Դավութօղլուն «հատուցում է» Երևան այցի համար. Այժմ նրան մեղադրում են «Ադրբեջանին դավաճանելու մեջ»

Դավութօղլուն «հատուցում է» Երևան այցի համար. Այժմ նրան մեղադրում են «Ադրբեջանին դավաճանելու մեջ»

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը վերջերս Երևան էր այցելել ՍԾՏՀ նիստին մասնակցելու նպատակով, խիստ քննադատության է արժանացել ընդդիմության կողմից: Այդ մասին գրում է virtualaz.org-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Ըստ հաղորդագրության, Դավութօղլուն խիստ քննադատության է արժանացել ընդդիմության՝ Հանրապետական կուսակցության և Թուրքիայի Ազգային շարժման ներկայացուցիչների, կողմից երկրի ԱԳՆ 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ:

Պատգամավորները պահանջել են Դավութօղլուից պատմել Երևան այցելության նպատակների ու «հայերի հետ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունների մասին»: Թուրքիայի Ազգային շարժման ներկայացուցիչ Թորգուլ Թյուրքեշը պահանջել է Ահմեդ Դավութօղլուից պարզաբանել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի մերձակա շրջանները փոխանցելու շուրջ բանակցությունների հետ կապված և հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան ճանաչում է մեղքը 1915 թվականի իրադարձությունների համար:

Ի պատասխան Ահմեդ Դավութօղլուն հիշեցրել է, որ Թորգուլ Թյուրքեշի հայրը՝ Ալփարսլան Թյուրքեշը Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի ժամանակ հանդիպել է ու բանակցել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

«Ես ձեր հոր քայլը սխալ չեմ համարում, ինչպես սխալ չեն համարում նաև իմ այցն Երևան»,-ասել է Դավութօղլուն: Իր հերթին Հանրապետական կուսակցության անդամ Օսման Քորութուրքը պահանջել է, որ երկրի ԱԳՆ բանակցությունները Հայաստանի հետ թափանցիկ լինեն ու զեկուցեն արդյունքների մասին հանրությանը:

Օսման Քորութուրքը նաև Դավութօղլուին անվանել է վատագույն նախարարը Թուրքիայի պատմության մեջ: «Հայաստանի հետ բանակցելը հանցագործություն չէ: Հանցագործություն է Ադրբեջանի շահերի դավաճանությունն ու հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պարագայում: Ինձ զարմացնում է, որ դուք, նախարար լինելով, չեք նկատում այս պարզ իրողությունները»,-ասել է Քորութուրքը, հայտնում է Haqqin.az-ը:

Նախօրեին Ազգայնական շարժման անդամ, պատգամավոր Օքթայ Վուրալը, հանդես գալով խորհրդարանական ամբիոնից, նույնպես քննադատել է Ահմեդ Դավութօղլուին Հայաստան կատարած այցի համար: Ինչպես գրում է թուրքական «Anadolu» գործակալությունը, պատգամավորը վրդովված էր Դավութօղլուի այն արտահայտությունից, թե «հայերի բռնագաղթը 1915 թվականին անմարդկային ակտ էր»:

«Դու ֆրանսիացի միջնո՞րդ ես, թե նախարար: Դու թուրքական կողմի շահերը պաշտպանող պաշտոնյա ես, թե ոչ: Փոխանակ բացատրելու, թե ինչպես է թուրք ազգը վերաբերվում բռնագաղթին, դու բնութագրում ես այն որպես «անմարդկային քայլ»: Ցեղասպանության քո այդ ակնարկով դու դավաճանում ես թուրք ազգի անցյալին: Հասկանալի է, որ Արդարության ու զարգացման կուսակցությունը մտադիր է ճանաչել Ցեղասպանությունը: Այո, ձեր խոսքերն են դա վկայում, որ հայերն իրավացի են, և դուք օրինականացնում եք նրանց պնդումները: Փաստորեն, Թուրքիան արդեն հրաժարվել է պաշտպանությունից և առիթ է որոնում հանձնվելու համար»,-վրդովված հայտարարել է Օքթայ Վուրալը:

Պատգամավորը նաև վստահություն է հայտնել, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները մտադիր են ինչպես ճանաչել Հայոց ցեղասպանությունն, այնպես էլ վերադարձնել հողերը: Վուրալը, շարունակելով ուրացման քաղաքականությունը, հերթական անգամ նշել է, որ բռնագաղթը իրականացվել է բացառապես անվտանգության նկատառումներով և ազգային այլ պատճառներ չի հետապնդել, հայտնել է Panorama.am-ը:

Թուրքիայի ԱԳ նախարարը դեկտեմբերի 12-ին այցելեց Երևան՝ մասնակցելով ՍԾՏՀ նիստին: «Հայերի բռնագաղթը 1915 թվականին անմարդկային քայլ էր և Թուրքիան երբեք չի սատարել այդ քաղաքականությանը»,-Երևանում թուրք լրագրողներին է հայտարարել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նաև հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանին պահանջներ չի ներկայացրել Ադրբեջանին երկու շրջան վերադարձնելու վերաբերյալ։ «Վերոնշյալ հարցի հետ կապված բոլոր լուրերը լրագրողների ձեռքի գործն են։ Ամբողջ այդ տեղեկությունը հիմնված է այդ ուղղությամբ նախկին պլանների վրա»,- նշել է Դավութօղլուն։ Նա նաև ասել է, որ նման տեղեկությունները հաճախակի սպեկուլյատիվ բնույթ են կրում:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---