ԼՂՀ ԱԺ. ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևերի ընդունումը՝ խնդիրն ուժով լուծելու քարտ-բլանշ

ԼՂՀ ԱԺ. ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևերի ընդունումը՝ խնդիրն ուժով լուծելու քարտ-բլանշ

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված հակահայկական երկու բանաձևի նախագծերի հետ կապված։

ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»:

«Ղարաբաղյան կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել միջազգային կառույցների հետ գործակցության հարցերում, սակայն մենք անընդունելի ենք համարում միակողմանի և կանխակալ զեկույցներն ու դրանցում տեղ գտած ձևակերպումները: Ակնհայտ է, որ նշված զեկույցները և նախագծերը՝ ԵԽԽՎ նորմերի և սկզբունքների խախտմամբ, կազմվել են միայն մեկ՝ ադրբեջանական կողմի տեսակետների հիման վրա՝ հաշվի չառնելով հայկական կողմերի առաջարկությունները և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային միջնորդ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշումը», - ասված է հայտարարությունում:

Խմբակցությունները նշում են, որ Ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գծում լարվածության աճի ֆոնին Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը սատարող բանաձևերի ընդունումը Բաքվի իշխանություններին ոչ միայն հնարավորություն կտա շարունակել լարվածության նվազեցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների անտեսումը, այլև կարող է ընկալվել որպես հակամարտությունը ուժային մեթոդներով լուծելու քարտ-բլանշ։

Ցանկացած կողմնակալ, միջազգային միջնորդների հետ չհամաձայնեցված գործողություն կարող է խախտել այն փխրուն հավասարակշռությունը, որը ներկայիս լարված իրավիճակը բաժանում է լայնամասշտաբ պատերազմից։

«Նկատի առնելով վերոնշյալը և ընդունելով Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, իրավական պետության և օրենքի գերակայության սկզբունքների տարածման առաջատար կառույց, մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում Խորհրդարանական վեհաժողովի մեր հարգարժան գործընկերներին՝ հավատարիմ լինել Եվրոպայի խորհրդի նպատակներին ու առաքելությանը և զերծ մնալ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող փաստաթղթերի ընդունումից», - նշվում է հայտարարության մեջ:

Հարցի շուրջ ԵԽԽՎ անդամներին դիմել են նաև ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունները։ Քաղաքացիական հասարակության առաջնորդների հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է. «Միլիցա Մարկովիչի և Ռոբերտ Ուոլթերի նախապատրաստած զեկույցների վերնագրերն արդեն իսկ խոսում են դրանց կանխակալության և ադրբեջանամետ բնույթի մասին։ Անաչառությամբ աչքի չեն ընկնում նաև այդ զեկույցների հիման վրա պատրաստված բանաձևերի նախագծերը։

Լինելով տարբեր մակարդակներով խաղաղ երկխոսության և գործակցության կողմնակիցներ՝ ափսոսանք ենք հայտնում, որ փաստաթղթերի տեքստերը կազմվել են առանց ԵԽԽՎ զեկուցողների Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու և հանրապետության իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հաղորդակցության ու փոխգործակցության»։ ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները ԵԽԽՎ անդամներին նախազգուշացրել են, որ բանաձևերի նախագծերի հնարավոր ընդունումը խիստ բացասական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։

«Ձեր քննարկմանը ներկայացված փաստաթղթերն ընդհանուր ոչինչ չունեն խաղաղ գործընթացի հետ, հետապնդում են քարոզչական նպատակներ և կարող են որոշակի առավելություններ տալ Ադրբեջանի իշխանություններին, որոնք հակառակ ստանձնած պարտավորություններին, չեն բացառում ուժային մեթոդների կիրառումը քաղաքական հիմնախնդիրների լուծման ժամանակ, մշտապես և կոպտորեն խախտում են հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, իրենց երկրում հետապնդումների են ենթարկում քաղաքացիական ակտիվիստներին, այդ թվում նաև՝ խաղաղարար նախագծերի մասնակիցներին»,- նշում են դիմումի հեղինակները։

Արցախի քաղաքացիական հասարակության առաջնորդները համոզմունք են հայտնել, որ ԵԽԽՎ-ն կարող էր օժանդակել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, բացառապես հակամարտող բոլոր երեք երկրներում քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը աջակից լինելու միջոցով։

«Ժողովրդավարական առումով զարգացած Ադրբեջանի, ԼՂՀ-ի և Հայաստանի Հանրապետության համար զգալիորեն դյուրին կլիներ ընդհանուր արժեհամակարգի հիման վրա խաղաղ և երկարաժամկետ լուծում գտնել ադրբեջանա-ղարաբաղյան ձգձգված հակամարտության համար»,- ասված է փաստաթղթում։ Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները խնդրանքով դիմել են ԵԽԽՎ անդամներին՝ ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ ներկայացված բանաձևերի ընդունումից, որոնք ուղղված են ինչպես ԵԱՀԿ հովանու ներքո պաշտոնական բանակցային գործընթացի (TrackI), այնպես էլ ժողովրդական դիվանագիտության (TrackII) խափանմանը։

Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

Կարդացեք նաև՝ Demokrathaber. ԵԽԽՎ-ում ԼՂ խնդրի վերաբերյալ 2 օրինագիծը՝ գաղտնի համաձայնության արդյունք

Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել

ԱԺ փոխնախագահ. ԵԽԽՎ-ում փորձում ենք բացատրել հակահայկական զեկույցների ընդունման վտանգը

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---