Կարմիր խաչ. Սպանվածների և անհետ կորածների հարցով սպասում ենք ԼՂ հիմնախնդրի կողմերի քայլերին

Կարմիր խաչ. Սպանվածների և անհետ կորածների հարցով սպասում ենք ԼՂ  հիմնախնդրի  կողմերի քայլերին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը լրացուցիչ պատվիրակներ է ուղարկել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:

Կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակում սովորաբար աշխատում է 15 մարդ, այս օրերին ԼՂՀ է ուղարկվել ևս երեք պատվիրակ, որից մեկը իրավաբժշկական փորձագետ է: Ամատունու խոսքով, անհրաժեշտության դեպքում նրանց թիվը կավելացվի: Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ են ուղարկվել բժշկական փաթեթներ, գրում է Panorama.am-ը:

«Այս պահին որևէ նորություն չունենք, քանի որ սպասում ենք իշխանությունների կողմից քայլերի, որպեսզի կարողանանք զբաղվել այն հարցերով, որոնք վերաբերում են սպանված զինվորների կամ անհայտ կորածներին: Այս պահին որևէ նորություն չունենք»,- ասել է նա:

Ամատունին նշել է, որ իրենց ձեռքի տակ, բացի պաշտոնապես հրապարակված տվյալներից, այլ տեղեկություններ չկան. «Մենք հետևում ենք իրավիճակին, միայն կողմերից հաստատում ստանալու դեպքում կարող ենք գործել: Առայժմ կողմերից ոչ մեկից հաստատում չենք ստացել»:

Ավելի վաղ ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը հայտարարել էր. «Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ: Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը»:

Ապրիլի լույս 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով:

Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների 4 օր տևած թեժ մարտերում ոչնչացվել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնություն՝ բանակցային գործընթաց անցկացնելու համար:

ԼՂՀ վարչապետի խոսնակ. Ադրբեջանցիների դիակների հանձնման հարցով կապի մեջ ենք Կարմիր Խաչի հետ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---