Սերժ Սարգսյան. ՌԴ շուկայում հնարավորություն է բացվել գյուղմթերքի հայ արտադրողի համար

Սերժ Սարգսյան. ՌԴ շուկայում հնարավորություն է բացվել գյուղմթերքի հայ արտադրողի համար

PanARMENIAN.Net - Ընդհանուր կարծիք կա, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար: Այս տեսակետի կողմնակիցները ելնում են հանգամանքից, որ եթե ՌԴ տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, իսկ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի հետ, ապա Հայաստանի համար բացասական հետևանքներ կարող են լինել: Նախագահ Սերժ Սարգսյանը չի հերքել այդ վարկածը՝ հավելելով, սակայն, որ թեև՝ շատ հավանական, բայց դա ընդամենը վարկած է:

«Այդպիսի թեմաները մշտապես սուր քննարկումների, բանավեճերի առարկա են դառնում: Միգուցեև դա ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ դա որպես պարզ ճշմարտություն չի կարելի ընդունել, և իրավունք չունենք դա ընկալելու, որ հենց այդպես է լինելու՝ անպայման բացասական հետևանքներ են լինելու»,- նշել է նախագահը:

Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ տարով արգելել է գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սնդդամթերքի ներմուծումը երկիր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկներից: Իր հերթին Սպիտակ տունը զգուշացրել է, որ Պուտինի որոշումը կվնասի միայն Ռուսաստանի տնտեսությանը, արևմտյան երկրների կամ ընկերությունների դեմ պատասխան միջոցներն էլ կխորացնեն Ռուսաստանի մեկուսացումն ու մեծապես կվնասեն նրա տնտեսությանը:

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարության ծրագրով նմանները նախատեսված են՝ Կառավարության ծրագրով այնպիսի թվեր են նախանշված, որ վատ հետևանքները նախագահը գրեթե բացառում է:

«Պետք է վարենք ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն՝ և կարճաժամկետ, և երկարաժամկետ առումով, խրախուսենք, որպեսզի տնտեսական աճ արձանագրենք»,- նշել է նախագահը:

Ըստ երկրի ղեկավարի, որևէ մեկն այսօր գնաճի, մեծ գնաճի և այլնի մասին չի խոսում:

«Հիմա էլ ասում են՝ աճի տոկոսը փոքր է, ցածր է: Հասկանում եմ, որ ցածր է: Կցանկանայի լիներ ոչ թե 3 տոկոս, այլ 30 տոկոս: Բայց բոլոր ցանկությունները չեն, որ իրականանում են: Կարծում եմ՝ կարևորն աճ ունենալն է, ինչպես նաև այն, որ կարողանանք օգտվել նաև նոր ի հայտ եկած հնարավորություններից»: Նախագահի խոսքով, Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների մասին խոսելիս մոռանում են նշել, որ ՌԴ-ն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ, ինչը նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել գյուղատնտեսական մթերքներ հայ արտադրողների համար:

«Խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն, ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որ այդ մթերքը Ռուսաստանում իրացվի: Բայց միայն մեր ձեռնարկած միջոցներն ու ցանկությունը բավարար չեն: Պետք է հասկանանք, որ բարեկեցության աղբյուրն աշխատանքն է: Այլ ճանապարհ չկա: Իհարկե, ամեն ինչը շատ կարևոր է. բաց հասարակությունը կարևոր է, գիտությունը կարևոր է, առողջապահությունը կարևոր է, մրցակցությունը կարևոր է, ամենը կարևոր են, բայց ամենակարևորն աշխատանքն է: Եթե բոլորս գիտակցենք, որ մեր բարեկեցության աղբյուրը աշխատանքն է, շատ խնդիրներ լուծած կլինենք»:

Հուլիսի 29-ին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ընդլայնել են տնտեսական ոլորտում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները։ Դրանք ընդգրկում են ֆինանսական հատվածը, ռազմական արդյունաբերությունն ու էներգառեսուրսները։ Պատժամիջոցների ցանկում են այնպիսի խոշոր ռուսական ընկերություններ, ինչպիսիք են «Գազպրոմբանկը», Զարբացման ու արտաքին տնտեսական գործունեության բանկը, «Նովատեկն» ու «Ռոսնեֆտը», ՎՏԲ-ն, Մոսկվայի ու Ռոսսելխոզբանկը։ Այդ ընկերությունների համար սահմանափակվել է կապիտալի ու ֆինանսների շուկան։ Նշված ընկերություններից ՎՏԲ-ն ու «Գազպրոմբանկը» ներկայացված են Հայաստանի ֆինանսական շուկայում։ Բացի այդ, պլանավորվում է, որ «Ռոսնեֆտը» մոտ 400 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ պետք է անի հայկական քիմհսկա «Նաիրիտի» վերագործարկման համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---