Նախագահը՝ ԱՄՆ կոնգրեսում. Ադրբեջանի սադրանքների ներքո ԼՂՀ-ն չի մոռացվել, երկրի ուղին դեպի ազատություն անբեկանելի է

Նախագահը՝ ԱՄՆ կոնգրեսում. Ադրբեջանի սադրանքների ներքո ԼՂՀ-ն չի մոռացվել, երկրի ուղին դեպի ազատություն անբեկանելի է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն: Նախագահը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին Հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել մոտ երկու տասնյակ կոնգրեսական, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան-Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն և այլոք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ:

Կոնգրեսական ընդունելության ժամանակ նախագահը հանդես է եկել ելույթով, որի ավարտին հիմնադրամի անդամները Հենրի Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուին հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը: Կոնգրեսականները և հանդիպմանը հրավիրված մյուս գործիչներն ընդգծել են, որ, որպես Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամներ, այսուհետ էլ շարունակելու են մնալ Հայաստանի կողքին` օժանդակելով նրա համար կարևորագույն խնդիրների լուծման գործին և նպաստելով երկրի զարգացմանը, հզորացմանն ու բարեկեցությանը:

Սարգսյանը շնորհակալական խոսք է ուղղել ամերիկյան ժողովրդին, ԱՄՆ-ի Կոնգրեսին այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար:

«Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար, հավատացած եղեք, ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ բռնատիրությունը կատարելության հասցնելու ճանապարհն ընտրած Ադրբեջանի մշտական սադրանքների ներքո անգամ անկախ ու ժողովրդավարական պետության կառուցման իր ջանքերում ԼՂՀ մոռացության չի մատնվել: Աներկբա փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ուղին դեպի ազատություն, դեպի իր ապագան ինքնուրույն կերտելու վճռականություն և ժողովրդավարական հասարակության կառուցում անբեկանելի է: Այս առումով, ձեր շարունակական աջակցությունն իսկապես կենսական նշանակություն ունի մեզ համար», - ասել է Սարգսյանը:

«Այս միջոցառումը հարգանքի դրսևորում է ոչ միայն զոհերի, վերապրածների, նրանց ժառանգների, այլև ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ: Սա հավասարապես հարգանքի դրսևորում է բոլոր այն ժողովուրդների հանդեպ, որոնք երբևէ անցել են Ցեղասպանություն կոչվող արհավիրքի միջով: Սա ևս մեկ առիթ է ասելու, որ հանդուրժողականությունը, բազմակարծություն և իրավահավասարության հետ միասին, բարձր արժեքների ակունքներից է, բայց այն կարող է նաև հանցավոր լինել, երբ հանդուրժվում է չարը, երբ հանդուրժվում է անհանդուրժելին», - ասել է նախագահը՝ հավելելով, որ նման դեպքերում, ինչպես ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը. «Լռությունն աջակցում է ագրեսորին, բայց ոչ երբեք զոհին: Լռությունը խրախուսում է տանջողին, բայց ոչ երբեք տանջվողին: Երբեմն մենք պետք է միջամտենք: Երբ մարդկային կյանքը վտանգված է, երբ մարդկային արժանապատվությունն է վտանգված, պետական սահմաններն ու շահերը դառնում են ոչ կարևոր: Աշխարհի որ ծայրում էլ որ տղամարդ կամ կին հետապնդվեն իրենց ռասայի, կրոնի կամ քաղաքական հայացքների պատճառով, այդ վայրը պետք է դառնա տիեզերքի կենտրոնը»:

Սարգսյանի խոսքով՝ այս առումով Հենրի Մորգենթաու ավագին «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալով հետմահու պարգևատրելու նախաձեռնությունն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն ունի: «Պարո՛ն Մորգենթաու, Ձեր պապն առաջին ամերիկացին էր, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ դրանք որակելով «ազգի ոչնչացման արշավ»: Որպես Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան, անձամբ ականատես լինելով այդ արհավիրքին՝ հետագայում նա իր «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում գրելու էր. «Ես համոզված եմ, որ մարդկության ամբողջ պատմության մեջ չկա նման սարսափելի դրվագ, ինչպիսին սա է: Անցյալի զանգվածային սպանությունները և հետապնդումներն աննշան են թվում 1915-ին հայ ժողովրդի տառապանքների համեմատ: Մենք, թերևս, գործ ունենք մի նոր հանցագործության հետ, որի նպատակը բնաջնջումն է»: Ավելի ուշ Մորգենթաուի բնութագրած այդ նոր հանցագործությունն էր, որ Ռաֆայել Լեմկինի կողմից պիտի որակվեր որպես Ցեղասպանություն», - նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստեր մեզ են փոխանցվել Մորգենթաուի հուշերից: Նրա հուշագրությունն այսօր էլ երիտթուրքերի անմարդկային ու վայրագ հանցագործությունների կանխամտածված բնույթը փաստելու կարևորագույն սկզբնաղբյուրներից է:

Նախագահը հիշեցրել է, որ Մորգենթաուն էր Ամերիկյան նպաստամատույց կազմակերպության ստեղծման գաղափարախոսն ու ջատագովը: Այս կազմակերպության հարյուրավոր աշխատակիցներ տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում, լծվեցին որբախնամ գործին` վերահաս մահից փրկելով տասնյակ հազարավոր հայ որբերի: Դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ նա շարունակել է իր մարդասիրական գործունեությունը՝ օգնություն ցուցաբերելով հայրենիքից արտաքսված և զանգվածային կոտորածներից փրկված հայ, ասորի և հույն գաղթականներին: Սա ամերիկյան մարդասիրության խոսուն դրվագներից է:

