Ռուս պաշտոնյա. Մոսկվան պահպանում է պարիտետը Երևանին և Բաքվին զենք վաճառելու հարցում

Ռուս պաշտոնյա. Մոսկվան պահպանում է պարիտետը Երևանին և Բաքվին զենք վաճառելու հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ջանքեր է գործադրում պահպանելու համար հավասարության սկզբունքը Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, հայտնում է «Իզվեստիան»:

«Ամեն ինչ պետք է լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Ի վերջո, ես այդպես չէի դնի հարցը` ազդել են արդյոք մեր փոխհարաբերություններն այս կամ այն երկրի հետ նրանց հետ մեր ռազմատեխնիկական գործակցության վրա: Ռազմատեխնիկական գործակցության գլխավոր խնդիրը ինչ-որ մեկին օգնելը չէ: Գլխավոր խնդիրը, որքան էլ պարադոքսալ է, խաղաղությունն ու կայունությունը պահպանելն է կոնկրետ երկրում, տարածաշրջանում և աշխարհում»,-ասել է Ֆոմինը` անդրադառնալով Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու հարցերին:

«Նույնիսկ եթե պարիտետ կա կամ առավելություն հօգուտ այս կամ այն կողմի, դա որոշիչ չէ: Հակամարտությունները սկսվում են անկախ նրանից, թե կողմերից մեկն ավելի լավ է զինված, կամ ավելի վատ: Այնուամենայնիվ, հարկավոր է ձգտել պարիտետի և ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է դրա համար»,-ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե չի եղել արդյոք վրդովմունք կողմերից մեկի մոտ` հակառակորդին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով` Ֆոմինն ասել է, թե ՌԴ ռազմատեխնիկական գործակցության համակարգը կոչված է չվնասելու, այդ թվում կոնկրետ տարածաշրջանում: «Բոլոր որոշումները մենք կայացնում ենք նախապես հաշվի առնելով սուր իրավիճակները տարածաշրջանում: Չի կարելի ասել, թե մենք սպասում ենք` կլինի սրացում , թե չի լինի: Կա որոշակի պարիտետ, մենք առաջնորդվում ենք այն դրույթով, որ հակամարտությունները չպետք է լուծվեն զենքի ուժով»,-նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարել էր, որ ռուսական 200 միլիոն դոլարի պայմանագիրը՝ Հայաստան զինամթերք մատակարարելու մասին, իրականացման փուլում է: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

Մինչդեռ Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---