Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ կիսվել ավտոմեքենաների համար գազ օգտագործելու փորձով

Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ կիսվել ավտոմեքենաների համար գազ օգտագործելու փորձով

2020-ին ռուսական ավտոմեքենաների մեկ երրորդը երթևեկելու է գազով

«Գազպրոմը» մտադիր է փոխել օրենսդրությունը ավտոմեքենաների փոխանցումը գազային վառելիքի ապահովելու համար: «Գազպրոմի» կանխատեսումների համաձայն 2020-ին ավտոգազի բաժինը վառելիքի մեջ կարող է հասնել 30 տոկոսի: Ավելին, ինչպես հաղորդում է autonews.ru-ն, «Գազպրոմը» անհրաժեշտ է համարում բենզինը բնական գազով փոխարինելու պետական ծրագրի հաստատումը: Առաջին քայլը պետք է դառնա «Որպես շարժիչի վառելիք բնական գազի կիրառման մասին օրենքը», որի շուրջ վեճերը շարունակվում են 20 տարի:

PanARMENIAN.Net - Հոլդինգը շեշտը դնում է հիմնականում Մոսկվայի և Մոսկվային հարակից շրջանների վրա: Գազալցակայանների ցանցի զարգացման «Գազպրոմի» նպատակային ծրագրի համաձայն 2007-2015թթ. նախատեսված է շուրջ 200 ԱԳԼՃԿ կառուցում, սակայն հիմա դրանք ընդամենը 6-ն են:Այս հարցում Հայաստանը կարող է փորձով կիսվել Ռուսաստանի հետ, քանի որ հայ վարորդներն արդեն վաղուց հարմարեցրել են իրենց մեքենաները գազի այն հույսով, որ այն դեռ երկար չի թանկանալու: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Հայաստանում գազալցակայաններում չեն հետևում անվտանգության նորմերին:

«Հայաստանի գազալցակայաններում, ի տարբերություն ամբողջ աշխարհի, որտեղ չի թույլատրվում 200 մթնոլորտային ճնշումից բարձր գազով լիցքավորել մեքենան, որոշ գազալցակայաններ լիցքավորում են 300 մթնոլորտային ճնշման տակ»,- Երևանում լրագրողներին հայտնել է արգենտինական «Էֆիկոալ» ընկերության տեխնիկական տնօրեն Ալդո Դամոնտեն:

Ընդ որում, Հայաստանում դեռ 2008-ին ընդունվել է օրենք, համաձայն որի չի թույլատրվում 200 մթնոլորտային ճնշումից բարձր լիցքավորել մեքենան, բայց օրենքը խախտվում է գրեթե բոլոր գազալցակայաններում, քանի որ այդ գործընթացը վերահսկելը տվյալ պահին երկրում անհնար է: «Արգենտինայում դեռ 20 տարի առաջ փոխել են համակարգը, որով հիմա աշխատում են Հայաստանի գազալցակայանները»,- ասել է Դամոնտեն:

Նա նաև նշեց, որ իր երկրում կիրառվում է ծրագիր, որին միացած են երկրի բոլոր գազալցակայանները, և «Էներգոգազ» գերատեսչությունը վերահսկում է յուրաքանչյուր կայանի լիցքավորման գործընթացը: «Հարկային ծառայությունը ևս վերահսկում է բնական գազի ծավալները և ավտոմատ կերպով գանձում վճարման ենթակա հարկի գումարը»,- ասել է փորձագետը: Հայ փորձագետ Հարություն Ղազարյանի խոսքերով առաջիկայում Հայաստանի կառավարությանը կառաջարկվի ներմուծել նոր ծրագիր, որի տեղադրումը յուրաքանչյուր գազալցակայանի համար կարժենա 2600 դոլար:

Հայաստանի գազալցակայաններում խախտվում են անվտանգության կանոնները, քանի որ դրանցում տեղադրված չեն գազի հոսքը վերահսկող կափույրներ, որոնք վտանգի դեպքում փակվում են: Ողջ աշխարհում մեքենաները գազով լիցքավորում են առջևի մասից, որպեսզի պայթյունի դեպքում չտուժի լիցքավորողը, իսկ Հայաստանում՝ ետնամասից, ինչն արդեն մեքենայի պայթյունի դեպքում հանգեցրել է մահացու դեպքերի:

2008-2009թթ. Հայաստանի գազալցակայաններում պայթել է 18 ավտոմեքենա, մահացել է երկու մարդ: ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2011 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելացել են 6,7 տոկոսով՝ կազմելով 532.1 մլն խ.մ:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 486.8 մլն խ.մ, ինչը 5,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ընթացիկ տարվա առաջին եռամսակում նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով շուրջ 221.8 մլն խ.մ, ինչը 3,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 7,7 տոկոսով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 70.3 մլն խ.մ, 19,1 տոկոսով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 89.3 մլն խ.մ:

Նույն ժամակահատվածում նվազել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 39.1 մլն խ.մ, ինչը 48 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: 20,5 տոկոսով նվազել են նաեւ Էներգետիկայի բնագավառում իրացված գազի ծավալները՝ կազմելով 66.1 մլն խ.մ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---