Երևանը պահանջում է Բաքվից հետաքննել ՀՀ գերեվարված քաղաքացու մահվան հանգամանքները

Երևանը պահանջում է Բաքվից հետաքննել ՀՀ գերեվարված քաղաքացու մահվան հանգամանքները

PanARMENIAN.Net - Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հանդիպումը: Նիստին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևին` խնդրելով քննարկել ադրբեջանական կողմի հետ ծագող խնդիրները Համակարգող խորհրդում քննարկելու հնարավորությունը:

ՀՀ գլխավոր դատախազը Երմոլաևին է փոխանցել Ադրբեջանի գլխավոր դատախազությանը հասցեագրված պահանջագիրը` քննել ադրբեջանցիների կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները, գործը գտնվում է Հայաստանի իրավապահ մարմինների վարույթում, հայտնում է Armenia Today-ը:

2014-ի օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, որը Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ եղավ»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն անցավ Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձվել է Հայաստանին 2014-ի հոկտեմբերի 10-ին:

Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---