Փաստաբաններ Ռոբերթսոն և Քլունի. ՄԻԵԴ-ի դատավճիռը չի վիճարկում Ցեղասպանության փաստը

Փաստաբաններ Ռոբերթսոն և Քլունի. ՄԻԵԴ-ի դատավճիռը չի վիճարկում Ցեղասպանության փաստը

PanARMENIAN.Net - «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավված ՀՀ-ն ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնըհամատեղ հայտարարություն են արել, որում նշում են, որ իրենք գոհ են կայացված վճռից, քանի որ «դատական լսումների շրջանակում բացառապես չի վիճարկվել Հայոց ցեղասպանության պատմական փաստի եղելությունը»։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում ընդունեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Դատարանը եզրակացրել է, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի՝ ազատ խոսքի իրավունքը: Որոշումը վերջնական է ու ենթակա չէ վերանայման:

«ՄԻԵԴ-ը վճռեց, որ հայցվորի խոսքի ազատության իրավունքը ոչ մի դեպքում չպետք է սահմանափակվի։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը բացառապես կասկածի տակ չառավ 1915-ի ցեղասպանության պատմական փաստը, ինչը նշանակում է, որ հայկական կողմի ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են»,-նշվում է հայտարարությունոմ, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

Փաստաբանները նաև մանրամասնել են, որ Հայաստանի կառավարությունը միջամտել է այս գործին միայն այն պատճառով, որ ՄԻԵԴ-ի ստորին պալատն ավելի վաղ կասկածի տակ էր դրել Ցեղասպանության փաստը։

«Ուստի մենք` որպես փաստաբաններ, որոշեցինք ուղղել այս կոպիտ սխալը, ու ՄԻԵԴ-ի Գերագույն պալատը հենց այդպես էլ վարվեց։ Այսօրվա դատավճիռը չի վիճարկում Ցեղասպանության փաստը. ավելին` 10 դատավորներն ասացին, որ Ցեղասպանության ճանաչման հարցն ընդհանրապես չի քննարկվելու, իսկ դատավորներից 7-ը հայտնեցին, որ Հայոց ցեղասպությունը պատմականորեն հաստատված փաստ է։ Բացի այդ, տվյալ դատավճիռը սատարում է հայերի` իրենց ազգային արժանապատվությունը պաշտպանելու իրավունքը»,- նշել են փաստաբանները։

Եվրոպական դատարանը Փերինչեքի գործով վճիչը կայացրել է դատավորների 10 կողմ և 7 դեմ ձայնի հարաբերակցությամբ:

Քլունին և Ռոբերթսոնը նաև հավելել են, որ խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունը կարևորող դատավճիռը լուրջ հետևանքներ կունենա Թուրքիայի համար, որտեղ արձանագրված են վատագույն ցուցանիշները խոսքի ազատության բնագավառում։

«Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի և նրա պես մարդկանց նկատմամբ իրականացվող հետապնդումները` վերջիններին մեղադրելով 301-րդ հոդվածը խախտելու, այն է՝ «թուրք ժողովրդին վիրավորելու» համար։ Մենք բոլորս կոչ ենք անում չեղարկել այդ հոդվածն ու դադարեցնել դրա շրջանակում իրականացվող բոլոր հետապնդումները»,-նշել են փաստաբանները։

Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ»:

2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Շվեյցարիայի դատարանների դատավճիռներում նշված է, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է, որը ճանաչված է երկրի օրենսդիր մարմնի կողմից:

Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվել էր «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը, որի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, իսկ 2014-ի հունիսի 2-ին դատարանը որոշեց գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում:

2014-ի մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը:

Կարդացեք նաև՝Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Ի՞նչ է նշանակում ՄԻԵԴ դատավճիռը

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---