Հայաստանում սկսել են ամփոփել 2010-ի արդյունքները

Սերժ Սարգսյան. 2011թ. պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման տարի

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթ ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի երկայացուցիչներին: Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում նախագահը մասնավորապես նշել է.«2010 թվականն առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաև մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և ապահովել որոշակի տնտեսական աճ: 2011թ. պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման տարի»:

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի գյուղատնտեսության համար չափազանց անբարենպաստ էր: Անկումը 11 ամսվա արդյունքում կազմել է 14,5 տոկոս, հայտարարել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նման անկումն, ըստ նախարարի, պայմանավորված է անբարենպաստ բնակլիմայական պայմաններով: Ալավերդյանը նշել է, որ դրական ցուցանիշներ են գրանցվել խաղողի արտադրության ոլորտում:

Շինարարության ոլորտում 2010թ. Հայաստանում գրանցվել է 10-12 տոկոս աճ՝ նախորդ տարվա համեմատ, հայտարարել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նա նշել է, որ համաշխարհային ճգնաժամն առաջին հերթին հարվածեց շինարարության ոլորտին, որի արդյունքում 2009թ. զգալի անկում արձանագրվեց: Միևնույն ժամանակ Վարդան Վարդանյանը լավատեսորեն է նայում դեպի ապագան: «Ես վստահ եմ, որ աճը շինարարության ոլորտում 2011թ. ավելի մեծ կլինի, քան 2010թ.: Այդ մասին են վկայում նաև այն միջոցները, որոնք նախատեսված են պետբյուջեով»,-ասել է նա:

Առաջին հերթին Հայաստանի տրանսպորտի նախարարությանը հաջողվեց ավարտել կառուցվածքային բարեփոխումները, հայտարարել է նախարար Մանուկ Վարդանյանը: Ճանապարհաշինության ոլորտում 2010թ. վերանորոգվել է 350կմ ճանապարհային հատված, որոնցից 224 կմ ներգրավված միջոցների հաշվին, իսկ 126կմ՝ պետբյուջեի միջոցների հաշվին: Մանուկ Վարդանյանն ասել է, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանն է հատկացվել 5,5 մլրդ դրամ՝ աղետներից տուժած ճանապարհահատվածների վերականգնման համար: «Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ մենք չունենք վնասված ներպետական և միջպետական ճանապարհահատվածներ, դրանք բավականին բարվոք վիճակում են»,-հավելել է նա: Նույն տարում հանրապետությունում վերանորոգվել է 8 կամուրջ, որի համար ծախսվել է 372,7 մլն դրամ:

2010թ. Հայաստանում էներգետիկայի ոլորտում արտադրվել է 6,5 մլրդ կՎտ/ ժամ էլեկտրաէներգիա 2009թ. 5,671 մլրդ կՎտ/ ժամի փոխարեն, դեկտեմբերի 21-ին տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «2009թ. համեմատ դա ավելի է 15 տոկոսով կամ 821 մլն կՎտ/ ժամով»,-ասել է նա: «Համակարգը լիովին պատրաստ է ձմռան»,-ասել է նախարարը:

Այս տարի Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում արդյունահանվել է 18,7 մլն տոննա հանքաքար, ինչը 11%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Բացի դրանից, երկրի իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի 2011-ին գազի սակագինն ամփոփոխ մնա:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---