ:

Հանձնաժողովը ընկերությանը պարտավորեցրեց 7-օրյա ժամկետում ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև տրամադրել գործունեության հենց սկզբից` 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. հոկտեմբերը տարածված գովազդային նյութերում բաժանորդներին ուղված առաջարկների վերաբերյալ գրավոր տեղեկություններ:

Կապի օպերատոր «Օրանժ Արմենիայի» նկատմամբ վարչական վարույթը, որը հարուցվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից, նորմալ գործընթաց է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Օրանժ Արմենիայի» տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքերով, ՏՄՊՊՀ-ին բողոք ներկայացնելը ցանկացած ժողովրդավարական երկրի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է:

Միաժամանակ, նա նշել է, որ ընկերությունը կմեկնաբանի իրավիճակն այն բանից հետո, երբ պաշտոնական ծանուցում կստանա ՏՄՊՊՀ-ից և կծանոթանա մանրամասների հետ:

Հայաստանն ընդհանուր առմամբ «ցանցային պատրաստության ինդեքսով» միջին ցուցանիշներ ունի, սակայն հետ է մնում տարածաշրջանի երկրներից: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Երգնյանը` մեկնաբանելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) ամենամյա հետազոտությունների արդյունքները: 2009-2010 թվականների զեկույցի համաձայն, Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի 133 երկրների շարքում` իր դիրքերը բարելավելով 13 հորիզոնականով, և այնուամենայնիվ, հետ է մնում տարածաշրջանի երկրներից:

Մինչև ընթացիկ տարվա նոյմբերի ավարտը Երևանում կբացվի Cisco-ի ակադեմիան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Unicomp ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ արդեն հաստատվել է ակադեմիայի դասընթացների քանակը (12), բովանդակությունը, ստացվել է լաբորատորիաների համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները: Դասընթացները նախատեսված են ինչպես ուսանողների, այնպես էլ որակավորումը բարձրացնելու ցանկություն ունեցող մասնագետների համար:

«Մենք բազմաթիվ հայտեր ենք ստացել և այս պահի դրությամբ վերլուծում ենք գիտելիքների մակարդակը: Մենք ցանկանում ենք, որ մեր շրջանավարտները միջազգային ճանաչում ունեցող ինդուստրիալ հավաստագիր ստանան»,-ասել է Արմեն Բալդրյանը: Ինչպես նշել է Բալդրյանը, տնտեսական ճգնաժամը դանդաղեցրեց Հայաստանում Cisco-ի ներկայացուցչության բացման շուրջ բանակցությունները, որոնք, սակայն, կվերսկսվեն հաջորդ տարի:

Տարածաշրջանային երրորդ GITI՝ ՏՏ ոլորտում նորարարություններին նվիրված վրացական կոնֆերանսին կմասնակցեն ՏՏ ոլորտի 24 հայկական ընկերությունների 40 ներկայացուցիչներ: Նոյեմբերի 10-12 կայանալիք խորհրդաժողովի մասնակցության հայտեր են ներկայացրել նաև Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչները: «Խորհրդաժողովի ընթացքում հայկական ընկերությունները կկարողանան ցուցադրել իրենց արտադրանքը: Մեր ցուցադրական վահանակի հագեցման գործում տեխնոլոգիական աջակցություն ցույց կտա D-Link ընկերությունը»,-ասել է Հովսեփյանը: Հայկական ընկերություններին աջակցում են նաև USAID Caps և USAID RCI-ն:

Armnet-ի լավագույն կայքերը կընտրվեն Armnet Awards առաջին համահայկական վեբ-մրցույթի շրջանակներում: Մրցանակը սահմանել են SP Marketing Solutions մարքեթինգային գործակալությունը, Circle. am կայքը և բջջային օպերատոր Orange Armenia-ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Մրցույթի անցկացման ընթացակարգն ենթադրում է երկփուլ հանրային քվեարկություն armnetawards.am կայքում՝ նոյեմբերի 10-30-ը, և միջազգային ժյուրիի գնահատում ՝ դեկտեմբերի 3-4-ը: Մրցույթին կարող են մասնակցել 2008-10թթ. ստեղծված կամ էապես նորացված կայքերը: Կայքերը պետք է կապ ունենան Հայաստանի հետ՝ ստեղծված լինեն հայկական շուկայի համար, կամ ներկայացնեն Հայաստանի կամ Սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները կամ ամբողջովին պատրաստված լինեն Հայաստանում գրանցված ընկերության կողմից: Մրցույթին մասնակցելու համար կայքը հարկավոր է գրանցել armnetawards.am. մրցույթի պաշտոնական կայքում:

Միջազգային ժյուրիի կազմում են ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ Microsoft, Opera Sotware ընկերությունների, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի, Vkontakte.ru սոցիալական ցանցի ներկայացուցիչները: Եզրափակիչ կանցնի 75 կայք, որոնք կմրցեն ութ անվանակարգերում՝ «Դիզայն և հարմարավետություն», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա առաջընթաց», «Ժողովրդական ընտրություն», «Orange-ի հատուկ մրցանակ»:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---