Հայաստանում տեղի են ունեցել 2010-ի պետբյուջեի հաշվետվության վերաբերյալ լսումներ

Տիգրան Սարգսյան. 2010-ը Հայաստանի համար կայուն վերականգնման տարի էր

«2010 թվականի իրականացրած ծրագրերի ամենազգալի արդյունքը կայանում է նրանում, որ այն հակաճգնաժամային միջոցառումները, որ մենք իրականացրել էինք 2009-2010 թվականների ընթացքում, սկսեցին տալ իրենց դրական արդյունքները: 2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ և հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո:

PanARMENIAN.Net - Մասնավորապես, էապես բարելավել ենթակառուցվածքները` կատարելով մեծածավալ պետական ներդրումներ: Երկրորդը` բարելավել բիզնես միջավայրը և առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար, ինչպես նաև խթանել կոնկրետ ծրագրեր, որոնք բերելու են մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանի բարձրացմանը»,- այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում:

2010 թվականի վերջին գնաճի մակարդակը կազմել է 9.4%, որի պայմանավորող հիմնական գործոնները երկուսն են` հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային գների բարձրացումը և նախորդ տարի գյուղատնտեսական ապրանքների առաջարկի աննախադեպ անկման հետևանքով վերջիններիս բարձր գների պայմանները: Նշված գնաճի 5 տոկոսային կետը եղել է ի հաշվի գյուղմթերքների գների աճի, իսկ 2.4 տոկոսային կետը` ներմուծվող ապրանքների գների աճի:

2010 թվականին Հայաստանին հաջողվել է էապես բարելավել արտահանման ցուցանիշները, և առևտրի հաշվեկշիռը շուրջ 1.3 տոկոսով բարելավվել է ի հաշիվ նրա, որ արտահանման տեմպերը գերազանցել են ներմուծման աճի տեմպերին: Այդ մասին, ելույթ ունենալով խորհրդարանում 2010 թվականի հանրապետության պետբյուջեի կատարման մասին հաշվետվությամբ, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Սրանք դրական միտումներ են, որոնք մենք պետք է պահպանենք մոտակա երեք տարիների ընթացքում, որպեսզի նաև բյուջեի պակասուրդը նվազի` հասնելով մեր ծրագրային ցուցանիշներին»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով, բյուջեի դեֆիցիտը 7.7 տոկոսային կետից 2010 թվականին էապես նվազել է և կազմել է 5 տոկոս: «Սա նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման տեսակետից և մակրոտնտեսական ցուցանիշներ ապահովելու տեսակետից մենք հայտնվելու ենք ավելի բարվոք միջավայրում»,- ավելացրել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ 2010 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը 13 %-ով, իսկ ծախսային մասը գերազանցել է 2009 թվականի նույնանուն ցուցանիշը մոտ 3%-ով:

2009 թ. համեմատ ոստիկանության ծախսերը գրեթե չեն փոփոխվել: Հասարակական կարգի պահպանության ապահովման համար նախատեսված ծախսերը կատարվել են ամբողջությամբ` կազմելով 22.5 մլրդ դրամ եւ 5.8% ով զիջելով 2009 թ. ցուցանիշը: 2010 թ. ընթացքում Ազգային անվտանգության բնագավառին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 11.9 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.8% ը: 2009 թ. համեմատ Ազգային անվտանգության ծախսերը նվազել են 6.8%-ով կամ 869.5 մլն դրամով: Մասնավորապես, 9.7 մլրդ դրամ հատկացվել է ազգային անվտանգության ապահովման ծրագրի ֆինանսավորմանը, որը կազմում է նախատեսվածի 100 տոկոսը:

Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով հաշվետու տարում ծախսվել է 4.3 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային հատկացումների 99.9%-ը: 2009 թ. համեմատ նշված ծախսերը նվազել են 1.3%-ով:

Հայաստանի արտաքին պարտքը 2010 թվականի արդյունքներով կազմել է 303 մլրդ դրամ, սակայն վարկային պարտավորությունների մարումը, որը սկսվելու է 2012 թվականից, խնդիրներ չի առաջացնի: Այդ մասին մայիսի 13-ին Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Հայաստանի ֆինասների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` ելույթ ունենալով «2010 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության քննարկումների ժամանակ:

Այս կապակցությամբ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի եզրակցությունը, նշեց մի քանի դիտողություններ և մտահոգություններ: Ըստ նրա` շուրջ 3,3 ԱՄՆ մլրդ դոլարի հասնող ՀՀ արտաքին պարտքը, որի մարման գործընթացն սկսվելու է հաջորդ տարվանից, բավական ծանր բեռ է լինելու պետական բյուջեի վրա, ուստի կարծում է, որ հարցի հետ կապված `անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, ինչը, ինչպես հետագայում հավաստիացրեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, արդեն նախաձեռնվել և մշակման փուլում է:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---