Շաբաթական 2 անգամ Բաղդադ-Երևան-Էրբիլ չվերթ է մեկնարկում

Շաբաթական 2 անգամ Բաղդադ-Երևան-Էրբիլ չվերթ է մեկնարկում

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին կկայանա առաջին չվերթը Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ, որը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Այս մասին հայտնել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը։

Կանոնավոր չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ շաբաթվա չորրորդ և յոթերորդ օրերին CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով:

Առաջին չվերթով Հայաստան կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ, հայտնում է Tert.am-ը:

«Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերության ներկայացուցիչն է «Ավիա-Սերվիս» ընկերությունը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քրդստանի ինքնավարության միջև կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունել է Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին և նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։

Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրեց ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը և ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց Իրաքի հյուսիսում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, և վերահաստատեց Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին։

Ավելի վաղ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով քրդերենից և արաբերենից բացի հայերենը, թուրքմեներենը եւ ասորերենը դառնում են պաշտոնական լեզու:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---