Տեսանյութը չի ստում. Գերմանացի դեսպանը ԼՂՀ-ում խոսել է ադրբեջանական զբոսանավերի վրա զվարճացող դիտորդների մասին (վիդեո)

Տեսանյութը չի ստում. Գերմանացի դեսպանը ԼՂՀ-ում խոսել է ադրբեջանական զբոսանավերի վրա զվարճացող դիտորդների մասին

PanARMENIAN.Net - 2013-ի հոկտեմբերի 4-5-ը Ստեփանակերտում անցնում էր «Արցախի ազգային- ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը» թեմայով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը նվիրված էր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Դրան ներկա էին անվանի ու հեղինակավոր գիտնականներ՝ պատմաբաններ, քաղաքագետներ, իրավագետներ և փորձագետներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Կիպրոսից, Լիբանանից, ինչպես նաև Հայաստանից ու Արցախից։

Ստեփանակերտում միջազգային գիտաժողովին մասնակցել է և ելույթ է ունեցել նաև Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոհեն Շմիդտը: Նա հիշեցրել է, որ 20-ականներին հայերը կազմում էին Ղարաբաղի բնակչության 90 տոկոսը, հետո ԽՍՀՄ ժողովրդագրական քաղաքականության արդյունքում 80-ականներին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 72 տոկոս: Գերմանացի դիվանագետը նշել էր, որ ադրբեջանցի փախստականները պատանդներ են և օգտագործվում են քաղաքական նպատակներով: Նրանք չեն ինտեգրվում, այլ օգտագործվում են որպես ճնշման լծակ, հավելել էր նա:

Անդրադառնալով գոյություն ունեցող հակամարտություններին՝ Շմիդտը նշել էր, որ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Մերձդնեստրի հակամարտությունները նույնական չեն: «Այդ հակամարտությունների կարգավորման համար ԵՄ-ն մշակել է միասնական Արևելյան գործընկերության քաղաքականությունը, հետո Ասոցացման անդամակցության քաղաքականությունը՝ փորձելով բոլոր երկրները մեկտեղել»,- ասել էր նախկին դեսպանը՝ հավելելով, որ Շտուտգարտում Ադրբեջանի հյուպատոսը հրավիրել է գերմանացիներին մասնակցել այդ երկրում նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը: Սակայն ժամանակի մեծ մասն այդ դիտորդներն անցկացնում են Բաքվի ակումբներում:

Գրեթե կես տարի անց՝ փետրվարի 2-ին, «Կովկասի վեստնիկ» կայքը հարցազրույց էր հրապարակել ԳԴՀ նախկին պետքարտուղար, այժմ Շտուտգարտում Ադրբեջանի պատվո հյուպատոս Օտտո Հաուզերի հետ, որն էլ, ըստ Հանս Յոհեն Շմիդտի, հրավիրել էր գերմանացիներին Ադրբեջան որպես դիտորդներ նախագահական ընտրությունների ժամանակ: Հարցազրույցի ընթացքում Հաուզերին հարցրել էին նաև Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպանի հայտարարության մասին: Ներկայացնում ենք այդ հատվածն առանց փոփոխությունների.

«Մի քանի ամիս առաջ PanARMENIAN.Net տեղեկատվական ռեսուրսում հոլովվել է նաև ձեր անունը: Գործակալության նյութում, Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս Յոհեն Շմիդտի վրա հղումով, ասվում է, որ Ադրբեջանի նախագահի անցյալ տարի կայացած ընտրության ժամանակ դուք Ադրբեջան էիք հրավիրել մի քանի գերմանացի դիտորդների, իսկ նրանք ժամանակի մեծ մասն այդ երկրում անկացրել են զվարճանալով…

-Ես սարսափեցի, կարդալով այդ հոդվածը: Երևանում ԳԴՀ նախկին դեսպանի հետ ես ընդհանրապես ծանոթ չեմ: Ուստի նման հաղորդագրություններն ինձ համար բացարձակ սուտ են ու հորինվածք: Նախկին դեսպան Շմիդտից ես գրավոր պահանջել եմ հրաժարվել իր հայտարարությունից: Իր պատասխանում նա հավաստիացրեց ինձ, որ այդ խոսքերը վերագրվել են իրեն, իսկ ինքը երբեք նման արտահայտություններ չի արել: Նախկին դեսպանն ափսոսանք է հայտնել հրապարակման առթիվ: Այս ամենից պարզ է դառնում, որ կան մարդիկ ու քարոզիչներ, որոնք զերծ չեն մնում նույնիսկ բացահայտ ստից: Տխուր է տեսնել, թե ինչ անլուրջ միջոցների են նրանք դիմում»:

Որոշ դիվանագետների շրջանում գոյություն ունի սեփական խոսքերից հրաժարվելու միտում: Կամ սա հենց այդ դեպքն է, կամ, էլ, իրենց սովորության համաձայն ադրբեջանցիները «լրացրել են» հարցազրույցի մասնակցին: Սակայն 21-րդ դարում բոլոր միջոցառումները հիմնականում տեսագրվում են, և տեսանյութերը հետո դեռ երկար ժամանակ պահպանվում են արխիվներում: PanARMENIAN.Net ի տրամադրության տակ է Հանս Յոհեն Շմիդտի ելույթի տեսագրությունը Ստեփանակերտում տեղի ունեցած գիտաժողովում: Դիտելով այն, անգլերենին փոքր-ինչ տիրապետող ցանկացած մարդ կլսի նրա բառերը և հյուպատոսի, և զբոսանավի մասին: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---