Պուտինը ցավակցել է Գյումրիում արյունալի սպանության համար․ ՀՀ-ում է Անդրեյ Մալախովը

Պուտինը ցավակցել է Գյումրիում արյունալի սպանության համար․ ՀՀ-ում է Անդրեյ Մալախովը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այդ մասին ՌԴ նախագահն ասել է Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ կիրականացվի համակողմանի արդյունավետ քննություն, և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը։

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատել է։Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ավելի ուշ հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել, ապա նաընդունել է իր կատարած հանցանքը։

Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի իրավապահ մարմիններն ակտիվորեն շարունակելու են դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Երկու երկրի ղեկավարները կարևորել են այս հարցում երկրների իրավապահ մարմինների առավելագույն սերտ գործակցությունը:

Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ հայ և ռուս լավագույն բժիշկների ջանքերի արդյունքում Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած միակ անդամը՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը, կապաքինվի։

Վլադիմիր Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից Հայաստան հատուկ բժշկական ինքնաթիռ ուղարկելու՝ երեխայի հետագա բուժումը շարունակելու նպատակով նրան Մոսկվա տեղափոխելու համար։

Նախագահներ Սարգսյանը և Պուտինը քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Մինչ այդ, ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը Երևանում այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Սերյոժա Ավետիսյանին, որի առողջության համար այժմ պայքարում են հայ և ռուս բժիշկները: Տեղեկությունը հաստատել են ՀՀ առողջապահության նախարարությունից, գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ Գյումրիում բնակվող Արմինե Շիրոյանը նամակ էր գրել հաղորդավարին, որում դժգոհել էր Կրասնոդարում բնակվող հայերի վեճի մասին պատմող նրա հաղորդումից այն դեպքում, երբ օր առաջ ռուս զինծառայողը սպանել էր Ավետիսյանների ընտանիքի վեց անդամին: Մալախովն ավելի ուշ Twitter-ի իր էջում նշել էր, որ պատասխանել է նամակին:

Կարդացեք նաև՝ Պերմյակովին հանրային պաշտպան է տրամադրվել. Նրա անունը չի հրապարակվում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---