Փայլան. Հայ լինելու պատճառով Մեջլիսում հարձակման ենթարկվեցի

Փայլան. Հայ լինելու պատճառով Մեջլիսում հարձակման ենթարկվեցի

PanARMENIAN.Net - Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է մայիսի 2-ին մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքը:

Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Փայլանի խոսքով՝ իրեն մեղադրում են նիստի ընթացքում սադրանքներ հրահրելու մեջ, որի հետևանքով էլ առաջացել է ծեծկռտուքը։ Հայազգի պատգամավորը կտրականապես հերքել է այդ պնդումները, ասելով, որ նիստի սղագրությունները պահպանվել են, և ինքը որևէ սադրիչ արտահայտություն չի հնչեցրել։

«Ակնհայտ է, որ ինձ թիրախ էին դարձրել։ Մի քանի պատգամավորների հստակ նշանակետը ես էի, մոտ 20-30 վայրկյան թիրախը ես էի, և այդ ընթացքում ստացա բռունցքի մոտ 100 հարված», Bianet.org-ին հղումով գորում է Aravot.am-ը։

Փայլանն ասել է, որ չի պատրաստվում դատի տալ իրեն հարվածողներին՝ տեղի ունեցածը թողնելով Սահմանադրական հանձնաժողովի խղճին։ Փայլանն ասել է նաև, որ իր՝ հարձակման ենթարկվելու պատճառներից մեկը հայ լինելն է.

«Այնտեղ հնչած ատելությամբ լի արտահայտությունները վերաբերվում էին իմ ազգային պատկանելությանը։ Նրանք չկարողացան մարսել, որ ոմն հայ շիտակ կանգնում և բացահայտում է իրենց ստերը: Նրանք ուզում են իրենց դիմաց տեսնել ենթարկվող հայի»։

Ապրիլի 22-ին Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան էր տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:

Մարտի 6-ին Գարո Փայլանի պահանջով Թուրքիայի խորհրդարանն ընդհատել էր աշխատանքը: Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, Փայլանը հայտարարել էր, որ սովորաբար խորհրդարանում ընդմիջում է հայտարարվում ուրբաթօրյա նամազի համար, ուստի նա պահանջել է ընդմիջում հայտարարել նաև եկեղեցու կիրակնօրյա այցելության համար: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահն ընդունել է հայազգի պատգամավորի պահանջն ու 40 րոպեով ընդհատել է խորհրդարանի աշխատանքը` հնարավորություն տալով նրան եկեղեցի այցելել: Գարո Փայլանն, իր հերթին օգտվել է ընդմիջումից և եկեղեցի է գնացել, որը գտվում է խորհրդարանի հարևանությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---