Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող երթեր՝ Վարշավայում և Բրյուսելում

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող երթեր՝ Վարշավայում և Բրյուսելում

PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլի 24-ին Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնը կրկին հայաշատ էր: Տարբեր քաղաքներից Վարշավա էին ժամանել բազմաթիվ հայեր ու լեհեր, ինչպես նաև մի քանի քուրդ երիտասարդներ՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Նույն օրը Վարշավայի Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից մատուցվել է Սուրբ պատարագ: Այնուհետև ներկաները շարժվել են Վարշավայի 1944 թ. Ազատագրման հրապարակ, որտեղից էլ սկսվել է բողոքի երթը, որը կազմակերպվել էր Լեհաստանում Հայ առաքելական Սբ. եկեղեցու և Հայկական երիտասարդական միության համատեղ ջանքերով, հայտնում է «Ա1+»-ը:

Երթն, ավարտվել է Նիկոլայ Կոպերնիկոսի արձանի մոտ, որտեղ լեհերեն և հայերեն ելույթներով հանդես եկան Լեհաստանի հայկական երիտասարդական միության նախագահ Բաբկեն Խանզադյանը և փոխնախագահ Հովհաննես Գևորգյանը՝ դատապարտելով Թուրքիայի քաղաքականության համար և համախմբումի կոչ ուղղելով համայն հայ ժողովրդին: Խոսել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Հասմիկ Դաշտոյանը:

Այնուհետև ներկաները շարժվել են Վարշավայի հայկական պուրակ, որտեղ տեղադրված խաչքարի առջև հայր Տաճատի ձեռամբ հնչեցվել է աղոթք:

Ելույթի ավարտին տեղի է ունեցել մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն:

Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ բողոքի երք է տեղի ունեցել նաև Բրյուսելում: Հաղաքվել է մոտ 1000 ցուցարար, որոնք հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և միջազգային հանրությանն ուղղված կոչերով երթեր և բողոքի ցույցեր են անցել, մասնավորապես, Ստեփանակերտում, Թբիլիսիում, Ախալքալաքում, Ախալցխայում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Գլենդելում, Լոս Անջելեսում, Ստամբուլում, Թեհրանում, Ամստերդամում, Լիբանանում, Երուսաղեմում: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցվում Վատիկանի Սբ Պետրոս տաճարում:

Կարդացեք նաև՝ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից (Ֆոտոշարք)

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---