ՄԱԿ-ը միանում է համաշխարհային հանրությանը՝ մտահոգություն հայտնելով ԼՂՀ ուղղաթիռի խոցման վերաբերյալ

ՄԱԿ-ը միանում է համաշխարհային հանրությանը՝ մտահոգություն հայտնելով ԼՂՀ ուղղաթիռի խոցման վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում մտահոգված են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում խոցված ուղղաթիռի հետ կապված միջադեպով: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ ղեկավարի մամուլի քարտուղար Ֆարհան Հաքը:

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին:

«Գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մտահոգությունը նոյեմբերի 12-ին հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ: Խոսքն այդ թվում խոցված ուղղաթիռի մասին է, որի հետևանքով մարդիկ են զոհվել»,-ասել է նա:

Գլխավոր քարտուղարը կոչ է արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրացմանը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քեյթ Բըրնսը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ բանակցային ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ն սատարում է համանախագահներին և ԵԱՀԿ ՄԽ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում, որոնք նպաստեցին լարվածության նվազեցմանը: Մենք ակնկալում ենք, որ նախագահները կշարունակեն երկխոսությունը նաև գալիք տարում՝ նպատակ ունենալով անցնել պաշտոնական բանակցություններին ու վստահության միջոցների մշակմանը: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասվում է հայտարարության մեջ:

Նա նշել է նաև, որ ԱՄՆ կառավարությունն ափսոսանք է հայտնում նոյեմբերի 12-ի զոհերի համար և ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին: «Մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և խուսափել իրավիճակը սրող քայլերից: Ինչպես այսօր ասել է իր հայտարարության մեջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է գործակցությանը հակամարտության կողմերի հետ հանուն խաղաղ կարգավորման»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Facebook-ի էջում գրել է. «Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաեւ իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենք պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»:

Ընթերցեք նաև. Եվրախորհրդարանական. Ուժ չկիրառելու Բաքվի պարտավորությունները ոչ մի գին չունեն

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---