Նախագահը՝ ՀԱԷԿ-ի ու Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին

Նախագահը՝ ՀԱԷԿ-ի ու Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանն օգոստոսի 9-ին երկկողմ հանդիպմանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Նախագահ Սարգսյանի խոսքով, խոսել են հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին, հարցերի, որոնք մտահոգում են հանրությանը՝ ատոմակայանի շահագործման երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից (որը բավականաչափ մեծ՝ 15% դրամաշնորհային էլեմենտ է ենթադրում), վերջացրած՝ ԵՏՄ պայմանագրին միանալու ժամկետների և պայմանների մասին, ավարտած՝ ռազմատեխնիկական գործակցության խնդիրներով:

Մայիսի 29-ին Մինսկում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքում արդյունքով վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ պայմանավորվել են ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ վերցնել:

Ինչպես օգոստոսի 8-ին տեղեկացրել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, վերականգնման և ժամկետների երկարացման աշխատանքները նախատեսում են սկսել 2017-ին, այնուհետև 2017-ի գարնանն ատոմակայանը 6 ամիս կկանգնեցվի կապիտալ վերանորոգման, որի ընթացքում հիմնավոր կվերանորոգվի՝ շահագործման աշխատանքները մինչև 2026-ը երկարացնելու նպատակով:

«Պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարևոր: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս արդեն կտեսնենք նաև արդյունքները»:

Անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը, նախագահը նշել է, որ չի կարծում, թե այն այս տարի չի ստորագրվի:

«Կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն»,- եզրափակել է նախագահը:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-հայկական գործակցության ակտուալ հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, անդրադարձել նաև երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական ու հումանիտար փոխգործակցությանը։

Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, քանի որ դրանք բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթի են, ինչի մասին են վկայում են նաև Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը։

2013-ի հոկտեմբերի 24-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հաստատվել էր Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը:

2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել էին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից:

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսի 7-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Պայմանագիրը կներկայացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հավանության է արժանացել նաև ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որը ՌԴ նախագահը պետք է ներկայացնի Պետդումայի վավերացմանը:

Միությանը միանալու մասին պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները:

Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնել էր, որ միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---