Կոնգրեսին է ներկայացվել 2017-ին ՀՀ և ԼՂՀ-ին տրամադրվելիք օգնության ծրագիրը

Կոնգրեսին է ներկայացվել 2017-ին ՀՀ և ԼՂՀ-ին տրամադրվելիք օգնության ծրագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին և Սենատին է ներկայացրել ամերիկահայ համայնքի՝ 2017 ֆինանսական տարվա համար հատուկ հատկացումների առաջարկները։

Քարաքաշյանի ներկայացրած առաջնահերթ խնդիրներից են.

1. Արցախին, ներառյալ՝ Ստեփանակերտում բարոնուհի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնին հատկացվող օգնության ավելացումը։

2. Բաքվին հատկացվող ռազմական օգնության ամբողջական դադարեցում՝ մինչև Ադրբեջանը չհամաձայնի հետ քաշել իր դիպուկահարներին ու ծանր զինտեխնիկան, ինչպես նաև չդադարի սահմանից հարձակումները, պատերազմի վերսկսման սպառնալիքները և չհամաձայնի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։

3. $10 մլն տրամադրել Հայաստանին օգնության համար՝ Սիրիայից ժամանած փախստականներին աջակցություն տրամադրելու նպատակով։

Հաղորդվում է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ի տարբեր մասերում գտնվող Հայաստանի բարեկամներն էլեկտրոնային փոստով կապ են հաստատել իրենց ներկայացուցիչների հետ և կոչ արել նրանց միանալ Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդի և Ֆրենկ Փալոունի նամակին, որը Հայաստանի հետ կապված օտարերկրյա օգնության համանման դրույթներ է պարունակում, գրում է Tert.am-ը:

2016-ի փետրվարին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը: ANCA-ի պահանջները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---