Վարչապետ. Անապահով խավը գազի ու էլէներգիայի համար պիտի ավելի քիչ մուծի՝ այլ սպառողների հաշվին

Վարչապետ. Անապահով խավը գազի ու էլէներգիայի համար պիտի ավելի քիչ մուծի՝ այլ սպառողների հաշվին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր առաջին հանձնարարականները: Նրանցից մեկը, մասնավորապես, վերաբերում է սոցիալական խնդիրներին:

Վարչապետ Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկային և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկել է համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:

«Խոսքը վերաբերում է նրան, որ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինն ի հաշիվ այլ սպառողների՝ տրամաբանական է: Պետք է ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար: Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն, և այս ամենը պետք է արվի ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայություններն են մատուցում»,- ասել է Կարապետյանը:

Վարչապետի կողմից բարձրաձայնած այլ հարցերից մեկն առնչվում էր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Վարչապետն ասել է, որ ստեղծում է նոր հանձնաժողովներ, բայց այս պահին ցանկանում է Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարականը ձևակերպել:

«Առաջին հերթին՝ մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում: Երկրորդ՝ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում և գործունեության թափանցիկության ապահովում պետք է լինի»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ այս գործողությունները պետք է կատարվեն առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու, մեջբերում է Panorama.am-ը:

«Աշխատակազմին նախապատրաստել ավելի մանարամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարոն Հովսեփյան, դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու: Որևէ ձևակերպում, որևէ ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը»,- նշել է վարչապետը:

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է, թե ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր: Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով»:

Նրա խոսքով, որոշելու են, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու:

Կարդացեք նաև՝Վարչապետ. Սոցիալական լարվածության իջեցմանը, բիզնեսի զարգացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվելու

Կարեն Կարապետյան. Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---