Սարգսյանն ընդգծել է, որ Մորգենթաու անունը յուրաքանչյուր հայի համար անջնջելի է՝ որպես մի նվիրյալ, ով գերադասեց ճշմարտությունը լռությունից, ով նախընտրեց դժբախտության մեջ հայտնվածներին օգնելու անշահախնդիր, երբեմն էլ` վտանգավոր ճանապարհը: Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից հուշապատի վերջնամասում, ի թիվս Հայոց ցեղասպանության դեմ բողոք արտահայտած այլ մտավորականների ու գործիչների, ամփոփվել է նաև նրա շիրիմից բերված հողով սափորը։ Իսկ այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մորգենթաուի ընտանիքի անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել նրա հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվել է Մորգենթաուի հուշագրության հայերեն հրատարակությունը: Ավելին, հայկական փոստային ծառայությունը թողարկել է նրան նվիրված դրոշմանիշ, որի պաշտոնական մարման արարողությանը Վաշինգտոնում էր:

Հենրի Մորգենթաուն 1913–16 թթ.-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։ Մորգենթաուի հոդվածները և գրքերն արժանահավատ վկայություններ են Հայոց ցեղասպանության մասին։ Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։

Նրա նախաձեռնությամբ է ստեղծվում Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն` Ամերկոմը ( American Committee for Relief in the Near East, ACRNE), որը հիմնադրվել է 1915 թ., Մերձավոր Արևելքի երկրների՝ պատերազմից տուժած և կարիքավոր բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ և այլն) պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։

Արձագանքելով դեսպան Մորգենթաուի կոչին, որ անհրաժեշտ է Մերձավոր Արևելքի կարիքավոր բնակչությանը անհապաղ օգնություն տրամադրել, ստեղծվում է մի հատուկ կոմիտե, որը ստանում ԱՄՆ պաշտոնյաների, ներառյալ, նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությունը: Կոմիտեն կարողացավ Պոլսում գտնվող ԱՄՆ դեսպանատան միջոցով գումար և հագուստ տրամադրել կարիքավորներին, որոնց օգնությունը բաշխվում էր շրջաններում գտնվող հյուպատոսների և միսիոներների միջոցով: Մոտավոր հաշվարկով տրամադրվել է 117 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն: Նպաստամատույց կոմիտեի գործունեության շնորհիվ փրկվել են տարածաշրջանով սփռված 132 000 հայ որբեր:

Նախագահը հայտնել է, որ ամիսներ առաջ այցելել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան: Նրա խոսքով՝ այն ցեղասպանության հանցագործության առավել քան ազդեցիկ և խոսուն հիշատակարան է: Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որ երբեք չմոռացվեն պատմության դառը և արյունալի դրվագները:

«Բայց մենք չենք կարող մեր հույսը դնել միայն թանգարանների և հուշակոթողների վրա: Հավատարիմ «հիշում ենք» կարգախոսին՝ մենք պետք է անենք հնարավորինն ու անհնարինը՝ անվտանգ ապագա ապահովելու համար մեր սերունդներին: Ուստի, Մորգենթաուի և նրա հետնորդների առաքելության հանրահռչակումը մեծ կարևորություն է ստանում՝ ոչ միայն հայերի և ամերիկացիների ապագա սերունդների մեջ հիշողության պահպանման, այլև միջազգային մասշտաբով մարդասիրական դաստիարակության տեսանկյունից», - ասել է Սարգսյանը՝ նշելով, որ Ցեղասպանությունների կանխարգելումն ու դրանց ժխտման դեմ պայքարը այդ ճանապարհի կարևորագույն հանգրվաններից են:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ նաև ելույթ է ունեցել:

Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի և ԱՄՆ արևելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ: Նախագահը ողջունել և կարևորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը, բարձր գնահատել նրանց դերը նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում, քննարկել վերոնշյալ կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը, նաև` դրանց հեռանկարին վերաբերող հարցեր` նկատի առնելով արագ փոփոխվող աշխարհում ի հայտ եկող նոր իրողություններն ու մարտահրավերները, որոնք պահանջում են նորովի, համարժեք մոտեցումներ ու գործողություններ:

Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ իր աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումներն ու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70–րդ նստաշրջանում ունեցած ելույթի հիմնական շեշտադրումները, Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարված իրավիճակը, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Վերոնշյալ հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախագահին` սիրիահայության աջակցության խնդիրների լուծումը պետական հոգածության ներքո պահելու, Հայաստանում մեր հայրենակիցներին ապաստան տալու, նաև Սիրիայում նրանց հնարվորինս աջակցություն ցուցաբերելու համար:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:Սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:Տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.700 կրակոց` այդ թվում մոտ 160 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորվել 16-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ այլընտրանքի բացակայության դեպքում Ադրբեջանի «պատժիչ սուրը» հայկական կողմն է լինելու: «Երբ ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են», - նշել է նա: Նախագահը վստահեցրել է, որ նման իրավիճակում հայկական կողմը կստիպի Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար:

Կարդացեք նաև՝ Սարգսյանը՝ ՄԱԿ-ում․ Ընտրություն չկա, իրավական և ռազմաքաղաքական քայլերի կդիմենք՝ ապահովելու ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը

Սարգսյանն Օբամայի հետ համահայկական նշանակության հարցեր է քննարկել, Բան Կի Մունի՝ ԼՂՀ կարգավորումը

ՀՀ նախագահը` Նյու-Յորքում. Կարևոր է Իտալիայի և Շվեդիայի հավասարակշիռ մոտեցումը ԼՂՀ կարգավորմանը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---