Ռոբերտ Մորգենթաու. Հայերը միշտ խիզախություն են ցուցաբերել զավթիչներին դիմակայելիս

Ռոբերտ Մորգենթաու. Հայերը միշտ խիզախություն են ցուցաբերել զավթիչներին դիմակայելիս

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կազմակերպած ընդունելության արարողությունը, որին սեպտեմբերի 30-ին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ է ունեցել Հենրի Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մ. Մորգենթաուն:

Հիմնադրամի անդամները նրան հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը:

Նախագահը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին Հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել մոտ երկու տասնյակ կոնգրեսական, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան-Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն և այլոք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ:

«Ինձ համար մեծ պատիվ է իմ պապի անունից ընդունելու Վալենբերգի անվան մեդալը: Ռաուլ Վալենբերգի ժառանգությունը շատ անձնական արժեք ունի իմ ընտանիքի համար: Հայրս, Հենրի Մորգենթաու կրտսերը, Հոլոքոստի ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարն էր: Այն ժամանակ, երբ Հունգարիայի մոտ 12.000հրեա ամեն օր աքսորվում էին հստակ մահվանն ընդառաջ, նա հիմնեց Պատերազմի փախստականների խորհուրդը` վերաբնակեցնելու փախստականներին և փրկելու նրանց կյանքը: Վալենբերգն էր, ով ի վերջո տնօրինեց խորհուրդը, և վերջինիս քաջության ու անխոնջ ջանքերի շնորհիվ էր, որ 200.000 կյանք փրկվեց, և այն որպես մարդասիրական անձնազոհության օրինակ ծառայեց, և որի կարիքն աշխարհն այսօր այնքան ունի», - ասել է Մորգենթաուն:

Նրա խոսքով՝ հայերի սպանդի և տեղահանության, ինչպես նաև սպանությունները դադարեցնելու Հենրի Մորգենթաուի մարդասիրական ջանքերի իրազեկման գործընթացն աննախադեպ մակարդակի է հասել:

«Իրենց ամբողջ պատմության ընթացքում հայերը մեծ խիզախություն են ցուցաբերել զավթիչ բանակների տիրապետությունը դիմակայելիս: Զեյթունի ապստամբությունը, Վանի պաշտպանությունը և իհարկե, հայերի Մուսա լեռան պատմական դիմադրությունը. թվարկածներից յուրաքանչյուրը արտահայտում էր հպարտ ժողովրդի վճռականությունը, որ հոգով աննվաճելի էր, և չէր պատրաստվում հրաժարվել իր հավատքից կամ ինքնությունից: Սակայն ամեն անգամ օսմանյան ղեկավարները պատասխանել են ճնշող ուժով, ուժ, որը վերաճեց համատարած ցեղասպանության», - ասել է Մորգենթաուն:

Նրա խոսքով՝ Ցեղասպանության ժամանակ նրա պապն անձամբ ականատես է եղել, թե ինչ է տեղի ունենում, երբ աշխարհի խիղճը տեղի է տալիս զգուշավորությանը: Իսկ այդ ողբերգությունից հետո, նույնիսկ Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո, անգամ երբ լիովին նվիրված էր հայ փախստականների վերաբնակեցմանը, նրա ամենամեծ և տանջալից հիասթափությունն այն էր, որ նա չի տեսնում անկախ Հայաստանի վերահաստատումը:

«Այլ առիթներով ես ասել եմ, որ պետական կառույցներում պաշտոնավարման ընթաացքում իմ կյանքի հիմնականում քաջալարող սկզբունքները նրանք են, որոնք, իմ պապը Անատոլիայում իր ծառայությունից էր իր հետ բերել: Ես գնահատում եմ դրանք բոլորն անխտիր: Այդ արժեքների թվում են բոլոր այն ազատությունները, որոնք հետագայում պետք է ընդգրկվեին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: Սակայն կա ևս մեկ արժեք, որը նա պատգամեց մեզ. մեկը, որ կյանք է տալիս մնացած բոլորին. հանձնառություն, որ արդարությանը վերաբերող հարցերում, մենք երբեք չպետք է ընկրկենք», - ասել է Մորգենթաուն:

ՀՀ նախագահի խոսքով՝ Հենրի Մորգենթաու ավագին «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալով հետմահու պարգևատրելու նախաձեռնությունն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն ունի:

«Ձեր պապն առաջին ամերիկացին էր, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ դրանք որակելով «ազգի ոչնչացման արշավ»: Որպես Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան, անձամբ ականատես լինելով այդ արհավիրքին՝ հետագայում նա իր «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում գրելու էր. «Ես համոզված եմ, որ մարդկության ամբողջ պատմության մեջ չկա նման սարսափելի դրվագ, ինչպիսին սա է: Անցյալի զանգվածային սպանությունները և հետապնդումներն աննշան են թվում 1915-ին հայ ժողովրդի տառապանքների համեմատ: Մենք, թերևս, գործ ունենք մի նոր հանցագործության հետ, որի նպատակը բնաջնջումն է»: Ավելի ուշ Մորգենթաուի բնութագրած այդ նոր հանցագործությունն էր, որ Ռաֆայել Լեմկինի կողմից պիտի որակվեր որպես Ցեղասպանություն», - նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստեր մեզ են փոխանցվել Մորգենթաուի հուշերից: Նրա հուշագրությունն այսօր էլ երիտթուրքերի անմարդկային ու վայրագ հանցագործությունների կանխամտածված բնույթը փաստելու կարևորագույն սկզբնաղբյուրներից է:

Հենրի Մորգենթաուն 1913–16 թթ.-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։ Մորգենթաուի հոդվածները և գրքերն արժանահավատ վկայություններ են Հայոց ցեղասպանության մասին։ Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։

Նրա նախաձեռնությամբ է ստեղծվում Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն` Ամերկոմը ( American Committee for Relief in the Near East, ACRNE), որը հիմնադրվել է 1915 թ., Մերձավոր Արևելքի երկրների՝ պատերազմից տուժած և կարիքավոր բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ և այլն) պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։

Արձագանքելով դեսպան Մորգենթաուի կոչին, որ անհրաժեշտ է Մերձավոր Արևելքի կարիքավոր բնակչությանը անհապաղ օգնություն տրամադրել, ստեղծվում է մի հատուկ կոմիտե, որը ստանում ԱՄՆ պաշտոնյաների, ներառյալ, նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությունը: Կոմիտեն կարողացավ Պոլսում գտնվող ԱՄՆ դեսպանատան միջոցով գումար և հագուստ տրամադրել կարիքավորներին, որոնց օգնությունը բաշխվում էր շրջաններում գտնվող հյուպատոսների և միսիոներների միջոցով: Մոտավոր հաշվարկով տրամադրվել է 117 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն: Նպաստամատույց կոմիտեի գործունեության շնորհիվ փրկվել են տարածաշրջանով սփռված 132 000 հայ որբեր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---