// IP Marketing video - START// IP Marketing video - END
7  20.09.17 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին Նյու Յորքում

Նախագահի ելույթը ՄԱԿ-ում. ԼՂ հիմնահարցը մարդու իրավունքների խնդիր է

Նախագահի ելույթը ՄԱԿ-ում. ԼՂ հիմնահարցը մարդու իրավունքների խնդիր է

PanARMENIAN.Net - ԼՂ հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է և այն կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Այս մասին ասել է աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:

Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ ակնհայտ է՝ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:

1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները, Սարգսյանի խոսքով, Ադրբեջանի համար որևէ դաս չեղան:

«Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը: 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը»:

Նա նաև նշել է, որ տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս. «Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի»:

Նախագահը շեշտել է, որ բոլորը պետք է գիտակցեն՝ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

«Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:

Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով»:

Նա նշել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:

 Ուշագրավ
Տոլստոյը նշել է, թե Ռուսաստանը չունի այնքան ՀԿ-ներ Հայաստանում, որքան ունի ԱՄՆ-ն
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես
Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով