Վարչապետ. «Վեդի Ալկո»-ն պարտավորությունները չի կատարում, հնարավոր է պետկառավարում

Վարչապետ. «Վեդի Ալկո»-ն պարտավորությունները չի կատարում, հնարավոր է պետկառավարում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր նիստում հանձնարարական է տվել գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին՝ կապված խաղողի գնման գործընթացի կազմակերպման հետ:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, ուստի պետք է հայեցակարգ մշակել:

«Այսօր ակտուալ խնդիր կա Աղավնաձոր գյուղում, որտեղ «Վեդի Ալկո»-ն ունի պարտավորություններ, որը չի կատարել: Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես այդ խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք», - ասել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:

Նա նաև հայտնել է, որ այլ տարբերակ էլ կա՝ ամենօրյա հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ. «Մենք մեր վերամշակող գործարաններում ունենք բավականին ժանգոտած կառավարման համակարգ»:

Մինչ այս աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, փողոցներ փակել, մոտ մեկ ամիս առաջ էլ գյուղ էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել, որ հարցը կլուծվի: Սեպտեմբերի 1-ին գյուղացիները փակել էին դպրոցը՝ աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել:

Խնդիրը հիմնականում «Վեդի Ալկո» ընկերության հետ է կապված, որը տասն ամիս առաջ մթերումներ է կատարել այստեղ: Գյուղապետարանի տվյալներով՝ մոտ 140 միլիոն դրամի մասին է խոսքը: Այլ գործարաններ ևս որոշակի պարտքեր ունեն, բայց հիմնական պարտքը «Վեդի Ալկո»-ինն է:

Գործարանի տնօրենը նշել էր, որ իրենք ստիպված են եղել մթերել խաղողը՝ վարչապետի և գյուղնախարարի հորդորներով, և գումար չունեն վճարելու համար: Նա ասել է, որ իրենք նախապես էլ գյուղացիներին տեղեկացրել էին, որ վճարումը կարող է երկար ժամանակ ձգձգվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---