Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել Վլադիմիր Պուտինին

PanARMENIAN.Net - Նովոօգարյովոյում ավարտվել է ՌԴ և ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը: Ինչպես հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցության արդիական հարցեր: Նախագահները նշել են կայուն զարգացումը բոլոր ոլորտներում:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում վ երընտրվելու կապակցությամբ: Աշխատանքային այցը Ռուսաստան ՀՀ նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունն է ընտրություններից հետո: «Մոտ 60 տոկոսը դա շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին և հնարավորություն է տալիս Ձեզ իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք Դուք նախանշել եք, սկսելով այս ընտրարշավը: Մեր հարաբերությունները Հայաստանի հետ առանձնահատուկ են: Եվ Հայաստանում, և Ռուսաստանում դա լավ գիտեն: Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ դրանք հաջողությամբ են զարգանում, չնայած դժվարություններին համաշխարհային տնտեսության ոլորտում: Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունն աճել է 20 տոկոսով: Ինձ համար շատ հաճելի է նշել, որ Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջին տեղը առևտրատնտեսական շրջանառության մեջ: Մենք առաջին տեղում ենք Հայաստանում կուտակված օտարերկրյա ներդրումների քանակով՝ 3 մլրդ դոլար, այդ գործընթացը շարունակվում է: Մենք մեծ, հեռանակարային, լավ ներդրումային համատեղ պլաններ ունենք: Հուսով եմ, մենք այսօր լավ հնարավորություն կունենանք խոսելու այդ բոլոր հարցերի շուրջ»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է ակտիվ քաղաքական շփումները: «Մենք համագործակցում ենք բոլոր մակարդակներով ու բոլոր ուղղություններով՝ խորհրդարանների, կառավարության, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների: Այս ամենը լավ նախադրյալներ է ստեղծում ամրապնդելու համար մեր հարաբերությունները, առաջին հերթին, մարդկանց մակարդակով, հումանիտար ոլորտում: Այստեղ կարևոր է հայ համայնքի դերը: Մեզ մոտ շատ հայեր են բնակվում: Դուք դա գիտեք, նրանք մեր երկրի շատ օրինապաշտ ու արդյունավետ աշխատող քաղաքացիներ են: Նրանք շարունակում են սերտ կապեր պահպանել իրենց պատմական հայրենիքի հետ: Դա, անշուշտ, լրացուցիչ մարդկային ներուժ է, որը մեզ միավորում է»,-ասել է Վ.Պուտինը: Իր հերթին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի ու շնորհավորանքի համար:

«Միանգամայն օրինաչափ է, որ իմ առաջին արտասահմանյան այցը Մոսկվա է, Ռուսաստան: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, և դրանով ամեն ինչ ասված է: Անցյալ տարին հոբելյանական էր մեզ համար: Մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիատական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Մենք լավ ուղի ենք անցել ու բացառիկ արդյունքների հասել բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար և ինտեգրացիոն ոլորտում: Ուստի մենք գտնում ենք, որ այն, ինչ կուտակվել է, հարկավոր է զարգացնել: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ռազմական ոլորտում լավ առաջընթացի համար մեր վերջին հանդիպումից հետո: Հայաստան այցելեցին ՊՆ ղեկավարն ու գլխավոր շտաբի պետը: Հայ հանրությունը շատ բարձր գնահատեց այն փաստը, որ ՌԴ ՊՆ ղեկավարը Հայաստան ժամանեց Հայոց բանակի կազմավորման օրը: Համաձայն եմ Ձեզ հետ, որ առաջընթաց կան նաև էկոնոմիկայում: Անշուշտ, կան հարցեր, սակայն մենք հուսով ենք, որ կստանանք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը:

Մեկ անգամ ևս հաստատում եմ իմ հրավերը պետական այցով Հայաստան այցելելու վերաբերյալ»,-ասել է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---