39  25.04.16 - Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված 60.000-անոց ցույցը Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության մոտ

Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին

Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին

PanARMENIAN.Net - Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանի դրոշներով և պաստառներով ապրիլի 24-ին հավաքվել էին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդարության կոչով մանուշակագույն և սև շապիկներ կրող ցուցարարները հատուցում էին պահանջում:

Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով ցույցին մասնակցել է մոտ 60.000 ցուցարար: Նրանք վանկարկում էին. «Ձեռքերդ հեռու մեր հողից», «Արևելյան Թուրքիան դա Արևմտյան Հայաստանն է»:

«Այսօր մենք բոլորս հայ ենք: Մեզ այստեղ համախմբել է արդարության պահանջը»,-ասել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` դիմելով ցուցարարներին:

Ցույցին մասնակցել են տարբեր տարիքի մարդիկ, շատերը եկել էին երեխաների հետ, որպեսզի նրանք քաջատեղյակ լինեն հայ ժողովրդի պատմությանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի նախագահ Նորա Հովսեփյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը կշարունակի համախմբվել ամեն տարի, քանի դեռ Թուրքիան և ԱՄՆ-ն չեն ճանաչել 1915 թ. Ցեղասպանությունը, որի արդյունքում 1,5 մլն մարդ է զոհվել:

Հարավային Կալիֆորնիայի հայկական համայնքն ամենամեծն է Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես հայտնում է LA Times-ը, Լոս Անջելեսում ավելի քան 200 000 հայ է ապրում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---