Լոնդոնը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները մշտական կդառնան

Լոնդոնը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները մշտական կդառնան

PanARMENIAN.Net - Լոնդոնը ողջունում է հայ-ադրբեջանական բարձր մակարդակի երկխոսությունը: Այդ մասին երեկ Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը, որն այդ երկրում է գտնվում մեկօրյա աշխատանքային այցով:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը և հուսով ենք, որ հանդիպումները մշտական բնույթ կստանան»,-ասել է նախարարը, հայտնում է «Թրենդը»:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, առանձնազրույցը: Ավելի ուշ նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին: Ըստ միջնորդների հայտարարության, նախագահները համաձայնվել են խթանել բանակցությունների ընթացքը, ուղղված խաղաղ կարգավորմանը և համանախագահների հետ միասին շարունակել աշխատանքն արդեն արվածի հիման վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---